Հայաստանում լայն ճանաչում են ձեռքբերում ֆասթ-ֆուդ ռեստորանները
Օրեցօր ավելի լայն ճանաչում են վայելում ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը դարձած արագ սննդի ռեստորանները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՙValletta Entertaining՚ ընկերության տնօրեն Մարինե ժամկոչյանը:
Նրա խոսքով, հանրապետությունում ֆասթ-ֆուդի մեծ պահանջարկը պայմանավորված է երկրի գործարար կյանքում զգալի թռիչքով և ժողովրդի մտածողության փոփոխություններով: ՙԲազմաթիվ ոլորտներում կյանքի եռանդուն ռիթմը ստիպում է հայերին անցնել այնպիսի սնման, որը տնտեսում է ժամանակը և հագեցնում քաղցը՚,- ընդգծել է նա`ավելացնելով, որ շուտով արագ սննդի շուկայում կհայտնվի ևս մեկ արտասահմանյան խոշոր խաղացող:ՙԴրանից հաճախորդները միայն կշահեն, քանի որ առողջ մրցակցությունը կհանգեցնի լրացուցիչ աճի՚,- նշել է նա:
Միաժամանակ Մ. Ժամկոչյանը տեղեկացրել է, որ ՙValletta՚ ընկերությունը հայտնի SFC Express-ի (Southern Fried Chicken) առևտրանիշի վստահագրյալն է /franchisee/: Այսօր նման ֆասթ-ֆուդ կենտրոններ Հայաստանում դեռևս երկուսն են`Իսահակյան 14 և Տիգրան Մեծի 12 փողոցներում: Բացի այդ, նրա խոսքով, ՙValletta՚ ընկերությունը տնօրինում է AFC (Armenian Fried Chicken) առևտրանիշով ֆասթ-ֆուդ կենտրոնների, որոնք նույնպես երկուսն են`Դ. Անհաղթի 21 փողոցում և Նորքի երրորդ զանգվածում գտնվող STAR սուպերմարկետում: Ըստ որում, մինչև ընթացիկ տարվա վերջը նախատեսվում է երրորդ AFC-ին բացել Հյուսիսային պողոտայում, իսկ 2008 թվականին`Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Երրորդ մասում, ինչպես նաև յումրի և Կիրովական քաղաքներում: ՙԱրագ սննդի այդ ռեստորանները կողմնորոշված են ոչ միայն հաստատությունում սնվելու, այլ նաև դրսից պատվերների համար: Ըստ որում, աշխատավայրում կամ տանը գտնվող հաճախորհրդին մոտոցիկլետներով սնունդը հասցվում է պատվերից 5-7 րոպե անց, եթե, իհարկե, խցանումները չեն խոչընդոտում՚,-նշել է նա: Խոսելով սննդի որակի մասին`զրուցակիցը նշել է, որ յուրաքանչյուր առավոտ SFC և AFC ստացվող ողջ մթերքն անցնում է մասնագետների փորձաքննությունը: ՙԻնչ վերաբերում է առողջության համար ֆասթ-ֆուդի վնասին, ապա մեր կերակրատեսակները չեն պարունակում նախատեսվածից ավելի ճարպեր և բարձր կալորիականություն չունեն: Համենայն դեպս, մինչ այժմ հաճախորդներից ոչ ոք չի բողոքել՚,-հավաստիացրել է Մ. Ժամկոչյանը:
Ինչ վերաբերում է SFC-ի և AFC-ի գնային քաղաքականությանը, ապա, զրուցակցի խոսքով, չնայած Հայհաստանում պարենամթերքի գների վերջին թանկացմանը`առաջիկայում այն փոփոխություններ չի կրի: Բացի այդ, ինչպես նշել է Մ. Ժամկոչյանը, արագ սննդի հիշյալ կետերում պարբերաբար անցկացվում են ակցիաներ`հօգուտ հաճախորդների:
Էջանիշներ