Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Կինը - 1

Դու խնդրում ես ինձ` թույլ տալ նստել պատուհանի մոտի նստարանին, ես շրջվում եմ ու բացում այնտեղ տանող քո արահետը: Նստելով ասում ես` "շնորհակալություն": Չես ասում, շշնջում ես: Հիշու՞մ ես հոկտեմբերյան այն առավոտը, երբ դու, պարտաճանաչդ, եկար հանդիպման, առավոտ վաղ, ստիպված վաղ: Դող կար մեջդ, սարսափելի մրսում էիր, բայց այլ դող էր, միջիցդ կանացիությունը քամող, թիկունքիցդ սառը բարձրացող ու ծոծրակդ տաքացնող դող: Հիշում ես: Արդեն եկել էր, դունչը դնչիդ դեմ արած` շնչում էր քեզ, դու շնչում էիր կյանքը: Դնչիցդ, վզիցդ բարձրացող շունչը քամում էր երազդ ու մաճառում երակներիդ մեջ: Բերանումդ մնաց նրա դարչնի համն ու դնչի ծակող մազերը, երազումդ մնաց նա` ավելացող, հետո` թնդացող համով, հետո` անհամ... Աստված: Հրաժեշտի փողոցի մայթին հասնելիս խանգարեց այս վաղ առավոտով փողոցը մաքրող ծերացածը, բաժանեց, տրոհեց, ջլատեց հեռացումից առաջ այդ հեռացումը:
Բերանումդ` դարչնահամ, ձեռքիդ նոտաների տետր բռնած` իբրև լռության երաժշտություն, աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած, նստեցիր մոտակա նստարանին... Ծերացածը անցավ մոտովդ, ծերացումդ սկսվեց...
Այսօր նստած ես պատուհանի մոտի նստարանին, երիտասարդացումի հմայքին` նվիրումով սպասող, նրա սպասումը աշխարհից բաժանումիդ սահման դարձրած, նրան ասած` "սպասիր"-ը` աշխարհին ուղղված` շնորհակալություն դարձրած...
Խնդրեմ, Կին...
Քո մտորումները կարդալով՝ մարդ կարող է զգալ ու մտածել սովորել, բառիս բուն իմաստով:
Երբեք չէր մտածի, թե մտորում կոչված տասը տողը կարող է այսքան բան ասել... էնքան խորն է, որ լողալ չիմացողը մինչև խորքը այդպես էլ չի հասնի, բայց չի խեղդվի, որովհետև գրածդ խեղդող չի, այլ փրկող... Փրկում է պարզամտությունից, սև ու սպիտակից բացի մնացած բոլոր գույները տեսնելու անկարողությունից, զգայարանների ժանգոտումից, ուղեղի ծալքերի թառամումից, կյանքն ու մարդուն հասկանալու բացարձակ անընդունակությունից: Երանի թե կարդալով ամեն մեկը սովորի գտնել իր փրկությունը...

Հ.Գ. «աչքերիդ` ապագա արցունքների չորությունը պահած»... էս ինչ գժվելու միտք է...