ՍԱԲՈՏԱ՞Ժ / VIDEO /
[18:51] 19 Հոկտեմբերի, 2007
Հեռուստաընկերությունները, ինչպես եւ ակնկալվում էր, հրաժարվում են ցուցադրել հոկտեմբերի 26-ի` ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող գովազդային հոլովակը: Այս մասին տեղեկացանք հանրահավաքի կազմակերպիչներից: Ընդ որում, գովազդն այն հանրահավաքի մասին է, որն ի գիտություն է ընդունել քաղաքապետարանն ու փաստորեն երաշխավորել հանրահավաքի անցկացման անվտանգությունը:
Խնդիրն այն է, որ հեռուստատեսային պատասխանատուները, չընդունելով հանրահավաքի մասին հոլովակը, ըստ կազմակերպիչների, խախտում են ՀՀ ԱԺ ընդունած ՙԺողովներ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքը, որի 6-րդ հոդվածը՝ ՙՀրապարակային միջոցառման կազմակերպիչների իրավունքները եւ պարտականությունները՚, ապահովում է կազմակերպիչների` ՙզանգվածային լրատվության, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաեւ կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար՚ իրավունքը:
Ի դեպ, այն մասին, որ իրենք օրենք են խախտում, հեռուստաընկերությունների պատասխանատուները չիմանալ չեն կարող այն պարզ պատճառով, որ հանրահավաքի կազմակերպիչները պաշտոնական գրություններին կից ուղարկում են նաեւ օրենքի պահանջը ներկայացնող դրույթի վերաբերյալ գրություն, որոնք իրենք հրաժարվում են վերցնել կամ ստորագրել, որ ստացել են այդպիսի գրություն: Իսկ հրաժարվում են շատ պարզ ձեւակերպմամբ.ՙԿներես, չենք կարող՚:
Հայաստանի տարածքում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները փաստորեն, խախտում են ՀՀ համապատասխան օրենքը, բացառությամբ ՙԵրկիր Մեդիայի՚, ում պարզապես հանրահավաքի կազմակերպիչներն առայժմ չեն դիմել:
ՙԱ1+՚-ն իր կայքում ներկայացնում է այն տեսահոլովակը, որ հրաժարվում են ցուցադրել հեռուստաընկերությունները:
Ի ԴԵՊ
Հոկտեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)ֆինանասավորմամբ անվճար համերգ կկազմակերպվի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: ՙՈսկե աշուն՚ կոչվող համերգային ծրագիրը նախատեսվում է անցկացնել նույն օրը, երբ ՙԱզատության՚ հրապարակում նախատեսված է ընդդիմադիր ուժերի հանրահավաք` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի մասնակցությամբ:
Էջանիշներ