Համաձայն եմ Arisol-ի հետ, որ երեխային, իհարկե, որոշ բաներ պետք է արգելվեն, բայց դա պետք է արվի ոչ թե «բոբոյավարի», ինչպես անում են շատ ծնողներ, այլ հանգիստ, մեղմ ու անպայման բացատրելով, թե ինչու չի կարելի անել տվյալ բանը, քանի որ միմիայն այդպես երեխան կարող է հասկանալ ու հետևել ծնողի ասածներին։ Այո, փորձը ցույց է տվել, որ պարզապես կատեգորիկ «Ո՛Չ» ասելով՝ երեխայի գլուխը ոչինչ էլ չես մտցնի, ավելին՝ նա կանի ճիշտ հակառակը, որովհետև բռնության պատասխանը միշտ էլ ապստամբությունն է։
Մի բան էլ է շատ կարևոր. երեխայի հետ հենց սկզբից էլ հարկավոր է վարվել հնարավորինս ինչպես հավասարը հավասարի հետ։ Հասկանալի է, որ դա ոչ միշտ է հնարավոր, քանի որ կան իրավիճակներ, երբ ծնողն ուղղակի ստիպված ցույց տալ իր, այսպես ասած, ավելի մեծ ու փորձառու լինելը, բայց ընդհանուր առմամբ հարկավոր է երեխայի հետ մտերմիկ ու ընկերական հարաբերություններ հաստատել։ Դա կարող է լինել, ասենք, որևէ չնչին, առօրեական հարցում երեխայի կարծիքը հարցնելը, նրա հետ խորհրդակցելը։ Դրանից երեխան իրեն պետքական ու արժեքավոր կզգա, կհասկանա, որ իր կարծիքը հաշվի են առնում, իրեն ստորադաս էակ չի զգա, որը միայն պարտավոր է կատարել մեծերի հրահանգները, քանի որ նրանք մեծ են, «շատ բան գիտեն», իսկ ինքը «փոքր է ու ոչինչ չի հասկանում»։
Ծնողը պետք է հենց սկզբից երեխայի մեջ իր նկատմամբ խոր վստահություն սերմանի, նրա հետ միշտ ազնիվ լինի, որովհետև երեխաները հաճախ լավ էլ զգում են սուտը, իսկ սուտ խոսող ծնողի նկատմամբ վստահության մասին այլևս խոսք լինել չի կարող։ Դրանից հետո ծնողը կարող է դադարել երեխայի համար հեղինակություն լինելուց, և նրա ամեն մի ասածը երեխան արդեն կասկածի տակ կառնի, իսկ դա արդեն խոր անդունդ է առաջացնում ծնողի ու երեխայի միջև, որը հաճախ այդպես էլ չի հաղթահարվում նրանց ողջ կյանքի ընթացքում, և դեռ գնալով ավելի է խորանում։
Խոսքս ամփոփելով՝ ասեմ, որ, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ ծնողը երեխային բացատրի իր բոլոր արգելքների պատճառն ու դրանք անտեսելու հետևանքները, իսկ հնարավորության դեպքում նաև ցույց տա այդ հետևանքները։ Դա շատ ավելի արդյունավետ կլինի։
Ինչ շատ գրեցի, բայց ինչքան բան էլ դեռ կա գրելու...
Էջանիշներ