Ես օրագիր սկսեցի պահել, որովհետև պատահում էր, որ ուրազ էի լինում ու ուզում էի դրա մասին անպայման գրել: Հետո սկսեցի այնպես գրել, ասես գրածներս մի օր տպագրվելու են: Բայց դրանք այրեցի: Այնուհետև գրածս կոնկրետ մի մարդու էր հասցեագրված, որ որոշել էի տարիներ անց նրան հանձնել: Դա էլ այրեցի: Իսկ հետո արդեն գրում էի, որովհետև... չգիտեմ, թե ինչու... գրելս գալիս էր... անգամ երբ դրսում եմ լինում, ինչ-որ թղթի կտոր եմ որոնում, որ գրեմ... գրում եմ ամենուր՝ տանը, դասախոսությունների ժամանակ, գրադարանում, քաղաքից դուրս գտնվելիս, բուֆետում, Թամանյանի կամ Սարյանի արձանների մոտ նստած: Վերջին օրագիրս շատ տարօրինակ տեսք ունի. մեջը լիքը թղթեր կան փակցվաց: ՈՒ գրում եմ, որովհետև գրում եմ: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի դրանց հետ: Չեմ էլ ուզում իմանալ: Երբ կարդում եմ, կարոտում եմ... Իմ կյանքում, ցավոք, կարոտելու բաներ շատ կան... Երբեմնն զանգահարում եմ որագրիս «հերոսներին», որ տեսնեմ ինչպես են, կարոտես առնեմ: Իսկ գրածներս ուրիշների համար այլևս չեմ կարդում: Տարիներ առաջ, երբ դեռ մտերիմ ընկերուհիս չէր մահացել, գնում էինք այգի, և մենք մեր օրագրերը միմյանց համար ընթերցում էինք: Հետաքրքիր էին նույն իրադարձության տարբեր մեկնաբանությունները... Հետո մի այլ ընկերուհուս համար եմ կարդացել: Չնայած ինքն էր խնդրել, բայց կարծես այնքան էլ չհետաքրքրեց: Դրանից հետո մի անգամ էլ իմ մյուս ընկերուհու համար եմ կարդացել: Նրան հետաքրքրում էր, թե ինչ եմ մտածել իր մասին, երբ կռված էինք: Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
Հիմա նաև ինտերնետային օրագիր ունեմ, բայց դա մի քիչ թիթիզություն է, որովհետև միշտ հաշվի եմ առնում, որ ինչ-որ մեկը կարդալու է: Այդ պատճառով շատ բան եմ թաքցնում:
Իմ օրագրի գրառումներն էլ են հաճախ ստեղծագործության նյութ դառնում: Դրա համար ստեղծագործություններս էլ են շատ քչերը կարդում:
Էջանիշներ