Խոսի՛ր ինձ հետ...
Խոսի՛ր ինձ հետ: Համոզված եմ՝ կչորանաս արցունքներից: Խոսի՛ր ինձ հետ՝ թեկուզ իմ մեջ ներարկելով տամկությունդ:
Ես քեզ հետ կխոսեմ մեր լեզվով, որ միայն մենք հասկանանք ու միայն մենք անձրևենք այս արևի գրկում... Ես ամեն ինչ կանեմ, որ դու չլռես իմ պատճառով... Որ ավազիս վրա չիջեցնես լռության ալիք, ինչպես այն օրը, երբ ասացի քեզ, որ ինձ ոչ թե գտել, այլ կորցրել ես...
Ի՞նչ իմանայի, որ վերջիվերջո փոքրիկ երեխայի պես, որ սահնակով բարձրանում է բլրի բարձունքը, պիտի հոգնած նստեմ այն բեռան վրա, որ ամբողջ ճանապարհին ճակատիս քրտինքի կաթիլներ է առաջացրել, ու իջնեմ ցած... Եվ ի՞նչ իմանայի, որ իջնելու եմ ոչ թե անհոգ ուրախությամբ լի երեխայի պես, այլ հոգնած սահնակի: Չեմ տրտնջում... Կյանքի սևուսպիտակն անխուսափելի են որևէ մեկի համար: Մնում է միայն՝ ինքդ մի գույն ստեղծես ու փորձես եզրագծել սևուսպիտակը... Կամ էլ գունատուփդ հաձնես երազագրին ու երկարատև քուն մտնես՝ փորձելով ապրել մի երազակյանք...
«Իրականության գիրկը չնետվե՛ս դու քո գույներով», - ինչո՞ւ ասացիր... Մի՞թե գիտեիր, որ դեռ գալու է այդ ժամանակը... հաճախ կարծում եմ, թե կենսագիրս դու ես ի ծնե... Հիմա ափսոսում եմ, որ չհանձնեցի քեզ գունատուփս: Գիտեմ՝ վշտացար, տրտում հեռացար ու ինձ դատեցիր քո սև մատիտով, որ հետո ջնջես, եթե կամենաս... Բայց երկար ապրող մատիտագիրը ջնջելուց հետո հետքեր է թողնում... Իսկ հիմա արդեն գարունն է խեղդվում... Մի ամառ մնաց, որ եզրագծենք ու զգույշ կցենք անցյալի գրքին, ինչպես մոռացած էջերն են կցում տպարաններում...
Ես իմ էջալից անցյալն եմ թերթում՝ մատներիս ծայրը արյամբ թրջելով... Կողքից նայելիս թվում է՝ ձեռքով տաղեր եմ հյուսում, արյունոտ տաղեր, այնինչ փորձում եմ արյան կարմիրով ծածկել ամպամած տաղերիս սևը... Գրկի՛ր անցյալս ու ուսումնատենչ ուսանողի պես սրտիդ մոտ պահած՝ քայլի՛ր միջանցքում... Քայլերիդ հոգուն մի՛ սաստիր անվերջ՝ դեպի ինձ բերող ուղի փնտրելու ցանկության համար... Ավելի լավ է, քո քայլաստանում օրենք չստեղծես... Պարզապես գտի՛ր ինձ քո մտքերում, պատմի՛ր երազդ իմ աչքերի մեջ, խորհի՛ր քո սերը իմ պաղ շուրթերին ու երազագույն նիզակով խոցի՛ր իմ հապաղումը... Հետո չլսված երգեր շպրտի՛ր այն անդնդի մեջ, որ լոկ հուսահատ մարմիններով է իր խորքը լցրել... Ու հետո մենք էլ ե՛կ լուռ տապալվենք՝ ելևէջազօծ օդում թողնելով մի նոր մեղեդի, որը մեզ վրա կիջնի, կնստի փոշոտ լռությամբ՝ երբեմն թեթև դող հառաչելով ելևէջումից մի նոր մարմնի...
Իմ լեռնաշխարհն էլ այդպես է կերտվել՝ ամեն հառաչքից անդնդախորքում փոշու շերտերից...
Էջանիշներ