«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ» ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
Որ արտահերթ զեկույցից հետո իշխանական բոլոր կառույցները հարձակվելու են օմբուդսմենի վրա` ի սկզբանե պարզ էր: Իշխանություններն Արմեն Հարությունյանին «իրենց մարդ» էին համարում եւ ակնկալում էին այնպիսի զեկույց, որն առանձնապես չտարբերվի դատախազության «պաշտոնական տեսակետից»: Բայց օմբուդսմենի հասցեին ասես դիրիժորական փայտիկով հրահանգավորված մեղադրանքներից մեկին արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն: Բանն այն է, որ ի թիվս այլ «մահացու մեղքերի» նրան մեղադրում են նաեւ այն բանի համար, որ իր զեկույցը կազմելիս հենվել է նաեւ «ընդդիմադիր մամուլում տեղ գտած» հրապարակումների վրա», մինչդեռ, ըստ հանրապետական պատգամավորների, պիտի հենվեր բացառապես «պաշտոնական լրատվության վրա»:
Ամոթ չլինի հարցնելը` իսկ դուք մարտի 1-ին հաջորդած քսան օրերի «պաշտոնական լրատվությունը» հիշո՞ւմ եք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես փոխոստիկանապետ (ներկայումս գործազուրկ) Արարատ Մահտեսյանը «պաշտոնապես» հայտարարեց, թե ոստիկանությունն ընդհանրապես հրազեն չի կիրառել: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր «Հայլուրը» (որն, ի դեպ, առաջիկայում ամենայն հավանականությամբ կկանգնի դատարանի առջեւ) ռեպորտաժներ հաղորդում Ազատության հրապարակի «զինված թմրամոլների» մասին: Ի վերջո` ո՞րն էր այդ «պաշտոնական լրատվությունը»: Ա՞յն, որ մարտի 1-ի սպանդից ժամեր անց հայտարարվեց, թե «բախումների ընթացքում ութ հոգի վիրավորվել են», եւ սա այն դեպքում, երբ «ընդդիմադիր մամուլն» արդեն գիտեր ութ զոհերի եւ 200-ից ավելի վիրավորների մասին: Եվ ընդհանրապես, ի՞նչ «պաշտոնական լրատվության» մասին է խոսքը: Հայաստանում պաշտոնական լրատվություն չկա. գոյություն ունի ռեժիմին սպասարկող կառույց (դատախազության կամ ոստիկանության նման մի բան), որի միակ նպատակն իշխանությունների «տեսակետը» տեղ հասցնելն է: Գոյություն ունեն բազմաթիվ իբր մասնավոր հեռուստաընկերություններ, որոնց իրավունք է տրված ցուցադրել «Հայլուրի» «դաբրոն» ստացած կադրերը եւ ընթերցել Ազգային անվտանգության ծառայության ուղարկած տեքստերը: Իսկ հիշո՞ւմ եք, թե մարտի 1-ին հաջորդած 20 օրերի ընթացքում ինչով էր զբաղված «ազատ, բայց պատասխանատու մամուլը»: Դատախազությունից «մեյլով» ստացված նյութերն էին տպագրում, ու եթե չէին ալարում, վերեւում երեք բառ էին ավելացնում` «մեր տեղեկությունների համաձայն»:
Այո, եթե չլիներ «ընդդիմադիր մամուլը», շատ-շատերն այդպես էլ չէին իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Քսան օր շարունակ անկախ թերթերը լույս չէին տեսնում, բայց շարժումը կարողացավ տեսասկավառակների միջոցով ճշմարտությունը տեղ հասցնել, իսկ թերթերի հրատարակումը վերսկսելուց հետո ճշմարտությունը թաքցնելն այլեւս անհույս գործ էր: Օմբուդսմենն իր զեկույցում հիմնվել է «ընդդիմադիր մամուլի հրապարակումների վրա» մի պարզ պատճառով. վաղուց արդեն Հայաստանում որեւէ այլ տեղ ճշմարտություն գտնել հնարավոր չէ: Բա հո «Հայլուրի» վրա չէ՞ր հենվելու, որին եթե հավատալու լինենք` մարտի 1-ին մի խումբ ջհուդամասոն թմրամոլներ, ծածանելով թուրքական փողերով գնված իսրայելական դրոշները, հարձակվել են բացարձակապես անզեն ոստիկանության վրա, հետո սկսել տրանսպորտային միջոցներ հրկիզել ու իրար վրա կրակել` նպատակ ունենալով բռնազավթել իշխանությունը (ծրագիր-մաքսիմում) կամ գոնե բոյկոտել Սիրուշոյին (ծրագիր-մինիմում):
Ի դեպ, «ընդդիմադիր մամուլի հրապարակումների վրա հիմնվելով», օմբուդսմենը որեւէ օրենք չի խախտել, որովհետեւ, Հայաստանի օրենքների համաձայն, մամուլի հրապարակումները կարող են ընդունվել որպես «հաղորդում հանցագործության մասին»: Ռեժիմի կատաղության պատճառն այն է, որ օմբուդսմենը հենց այդպես էլ վարվել է: Միայն մի օրինակ բերենք. «պաշտոնական լրատվությունը» ծպտուն անգամ չի հանել այն մասին, որ մարտի 1-ի վաղ առավոտյան Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանն անձամբ եղել է Ազատության հրապարակում եւ անձամբ է տնային կալանքի ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ուրեմն օմբուդսմենն իրավունք չունե՞ր իր զեկույցում նշել այդ փաստը:
Մի խոսքով, հետաքրքիր իրավիճակ է: Ուշադրություն դարձրեք` որեւէ մեկն «ընդդիմադիր մամուլում հրապարակված փաստերի» ճշմարտացիությունը կասկածի տակ չի առնում: Օմբուդսմենի` դրանց վրա հիմնվելու «իրավաչափությունն» է կասկածի տակ առնում: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:
Մարկ Նշանյան
Էջանիշներ