ԱՆՁՐԵՎԻ ՄԵՂԵԴԻՆ
Անձրևի կաթիլ, էլի մի կաթիլ,
Նույն տեղում ահա մի երրորդ կաթիլ,
Խելագարվում եմ անձրևի նման ,
Անձրևի նման կաթիլ առ կաթիլ...
Հ. Սարուխան
Անձրևը կարծես մի հրաշալի մեղեդի է հյուսում քամու ջութակի վրա: Այդ մեղեդու ելևէջները հասնում են իմ ականջին, և ես ակամա նույն երգն եմ հյուսում իմ աչքերով այտերիս վրա:
Աչքերս` ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը...
Պ. Սևակ
Ես նստած եմ ծովափին, նամակ եմ գրում քեզ ավազի վրա: Գալիս է ծովի հերթական ալիքը: Գուցե նա՞ կարողանա իր հետ տանել ու քեզ հասցնել իմ այս նամակը: Իսկ անձրևը չի դադարում: Գիտե՞ք՝ անձրևը միայն մեղեդի չի հյուսում առանց բառերի: Եթե կարողանաս «կարդալ» անձրևը, կգտնես բոլոր հարցերիդ պատասխանները: Դու ես իմ բոլոր հարցերի պատասխանը, քանզի անձրևի ամեն կաթիլում ես հեշտությամբ կարդում եմ անունդ ու միաժամանակ փնտրում քո հասցեն,որ նամակ գրեմ: Իսկ հասցեդ չկա... Իսկ դու կարդո՞ւմ ես անունս՝ նայելով անձրևի կաթիլներին: Անձրևի կաթի՛լ, իջի՛ր ու «խմի՛ր» թախիծն աչքերիս, որ ձեռքն է դրել իմ բախտի վրա, իջի՛ր, վերցրո՛ւ կարոտն աչքերիս, որ կարողանամ առաջս տեսնել, քանզի կարոտը ստիպում է, որ ես անվերջ, անընդհատ շրջվեմ ու նայեմ հեռու անցյալիս, որ վերհիշեմ քեզ ու հիշողությամբ հագեցնեմ կարոտս... Բայց անհնար է...
Ես ավազի վրա գրում եմ անունդ և փարվում կրծքով նրան, որ ալեկոծ ծովի դաժան ալիքը չտանի հեռու հրաշք անունդ, որին փարվել եմ կրծքով, որպեսզի այն հավետ դաջվի իմ փխրուն սրտում, երբեք չջնջվի, որ նայեմ սրտիս ու վերհիշեմ քեզ, որ իմ ուղեղում անվերջ չբոցկլտա տանջող կարոտը:
Անձրև՛, դիմում եմ քեզ(այլ հնար չունեմ), ուզո՞ւմ ես՝ քեզ տամ նրան ուղղված նամակն այս փոքրիկ, որ գրի առնես քո կաթիլներում ու հնչեցնես այն քո մեղեդու հետ, որի ամեն մի հրաշք ելևէջ ինձ հիշեցնում է հեռավոր սիրո մոռացված հեքիաթ, որ հյուսել էինք մենք՝ հենց այդ մեղեդու դյութանքով արբած: Ա՜խ, այդ մեղեդին հավերժ կհնչի իմ ականջներում: Եվ գուցե մինչ մահ այդպես էլ հնչի մեղեդին սիրո...
Մեր սիրուց ծնված ամեն ինչ թաց է, զի ողողված է իմ արցունքներով (գուցե նաև քո...): Մեղեդին սիրո ևս շատ թաց է, քանզի լվանում եմ իմ արցունքներով ու զերծ եմ պահում ես աղարտներից, որ այս աշխարհում ամենամաքուր սիրո մեղեդին չաղտոտվի հանկարծ, ինչպես բոլոր մնացածները... Դե վերցրո՛ւ նամակս, անձրև թախծալի...
Ումից: Մի խենթ աղջկանից
Ում: Մի խենթ տղայի
Հասցե: Սիրո խաչմերուկ...
Հնչում է անվերջ անձրևի քնքուշ ու ջերմ մեղեդին,
Այն արթնացնում է իմ մեջ բազմաթիվ հուշեր վերստին,
Տարիներ առաջ աչքերիդ մեջ ես կարդացի մեղմ սեր,
Բայց դաժան կոպերդ իջան, ջնջեցին պատրանքն այդ անհետ:
Շուրթերիդ վրա կարդում էի անվերջ սիրո վեհ խոսքեր,
Բայց այն անձրևի դաժան կաթիլը ջնջում, տանում էր,
Եվ նույնիսկ սրտիդ սիրո պատառներն անհետ ջնջվեցին,
Այն ջնջեց մահը՝ չնայելով իմ աղերսին, լացին:
Եթե հասնի քեզ նամակս այս խենթ, դու չզարմանաս,
Չմնաս ապշած, որ քեզ հիշում եմ այսքան ժամանակ,
Հանձնում եմ նամակս անձրևի հանդարտ, բայց խենթ մեղեդուն,
Ու սպասում եմ, որ կյանքում մեկ օր կտեսնեմ հեռուն,
Ուր արտացոլված է ինձ համար շատ թանկ քո կերպարանքը,
Որ հիմա դարձել է իմ կյանքի միակ իմաստն ու կամքը...
Էջանիշներ