Սպանվել է ծիծաղելու համար. զինվորի սպանությունը ցույց է տալիս, որ բանակում զինակոչիկներին սպառնացող վտանգները չեն վերացել
21-ամյա Գեղամ Սերգոյանը բանակում երդվել էր անձնուրաց ծառայել Հայաստանի Հանրապետությանը, սակայն գնդակահարվեց ոչ թե երդումն ուրանալու, այլ պարզապես ծիծաղելու համար:
Այս տարվա ապրիլի 5-ը Սերգոյանի վերջին երեկոն էր. Ստեփանակերտի 56 հոգանոց ցուցադրական զորամասի հերթապահ մասում ընկերոջ հետ հեռուստացույց էր դիտում, երբ ներս է մտել զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Հենրիխ Գրիգորյանն ու կասկածելով, որ Սերգոյանը իր վրա է ծիծաղում, 15 սմ հեռավորությունից կրակել է զինվորի գլխին:
«Բառիս բուն իմաստով գնդակահարել են որդուս, ինչի՞ համար, թշնամի՞ էր»,- իր հարցի պատասխանը 7 ամիս անց էլ սպանված զինվորի հայրը` Ռոբերտ Միրզոյանը, չի ստացել:
Ասկերանի շրջանի զինդատախազության իրականացրած նախաքննության արձանագրության մեջ նշված է, որ մեղադրյալ Հենրիխ Գրիգորյանը զինմասից ստանալով «Մակարով» տեսակի ատրճանակ` դուրս է եկել ստուգման:
Վերադառնալով հերթապահ մաս` տեսել է, որ Սերգոյանը և մեկ այլ զինվոր հեռուստացույց են նայում ու ծիծաղում: Ներս է մտել, հարցրել Սերգոյանին, թե ինչո՞ւ է հողաթափերով և ոչ թե համազգեստին համապատասխան կոշիկներով: Սերգոյանը պատասխանել է, որ թույլտվություն ունի, քանի որ մի քանի օր առաջ են բութ մատի եղունգը հեռացրել: Այնուհետև մեղադրյալը սկսել է բղավել, թե ինչո՞ւ եք ծիծաղում:
Պատասխանել են` հեռուստացույցով զվարճալի ծրագիր է: Լեյտենանտն ասել է` չէ, ինձ վրա եք ծիծաղում, ու Սերգոյանին քաշելով պատի մոտ` կրակել է գլխին` ձախ ականջից ներքև:
Տեղի հոսպիտալում չեն կարողացել գնդակը հանել զինվորի ողնուղեղից և ՀՀ ՊՆ հոսպիտալից ավտոմեքենա են պահանջել ու նրան տեղափոխել Երևան:
«Բժիշկներն ասացին` ձեր տղան 99 տոկոսով մահացած է, պետք է պայքարենք մեկ տոկոսի համար: Գիշերվա 2-ին սկսեցին վիրահատությունը, ավարտվեց առավոտյան 8-ին, բայց դա էլ չփրկեց»,- ասում է վշտահար հայրը:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Գրիգորյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Որդու մահից հետո Միրզոյանների ընտանիքն ապրում է արդարության հույսով, որն այս ամիսների ընթացքում քիչ-քիչ նվազել է:
«Հիմա ամեն ինչ անում են, որ մարդասպանի մեղքը մեղմացնեն: Քննությունն այնպես են սարքում, իբր սպանողը հոգեկան հիվանդ է կամ էլ վիրավորանքից դրդված է արել: Մեռածից փող չեն պոկի, իսկ մարդասպանից կարող են փող վերցնել, դա է մեր դատավարության չգրված օրենքը, և ամեն ինչ կանեն, որ շատ չնստի: Համ էլ ղարաբաղցի է, դատն էլ Ղարաբաղում է լինելու»,- զայրանում է Միրզոյանը:
Նա կասկածում է նաև տեղազննության հավաստիությանը, քանի որ դեպքի վայրի զննությունը ներկայացվել է էսքիզով, և ոչ թե լուսանկարներով:
}«Ամբողջ Ստեփանակերտում մի լուսանկարչական սարք չկա՞ր, որ նաև նկարեին»,- ասում է Միրզոյանը` զայրանալով, որ հրամանատարները դեպքից հետո էլ շարունակում են պաշտոնավարել:
«Ո՞ւր էին նայում, չէի՞ն ստուգում` ինչ լեյտենանտներ են ընդունում ծառայության ու պետության հաշվին դրանց 150.000 դրամ ($450) աշխատավարձ վճարում: Ես ընդամենը երեք օրվա ընթացքում պարզեցի, որ այդ մարդասպանը զենքը միշտ մատի վրա պտտեցնելով է ման եկել, բա էդ հրամանատար-գեներալները չէի՞ն տեսնում, ինչո՞ւ նրանց էլ պատասխանատվության չեն ենթարկում»:
Զայրույթն ու արցունքները խեղդում են որդեկորույս հորը, որն անգամ գումար չունի փաստաբան վարձելու համար, իսկ մարդասպանին պաշտպանելու է Հայաստանի լավագույն ու ամենաթանկ փաստաբաններից մեկը` Ռուբեն Ռշտունին:
«Չեմ հավատում արդար դատավճռին: Եթե ես վերահսկող զինդատախազ Ռուբեն Սարգսյանին հարցնում եմ, ախր ո՞նց են ծիծաղելու համար սպանում, նա, շարունակելով ժպտալ, ինձ ասում է` դե, էնպես է ծիծաղել, որ մարդը չի դիմացել, վերցրել` խփել է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու, ես էլ ինչ սպասեմ նրանցից»,- անհույս ասում է Միրզոյանը ու պահանջում, որ գոնե դատը տեղափոխեն Հայաստան:
Նա տարբեր ատյաններ է դիմել այդ պահանջով, զինդատախազությանը նման խնդրանքով դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, սակայն առայժմ դրական պատասխան չկա:
«Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամներն ամեն անգամ Ղարաբաղ հասնելու և մնալու հնարավորություն չունեն: Դեռ հայտնի էլ չէ, թե քանի ամիս կձգվի դատավարությունը, նրանց վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ փաստաբան չեն կարող վարձել»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Օրենքը պահանջում է, որ դատավարությունն ընթանա այնտեղ, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բայց սպանվածի հայրը հարցնում է, թե ինչ օրենքով են իր որդուն տարել Ղարաբաղ:
«Ի՞նչ օրենք, չկա նման օրենք, իմ երեխան երդում է տվել պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ղարաբաղը: Գիտե՞ք` քանի պաշտոնյայի եմ ասել` ցույց տվեք ինձ էն օրենքը, որով իմ երեխային տարել եք Ղարաբաղ: Ոչ ոք չի կարողացել պատասխանել, քանի որ չկա նման օրենք»,- ասում է Միրզոյանը:
ՀՀ բանակում ժամկետային զինծառայողների սպանությունների դեպքերը բավական շատ են: Ըստ Իշխանյանի` ոչ պաշտոնական տվյալներով 2005-ին խաղաղ պայմաններում մահացել է 153 զինծառայող, պաշտոնական տվյալներով` 89-ը:
«Ամենասարսափելին այն է, որ մարդասպանների մեծ մասն այսօր ազատության մեջ է,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը: - Հիմնականում դատվում են անմեղ երեխաներ, քանի որ չկա վերահսկողություն, քանի որ հրամանատարները նման սպանություններից հետո պաշտոնանկ արվելու փոխարեն կոչումի բարձրացում են ստանում»:
Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
http://www.armenianow.com/?action=vi...g=arm&IID=1156
Էջանիշներ