Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին

Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո... պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները:

Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք: Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու: Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով:

Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի:

Հրաչյա Մաթեւոսյան

ՀՀ քաղաքացի


http://zhamanak.com