Գերազանցիկ Նիկոլ Փաշինյանը մայր բուհից հեռացվել է, որովհետև...



Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքեց այն պնդումները, որ այդ ուսումնական հաստատությունից կարող են ուսանողներ հեռացվել՝ որևիցե քաղաքական հայացքներ արտահայտող հավաքների կամ ցույցերի մասնակցելու համար։

Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ուսանողը իրենց մոտից հեռացվել է միայն «վատ առաջադիմության և խուլիգանական արարքի դեպքում»։ Իսկ երիտասարդները, ըստ ռեկտորի, հենց նրա համար են, որպեսզի դուրս գան փողոց ու իրենց կարծիքն արտահայտեն։

«Եթե ցույց տաք, որ մենք ուսանողին հեռացրել են ոչ այն երկու պատճառների համար, որ ես նշեցի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»։

Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է ժամանակին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից հեռացվել ներկայումս կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Սիմոնյանը հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանը հեռացվել է, որովհետև երկու կիսամյակ անընդհատ չի ներկայացել քննությունների։

Խախտելով օրենքը, նրա դեկանը, հիմա արդեն երջանկահիշատակ Անանյանը նրան չէր ներկայացրել հեռացման։ Ի՞նչ եք կարծում, եթե դուք չհանձնեիք քննությունները, պիտի մնայիք ԲՈՒՀ-ում, հա՞։ Ով ուզում ա լինի...»

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, կալանքի տակ գտնվող Նիկոլ Փաշինյանի կայքում կան հրապարակված լուսանկարներ, որոնք փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ ուսման ընթացքում եղել է բացարձակ գերազանցիկ և մայր բուհից հեռացվել է լիովին այլ պատճառներով.

«1995 թվականին, երբ արդեն ավարտում էի հինգերորդ կուրսը, իմացա, որ ԵՊՀ ռեկտորատը ինձ համալսարանից հեռացնելու որոշում է կայացրել։ Որոշումը կայացվել էր քննաշրջանը սկսելու նախորդ օրը` ինձ քննություններ հանձնելու հնարավորությունից զրկելու համար։ Նման մարտավարության պատճառն այն էր, որ ռեկտորատը դեռ նախորդ քննաշրջանում փորձել էր ինձ համալսարանից հեռացնել` քննություններից կտրելու եղանակով։

Քննություն ընդունող բոլոր դասախոսները հանձնարարություն էին ստացել ինձ կտրել քննությունից. բայց ի հեճուկս այս հրամանի` այդ քննաշրջանում նույնպես բոլոր քննություններից «գերազանց» ստացա։ Ռեկտորատը ստիպված գնաց վարչական որոշման։ Ինձ հեռացնելը հետևյալ մոտիվն ուներ. ես թերթում լայնորեն լուսաբանել էի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ինչպես նաև ԵՊՀ ղեկավարության գործունեությունը։

Համալսարանից ինձ հեռացրին, որ հետո խնդրագիր գրեմ` վերականգնվեմ։ Բայց հրաժեշտ տվեցի ԵՊՀ-ին, քանի որ այն այլևս ինձ որևէ բան տալ չէր կարող», – ասված է Նիկոլ Փաշինյանի կայքում։
Tert.am