
Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի (ԵՊՏՀ) դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար:
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր` քաղաքացուց 5 000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար` այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով:
Նրան սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք, որով նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի: Սակայն այսօր, երբ իր մեղադրական կարճ ճառն ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը, պարզվեց` Ճուղուրյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով` խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսվում է 2-6 տարի ազատազրկում:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ այսօր Արմեն Ճուղուրյանի դատավարությունն ընթացավ արագացված ընթացակարգով: Այսօր 2-րդ դատավարությունն էր, իսկ արդեն վաղը` դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, կհրապարակի դատավճիռը:
Դատավարությունը դեռ չսկսված ինչպես Ճուղուրյանը, այնպես էլ նրա հարազատները բավականին ագրեսիվ կերպով փորձում էին խոչընդոտել մեզ տեսանկարահանել: Դատավոր Ժորա Վարդանյանն էլ, տեղի տալով մեղադրյալի պահանջին, արգելեց տեսանկարահանումը:
Դատախազ Ամիրզադյանը դատարանից պահանջեց Արմեն Ճուղուրյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման` հաշվի առնելով նրա կատարած հանրորեն վտանգավոր արարքը:
Դատապաշտպան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե իրեն մեղավոր ճանաչել է եւ այս ամիսների ընթացքում կալանքի տակ գտնվելով` գիտակցել իր մեղքը: Նա իր խոսքում մեջբերեց ՀՀ Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի, ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանի, ինչպես նաեւ` մի շարք այլ դասախոսների ու ուսանողների բնութագրեր, որտեղ Արմեն Ճուղուրյանին բարձր գնահատականի են արժանացրել եւ նշել, որ նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Բացի այդ` նա բազմաթիվ մենագրությունների ու 100-ից ավելի գիտական ուսումնասիրությունների հեղինակ է:
Դատապաշտպան Էլբակյանը դատախազի պահանջած պատժաչափը համարեց առավելագույնս խիստ եւ դատարանին խնդրեց ավելի մեղմ պատիժ սահմանել, որն էլ պայմանականորեն չկիրառել:
Արմեն Ճուղուրյանն իր պաշտպանական ճառում դատարանից խնդրեց հաշվի առնել այն, որ ունի հաշմանդամ կին, անչափահաս երեխա եւ որ տան միակ աշխատողն ինքն է: Բացի այդ` նա ընդգծեց, որ գիտնական է, բավականին մեծ ավանդ ունի գիտության մեջ եւ այժմ էլ զբաղվում է գիտական լուրջ հետազոտություններով, որոնք, եթե դատապարտվի, չի կարող կատարել:
Նա ընդունեց, որ կաշառք վերցնելու հանցանք է կատարել, սակայն ինչպես նա հայտարարեց. «Դրդիչը, նախաձեռնողը ես չեմ եղել, այլ դիմացինը: Եթե ես ստիպեի կաշառք տալ, դա լուրջ հանցանք կլիներ: Ես ընդունում եմ, որ պահի ազդեցության տակ գայթակղվել եմ ու շատ եմ զղջում դրա համար»:
Էջանիշներ