ՆԱԽՇԱԶԱՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վերջերս հաճախ եմ մտածում էն մասին, որ ես, փաստորեն, երկու դար եմ տեսել, երկու հազարամյակ։
Մենակ ես չէ, Հայաստանի բնակչության մեծամասնությունն ա անցած հազարամյակից տեղափոխվել էս մեկի մեջ։ Տեղափոխվել ու մնացել ա շփոթված։ Ոնց որ օտարական լինի սեփական երկրում։ Ոնց որ երկիրը գրաված լինեն՝ աննկատ ու անարյուն։ Եթե ես «դավադրության տեսություններին» գոնե մի կաթիլ հավատայի, նախորդ նախադասությունը կձեւակերպեի առանց «ոնց որ»‑ի։ Որովհետեւ երբ որ նայում ես Հայաստանի անունով` Հանրային, իսկ իրականում` պետական հեռուստատեսությունը, տեսնում ես, որ իրագործվում ա հայաստանցիների տոտալ ապուշացման ծրագիր։ Բոլոր դետալները մանրամասն մշակված են ու ենթարկվում են հիմնական կարգախոսին։ Իսկ էդ կարգախոսը պարզ ու հստակ ասում ա՝ «Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ»։ Դետալ որ ասում եմ, նկատի ունեմ, օրինակ, տաղավարների ձեւավորման ու հաղորդավարների հագնվելու ոճը։ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհիները երեւի մի քիչ ավելի են մերկ, քան «Հ1»‑ի «աստղերը» առավոտյան ու երեկոյան ծրագրերում, բայց վրաները շարած զարդերի ու դեմքներին լցրած շպարի պլպլունությամբ մերոնք հաստատ առաջ կլինեն։ Էս ինքն իրա՞ն ա սենց ստացվում։ Ինչ-որ մեկը սեփական մանկության չիրականացած երազա՞նքն ա փորձում մեր վզին փաթաթել՝ «Հ1»‑ից սարքելով գավառական Հոլիվուդ։ Դժվար թե մենակ սա լինի։ Եթե «Հ1»‑ի դեմքը ծածկող պլպլուն փառը բնական ճանապարհով գոյացած լիներ՝ որպես ընդամենը վատ ճաշակի արդյունք, գոնե մեկ‑մեկ ճաք կտար, որ արանքից մի կենդանի խոսք լսվեր, մարդկային մի ձայն։ Վատ ճաշակը հո վիրուս չի՞, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվի հեռուստաստուդիայի բոլոր աշխատողներին, անգամ եթե վիրուս լիներ, էլի փրկվածներ կլինեին։ Բայց չկան։ Եթե կան էլ, չեն երեւում։ Էս արդեն նշանակում ա, որ էդ փառը արհեստական ծագում ունի։ Ռեժիսոր ունի։ Ընդ որում` ցենզուրայի ոչ ստանդարտ տեխնոլոգիաների տիրապետող ռեժիսոր։ Որովհետեւ եթե ընդամենը ասեմ, որ «Հ1»‑ում կա տոտալ ցենզուրա, լրիվ պատկերը նկարագրած չեմ լինի։ «Հ1»‑ի ցենզուրան մի ուղղությամբ բացարձակ ա, իսկ մյուս ուղղությամբ ընդհանրապես սահմանափակում չկա։ Ինչ ուզում ես, խոսի՛ր, լեզվիդ ինչ գալիս ա, դո՛ւրս տուր, հանկարծ չվախենաս, որ խոսածդ թեմայից բան չես հասկանում, եւ ասածդ հիմարություն կլինի, հիմարությունից վնաս չկա՝ ո՛չ քո գրպանին, ո՛չ ազգի առողջությանը, վնասը կարող ա գալ մենակ սխալ ուղղությամբ մտածելուց, իսկ էդ վտանգից խուսափելու համար՝ սովորի՛ր եւ սովորեցրո՛ւ չմտածել։ Եղի՛ր հիմար եւ կլինես երջանիկ։ Էս կարգախոսը առաջին հայացքից ա մենակ ճակատային ու միանշանակ թվում, իրականում բավական ճկուն ա եւ բազմաշերտ։ Որովհետեւ հիմարությունն էլ ա տարբեր տեսակների լինում՝ բացահայտ ու թաքնված։ Վերջերս Հայաստանի «հանրային» հեռուստատեսությունը, իբր թե անսալով հասարակության ձայնին, դաստիարակիչ լայնամասշտաբ ակցիա ա ձեռնարկել՝ իրա «բարձրաճաշակ» գիրկն ա հրավիրում ռաբիզի «մոլորյալ գառներին», որ կրթի ու դաստիարակի։ Մենակ թե բան չի ստացվում։ Ու չէր կարող ստացվել։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վրդովվել էր, որ Թաթա Սիմոնյանը «Հ1»‑ի էկրանից անարգում ա Կոմիտասին։ Բայց վրդովվելուց առաջ, կամ գոնե հետո, արժի հարց տալ՝ էդ ո՞նց ա լինում, որ Կոմիտասը մնում ա անպաշտպան։ Ու ո՞նց անել, որ չմնա։ Որովհետեւ առաջին հարցի պատասխանից ա կախված երկրորդ հարցի պատասխանը։ Եթե կարծում ենք, թե Կոմիտասի նահանջը օտար երաժշտության ներխուժումով ա պայմանավորված, Կոմիտասին պաշտպանելու համար պետք ա համապատասխան հակահարված տանք էդ ներխուժմանը։ Հանրային ռադիոյում ոնց որ թե հենց դա էլ անում են. վերջերս հայտարարեցին, որ սրանից հետո իրանց եթերից հնչող երգերի, եթե ճիշտ եմ հիշում, 80 տոկոսը կլինեն «հայերեն երգեր»։ Վատ որոշում չի, բայց դժվար թե դրա արդյունքում Կոմիտաս սիրողների թիվն ավելանա։ Որովհետեւ Կոմիտասի ֆենոմենը շատ ավելի լայն ա, քան «հայերեն երգ», «հայկական երգ» եւ նույնիսկ՝ հայկական երաժշտություն հասկացությունները։ Կոմիտասը համակարգ ա ստեղծել։ Հայ գյուղացու երգածը դրել ա նոր համակարգի մեջ՝ օգտագործելով եվրոպական մտածողության սկզբունքները։ Իսկ Սայաթ-Նովայի երգերը, ինչքան էլ հանճարեղ լինեն, տեղավորվում են աշուղական ավանդույթի շրջանակներում։ Ու Թաթայի հարձակումը Կոմիտասի վրա՝ Սայաթ‑Նովայի «անունից», ոչ թե պատահականություն ա, այլ օրինաչափություն։ Օրինաչափությունը հենց նրանում ա, որ հարձակումը կատարվում ա «Հ1»‑ի եթերում, եւ չի հնչում որեւէ պատասխան, այսինքն` խոսակցություն չի սկսվում։ Որպեսզի խոսակցություն սկսվի, պետք ա լինի հակառակ կողմ, իսկ մեր «հանրային» հեռուստատեսությունում բացառված ա հենց դա՝ հակառակ կողմը։ Հակառակ կողմի չգոյությունը անհնար ա դարձնում մտքի գոյությունը, իսկ վերջին հաշվով՝ անհնար ա դառնում նաեւ կյանքը, որովհետեւ դեռ Դեկարտն էր ասում՝ «Ես մտածում եմ, ուրեմն կամ»։ Սա՝ ըստ եվրոպական մտքի դիալեկտիկական ավանդույթի։ Բայց կան նաեւ ուրիշ ավանդույթներ։ Մուսուլմանական ավանդույթը, օրինակ, աշխարհն ընկալում ա որպես միլիոնավոր նախշերից հյուսած սիրուն պատկեր։ Սիրուն ու անփոփոխ։ Նախշ ասածը հենց էն ա, որ իմաստային ծանրություն չի կրում, դրա համար էլ նախշերը չեն կարող հակադիր լինել իրար, եւ դրանց անվերջ հերթագայությունը չի բերում ոչ մի փոփոխություն. պատկերը մնում ա նույնը։ Էս խոհերն իմ մեջ արթնացան կիրակի օրը, երբ որ նայում էի «32 ատամի» պոստսկանդալային թողարկումը։ Լրագրողներին հրավիրել, շարել էին դահլիճում, բեմից հարցեր էին տալիս՝ առանց պատասխանելու հնարավորություն տալու։ Ոմանք որպես պատասխան ինչ‑որ բան էին գոռում, բայց առանց բարձրախոսի ոչինչ չէր լսվում։ Լրագրողները, փաստորեն, վերածվել էին նախշի։ Էս որ նկատեցի, հանկարծ միանգամից տեսա, որ անկապ թվացող հաղորդումը շատ հստակ ներքին կոնցեպցիա ունի՝ ամեն ինչ վերածելու նախշի եւ էդ ճանապարհով զրկելու իմաստից։ Լրագրողներին ուղղված հումորային հարցերում եւ դիմումներում, օրինակ, ցավոտ խնդիրները հիշատակվում էին հենց էդ սկզբունքով։ «Ժամանակ‑Երեւան» թերթի ներկայացուցչին խնդրեցին փոխանցել Արման Բաբաջանյանին, որ իրա բանտ նստելու համար ոչ ոքի չմեղադրի, մեղավորը ազգանունն ա՝ բոլոր Բաբաջանյանները միշտ փորձանքի են գալիս, օրինակ՝ Առնո Բաբաջանյանը, որի արձանի գլխին ինչ ասես էկավ, ինքը՝ «32 ատամի» պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը, որի հաղորդումը «քիչ մնաց փակեին»։ Ու էս հումորի վրա դահլիճը ծիծաղեց։ Ավելի ճիշտ՝ տեսախցիկը ցույց տվեց նրանց, ովքեր ծիծաղում էին։ Երեւի հենց դրա համար էլ լրագրողներին բարձրախոս չէին տվել, որովհետեւ կարող էր գտնվել գոնե մեկը, որ ասեր. «Հնչած համեմատությունը հեչ ծիծաղելի չի ու կարգին զզվելի ա, որովհետեւ ձեր գլխին էկած «փորձանքի» արդյունքում մենակ ակումբի եկամուտն ավելացավ, իսկ «Ժամանակ‑Երեւանի» խմբագիրը բանտում դեռ նստած ա»։ Նույն Կարեն Բաբաջանյանը «32 ատամի» սարքած սկանդալի հաջորդ օրը ռադիոյով հպարտ-հպարտ ասում էր. «Կատարվածը ցույց տվեց, թե ինչքան համարձակն են մեր տղաները»։ Որ ճիշտն ասեմ, սկզբում չէի կողմնորոշվում՝ մարդն իսկապե՞ս կարծում ա, թե ռեյտինգը բարձրացնելու համար կասկադյորներ կանչելը համարձակության նշան ա, թե՞ ասվածն ավելի «խորը» բովանդակություն ունի։ Կիրակի օրը էս հարցի պատասխանն ինձ համար հստակ դարձավ, որովհետեւ «խորը բովանդակությունը» բացահայտվեց հենց հաղորդման սկզբում։ Բաբաջանյանը նորից հպարտացավ, էս անգամ էն փաստով, որ երեքշաբթի օրվա մամուլում, իրա ասելով, երկու «կենտրոնական թեմա» կար՝ մեկ իրանց սարքած սկանդալը, մեկ էլ Լեւոն Տեր‑Պետրոսյան-Վազգեն Մանուկյան հանդիպումը։ Ավելի պարզ երեւի հնարավոր չէր արտահատվել։ «32 ատամի» սարքած սկանդալը, փաստորեն, նույնպես նախշ էր՝ «Հ1»‑ի հյուսած նախշերի մեջ ամենածղրտանն ու ճչացողը։ Քանի Հայաստանի քաղաքական կյանքի վերազարթնումը առաջ գնա, էնքան մեր «հանրային» հեռուստատեսության նախշային գրոհը սաստկանալու ա։ Եւ էդ գրոհի մեջ օգտագործվելու ա հնարավոր ամեն ինչ՝ առանց բացառության։ Բայց Կոմիտասին դժվար թե հնարավոր լինի օգտագործել։ Որովհետեւ Կոմիտասն անզարդ ա։ Նախշ չունի։
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Էջանիշներ