Խոսակցություն իմ ու Դավթի միջև` «Մենք անգլերեն չենք հասկանում» շարքից.
– Մամա, վաղը Thursday ա՞:
– Չէ՛:
– Հինգշաբթի՞:
– Հա:
Խոսակցություն իմ ու Դավթի միջև` «Մենք անգլերեն չենք հասկանում» շարքից.
– Մամա, վաղը Thursday ա՞:
– Չէ՛:
– Հինգշաբթի՞:
– Հա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հիմնական աշխատանքումս հաճախ կլիենտներ ենք ունենում, որոնք դատարանի կամ "Jugendamt"-ի կողմից են ուղարկված․ դրանք էն զույգերն են, որոնք բաժանման ընթացքում կամ դրանից հետո մեծ կոնֆլիկտային վիճակում են, ու պետությունը ծնողների բարձր կոնֆլիկտայնությունը տեսնում է որպես երեխաների համար վնաս և ուղարկում մեդիատորական կոնսուլտացիաների, որ կարողանան համաձայնության գալ երեխաների հարցով։
Էստեղ միանձնյա խնամակալության հասնելը հեշտ չի, պիտի շատ լուրջ փաստարկներ լինեն մյուս ծնողի դեմ, առավել լուրջ պատճառներ են պետք ծնողին երեխայի հետ տեսակցելու իրավունքից զրկելը։ Էսպիսի պատճառներ կարող են լինել, օրինակ՝ երեխայի հանդեպ գործած բռնությունը կամ բաց թողնված ալկոհոլիզմը / թմրամոլությունը, որի դեպքում հնարավոր չի հոգ տանել երեխաների մասին։
Միայն «ինքը լավ չի ազդում երեխաներ վրա», «լավ ծնող չի», «չեմ ուզում էս մարդու հետ այլևս որևէ կապ ունենալ» և այլն բավարար հիմքեր չեն, որ մի ծնողը մյուսին հեռացնի երեխաներից։ Ու ինչքան էլ լավ փաստաբան լինի ծնողի կողքին կանգնած, երբ խոսքը գնում է բարձր կոնֆլիկտայնության մասին՝ երեխաների խնամակալության/տեսակցության թեմայով, "Jugendamt"-ը կցվում է գործին՝ երեխաներին ծնողների կոնֆլիտից պաշտպանելու համար։
Ու հաճախ դատական որոշման մեջ հատուկ գրված է լինում, որ ծնողները պիտի գնան մեդիատորական/հոգեբանական կոնսուլտացիայի, որ կարողանան երեխաների հարցով համաձայնության գալ։
Էստեղ պետությունն առաջնորդվում է երեխաների իրավունքների կարևոր կետերից մեկով՝ ամեն երեխա երկու ծնողի հետ կոնտակտ ունենալու իրավունք ունի, անգամ երբ նրանք միասին չեն ապրում, բաժանված են։ Բացառությունները պիտի ծանրակշիռ հիմնավորում ունենան։
Ու ամեն ինչ արվում է, որ բաժանվող/բաժանված ծնողները coparenting-ի մոդելներ ստեղծեն ու շարունակեն միասին հոգ տանել երեխաների մասին։
Դրա համար էլ ուղարկում են մեզ մոտ, որ օգնենք երեխաների հետ կապված հարցերում իրար հետ լեզու գտնել։
Բարձր կոնֆլիկտայնությամբ բաժանվող/բաժանված զույգերը հատուկ թեմա է։ Ու դրա համար լիքը տարբեր որակավորումներ կան (ասենք՝ մեդիատորի որոկավորում), որ լավ կլինի անցնես՝ մինչև սկսես իրենց հետ աշխատել։ Սա ոչ էնքան թերապևտիկ աշխատանք է, որքան «էֆեկտիվ միջնորդավորում»՝ կոնֆլիկտի դեպքում։
Աշխատանքում սա իմ հիմնական պրոֆիլը չի, երկու կոլեգա ունենք, որ մասնագիտացած են էս հարցում, ու իրենք են հիմնականում բաժանվող/բաժանվածների հետ աշխատում, հատկապես նրանց հետ, որոնք դատական որոշմամբ/"Jugendamt"-ից են ուղարկվում։
Բայց մեկումեջ ինձ մոտ էլ են էսպիսի զույգեր լինում, ու սա ամեն անգամ մաքուր սթրես է։
Մեդիացիան էսպիսի զույգերի դեպքում խորհուրդ է տրվում երկուսով անցկացնել, բայց դե երբեմն հնարավոր չի լինում ազատ կոլեգա գտնել, ու մենակ ես անցնում գործի։
Կարևոր պայմաններից է, որ նպատակները ցածր դնես, ասենք՝ եթե առաջին հանդիպման ժամանակ ձայն չբարձրացնեն մեկը մյուսի վրա կամ վայրկյանը մեկ մյուսին չընդհատեն, արդեն ահագին մեծ քայլ է կոմունիկացիայի հարցում։
Խնդիրն էն է, որ դատարանի կողմից ուղարկված զույգերի դեպքում հաճախ առնվազն մի կողմը ոչ մի ցանկություն չունի մյուսի հետ բանակցելու, համաձայնության գալու կամ առավել ևս՝ մի երկու ժամ մի սենյակում նստած խոսելու՝ երրորդ կողմի առկայությամբ։ Ու ինչքան էլ փորձես բերել իրենց «ծնող» հարթակի վրա, իրենք մնում են «իրար ատող զույգ» հարթակում։ Վիրավորանքներ, մեղադրանքներ, ատելություն, ու էս ամենի արանքում երեխաները հաճախ զենք են դառնում՝ մեկը մյուսի հանդեպ օգտագործվող, ասենք՝ «էլ երբեք երեխաներիդ չես տեսնի»։
Լավ է, որ էս երկրում երեխաների իրավունքները լավ պաշտպանված են, ու ամեն ինչ արվում է, որ իրենք երկու ծնողով մեծանան, եթե անգամ ծնողները միասին չեն։
Բարձր կոնֆլիկտային բաժանված զույգերի մասին դասընթացներում հաճախ եմ լսում էն կարծիքը, որ էսպիսի զույգերի դեպքում սովորաբար կողմերից առնվազն մեկը անձնային խանգարում ունի, ասենք՝ նարցիստիկ անձնային խանգարում։
Ես ինքս էդ տեսակետին էդքան էլ կողմնակից չեմ, ըստ իմ անձնական դիտարկումների՝ անպայման չի, որ հիմքում կլինիկական պատճառ լինի։
Ինձ թվում է, ծանր կոնֆլիկտներով ուղերկցվող բաժանումները հիմնականում «երկարատև դիմանալու» արդյունքում են լինում։ Երբ խնդիրները դեռ վաղուց են սկսված եղել, բայց կամ անտեսվել են կամ առանց լուծելու վրաները դեռ նորերը կուտակել, երբ ամուսնությունը գնալով վատացել է, բայց մարդիկ մնացել են իրար հետ՝ ինչ-որ արժեքներից ելնելով, ու դե հետն էլ զգալով, որ «ուղղակի դիմանում են»՝ լիքը բաներ զոհաբերելով։
Մինչև դանակը հասնում է ոսկորին, ու էլ հնարավոր չի լինում դիմանալ։ Ու էդ ժամանակ ամբողջ կուտակված «դիմացածը» ծանր ալիքով դուրս է հորդում։
Մնում է հույսը, որ էդ ալիքը ժամանակի հետ թափը կկորցնի, ու մարդիկ կկարողանան երեխաների հարցերով շփվել իրար հետ։
Բայց դե էն դեպքերն էլ քիչ չեն, որ ատելությունը էդպես էլ չի նվազում, ու նույնիսկ բաժանումից տարիներ հետո մարդիկ նույն մեղադրանքներով են լցված լինում միմյանց հանդեպ։ Ինչ կոնսուլտացիա, ինչ մեդիացիա․․
Ու թե ինչ է լինում երեխաների հետ էդ ամենի արդյունքում, էդ էլ երեխաները կիմանան։
Ինչպես էստեղ հաճախ ասվում է՝ վնասը բաժանման փաստը չի, այլ բաժանման ձևը։
Ես վանքում եմ, աշխատում: Մեր վանքում ամենաերիտասարդ աշխատողը ես եմ, մյուսները` 40+, 50+, 60+, 70+, իսկ ամենատարեցը՝ 90-ամյա Անի տատին: Դուք ճիշտ եք, կարդում 90-ամյա Անի տատը գալիս է, աշխատանքի շաբաթը 1 կամ 2 անգամ: Ուսապարկը ուսին, հավեսով գալիս ա, աշխատանքի, կարծես երիտասարդ աղջնակ լինի և ո՛չ թե տարեց կին: Երևում ա, շատ ա, սիրում վանքում աշխատելը: :Խառը գործեր ա, անում: Ապրանքների վրա գին ա, կպցնում, ինչ-որ արկղներ ա, քարշ տալիս, երբեմն էլ, հեռախոսով ա, խոսում, iphon-ով էլի: Ընդմիջումներին` մյուս աշխատողների հետ թեյ ա, խմում և ուրախ զրուցում, երբեմն էլ, վանքում փոքր խմբով աղոթքներ են, անում, էդ աղոթքներին ա, մասնակցում: Բավականին թեթև ա, շարժվում, ես իրեն չէի տա 90 տարեկան, այլ մի 70: Դե իսկ ժպիտն էլ, միշտ դեմքին: Էնքան թեթև ու ուրախ ա, երբ տեսնում եմ, իրեն տրամադրությունս կտրուկ բարձրանում ա: Շատ դրական էներգետիկա ունի, 90-ամյա կոլեգաս:Ուղղակի ապշած եմ:
![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 07.10.2023, 20:14:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
boooooooom (20.11.2023), enna (07.10.2023), ivy (07.10.2023), Smokie (19.11.2023), _Հրաչ_ (08.10.2023), մարդ եղած վախտ (08.10.2023), Նաիրուհի (08.10.2023), Ուլուանա (07.10.2023)
«Ո՞նց եղավ, որ դու սենց ստացվեցիր»։
Հարցը հռետորական չէր։
Խմած ժամանակ հռետորական հարցեր չկան։
Մարդը նայում է աչքերիդ (հենց աչքերիդ, ոչ թե ճակատի կենտրոնի էն կետին, որին նայելով կարող ես ձևացնել, թե հայացքդ փախցնելու խնդիր չունես) ու ասում՝ պատմի, կետ առ կետ, ասա՝ ո՞նց սենցը դարձար։ Հարցնում է պահանջկոտ, ագրեսիվ, հարձակվողական։ Դիստանցիա ու սուբորդինացիա պահելու հավես չունի ճիշտ էնպես, ոնց դու՝ իրեն տեղը դնելու կամ խորհրդավոր երևալու։
Խմած ժամանակ խաղի կանոններն ուրիշ են։
-Չգիտե՞ք՝ ինչ միջավայրում եմ մեծացել։
-Գիտեմ, դրա համար ասա՝ էդ միջավայրից ո՞նց սենց դուրս եկար։
-Զուգահեռ իրականություն ունեի։
***
Ես սկսեցի «Ակումբ»-ը կարդալ 11 տարեկանում, գրանցվեցի՝ 12-ում։ Մերոնք չէին հասկանում՝ էդ ինչ ընդվզում է կյանքիս դեմ։ Էդ ինչի՞ց եմ ենթադրում, թե դպրոցս վատն է, ինչի՞ համեմատ է վատը։ Չգիտեին, որ մի տեղ եմ, ուր մեծ ձյաձյա-ծյոծյաները աշխարհի բանն էին քննարկում՝ երկար տեքստերով ու ես կարդում էի դրանք ագահ, տագնապային, մեծամասամբ՝ ոչինչ չհասկանալով։ Ամենաուժեղ նապոռով բացվել էր ծորակը ու ես բաժակ էի՝ որի միջից ինֆորմացիան ճիշտ լցվածի չափով դուրս էր թափվում, բայց փոխում ամեն բան։ Մերոնք չգիտեին, որ անվերահսկելի լայնացող մի ճեղք է բացվել, որից երևացող աշխարհից բան չէի հասկանում, բայց ողնաշարով էի զգում՝ սա իմինից լավն է։
11 տարեկանում սկսվեց մրցակցությունը, որում ես միշտ պարտվելու էի։ Սկսվեց ինքնաքննադատությունը՝ ո՞նց են էս մարդիկ մտածել ու գրել բաներ ու բառեր, որոնց գոյության մասին գաղափար անգամ չունես։ Ինչի՞ ոչինչ չես հասկանում էն տեքստից, որին մեկ ուրիշը կարծես թե շշպռող մի պատասխան է տվել․ ուրեմն հասկացել է։ Դու՝ չէ։
Ու 11-ում ես սկսեցի մրցակցել մարդկանց հետ, որոնք ինձնից մի 2-3 անգամ շատ էին ապրել։ Դա իմ լիգան չէր։ Ու ես անընդհատ պարտվում էի։
***
-Գիտեմ, դրա համար ասա՝ էդ միջավայրից ո՞նց սենց դուրս եկար։
-Զուգահեռ իրականություն ունեի։
-Պատմի։
-Եթե սա ղեկավարի պահանջ ա, ուրեմն՝ գնամ։ Շեֆի հետ ընկերություն չեն անում։ Եթե բաժակ կիսողի ցանկություն, ուրեմն՝ չէ, Ձեր գործը չի։
***
«Ակումբ»-ն իմ կյանքում է՝ ուղիղ կյանքիս կեսի չափ։ Հիմա հաճախ եմ գալիս էստեղ՝ միայն օրագրերը կարդալու։ Աշխարհի մասին քննարկումներն էլ հետաքրքիր չեն։ Վստահ չեմ նույնիսկ, որ կան։ Բայց չեմ ուզում կորի առեղծվածը, չեմ ուզում կարդամ, ու հանկարծ պարզվի, որ հասկանում եմ։ Հիմա հպարտ եմ ինձնով ճիշտ էնքան, ինչքան շնորհակալ եմ «Ակումբ»-ին․ էստեղ ունեցածս էմոցիաները կարող էին ինձ հուսահատության հասցնել, բայց ճախրել սովորեցրին։
***
-Պատմի։
-Եթե սա ղեկավարի պահանջ ա, ուրեմն՝ գնամ։ Շեֆի հետ ընկերություն չեն անում։ Եթե բաժակ կիսողի ցանկություն, ուրեմն՝ չէ, Ձեր գործը չի։
-Սա մարդու խնդրանք ա, ով էլ չի կարողանում հասկանալ։ Ես գիտեմ, ախր, որտեղից ես դու։ Ո՞նց սենցը դարձար։ Դու հասկանո՞ւմ ես գոնե, որ ասֆլատը ջարդած, մեջից դուրս եկած էն խոտն ես, որը աճելու ոչ մի տրամաբանական հիմք չունի։
-Չե՞ք ուզում էդ առիթով լավ կենաց ասել։
Վերջին խմբագրող՝ kitty: 19.11.2023, 20:20:
Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
boooooooom (20.11.2023), Cassiopeia (19.11.2023), enna (20.11.2023), Freeman (19.11.2023), ivy (19.11.2023), John (19.11.2023), One_Way_Ticket (19.11.2023), Quyr Qery (22.11.2023), Smokie (19.11.2023), _Հրաչ_ (19.11.2023), Աթեիստ (19.11.2023), Անվերնագիր (20.11.2023), Արէա (20.11.2023), Հայկօ (20.11.2023), մարդ եղած վախտ (19.11.2023), Նաիրուհի (20.11.2023), Ուլուանա (21.11.2023)
Հելենան անբուժելի հիվանդություն ունի, որի արտահայտումներից մեկը էպիլեպտիկ նոպաներն են, հատկապես՝ սթրեսային իրավիճակներում։ Նոպաները թեթև են անցնում ու կարճատև են (դեղորայք է ընդունում), բայց Հելենան չի կարողանում հարմարվել դրանց հետ։ Հելենան 12 տարեկան է ու արդեն տարիներ շարունակ բժշկական հսկողության տակ է։
Հելենայի մոտ բազմաթիվ վախեր կան, մեծամասամբ՝ սոցիալական իրավիճակներում։ Հատկապես վախենում է դպրոցում էպիլեպտիկ նոպա ունենալուց։ Փորձում է խուսափել վախ առաջացնող իրավիճակներից, չի ուզում դպրոց գնալ։
Հելենայի ծնողները բաժանված են։ Առաջին հանդիպմանը եկել էր մոր հետ։ Թերապևտիկ օգնության դիմելու պատճառը՝ վառ արտահայտված վախեր։
Դարակումս երեք տարբեր ապակիներով ակնոցներ կան՝ գունավոր, մուգ ապակիներով ու օպտիկական-թափանցիկ։
Դնում եմ գունավոր ապակիներով ակնոցը։
Սիստեմիկ թերապիայի գունավոր ակնոցով նայելիս՝ փորձում եմ ամբողջ ընտանեկան համակարգը մանրակրկիտ հասկանալ։
Բաժանված-բաժանվող-բարձր կոնֆլիկտային ծնողների երեխաների մոտ առաջացող հիվանդությունները հաճախ երեխայի կողմից՝ ծնողներին իր հիվանդության շուրջ միավորելու-հաշտեցնելու անգիտակից մղումն է։ Ախտանիշը կարող է ծառայել համակարգի ֆունկցիոնալությանը։Դրա համար կարևոր է նայել, թե ինչ գործառություն ունի հիվանդությունը, ինչպիսին կլիներ (ընտանեկան) համակարգը առանց դրա։ Երկար խոսում եմ նաև մոր հետ՝ երեխաների ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Հաստատ անհրաժեշտ կլինի հորն էլ հրավիրել զրույցի։
Հելենայի առաջ տարբեր չափսերի ու գույների փայտե ֆիգուրներ եմ դնում, պիտի իր ընտանիքի անդամների ու իր համար համապատասխան ֆիգուրներ ընտրի և շարի սեղանին․ պիտի նայել՝ որ կերպարը ինչ տեսքի-չափսի է, ով ում կողքին է կանգնած, որ մեկի հայացքը ում է ուղղված։ Հետո Հելենան կարող է շարժել իր ֆիգուրը՝ ըստ այդմ, թե որտեղ կուզեր իրականում կանգնած լինել․ պիտի նայել,թե ինչպես է իր կերպարի տեղաշարժումը ազդում ամբողջ համակարգի վրա։ Հելենայի սիմպտոմատիկայի համար էլ կարելի է մի առարկա ընտրել ու ընդգրկել համակարգի մեջ․ ինչ դեր ունի դա հարաբերությունների մեջ, ինչ կլիներ, եթե հանեինք համակարգից։
Ինչպե՞ս են Հելենայի վախերն ու հոգեկան ծանր վիճակը «դրականորեն» ազդում համակարգում հարաբերությունների վրա։ Լավացնո՞ւմ է դա բաժանված ծնողների հաղորդակցումը։ Կա՞ իրականում սիմպտոմատիկան հեռացնելու ցանկություն։
Գունավոր ակնոցը հանում եմ, դնում եմ մուգ ապակիներովը։
Հոգեվերլուծական ակնոցով պիտի նայել, թե Հելենան ինչպես է ազդում ինձ վրա, ինչ զգացմունքներ է մոտս առաջացնում։ Ինչ բառեր է օգտագործում խոսելիս, ինչ բառեր չի օգտագործում։ Ոնց է ձայնը, հայացքը, միմիկան փոխվում իմ տված հարցերից։ Ե՞րբ է լռում, ի՞նչ է փորձում ինձ ասել իր լռությամբ։ Ո՞նց եմ ես ազդում իր վրա։ Մեր հարաբերությունները ու իրար վրա փոխադարձ ազդեցությունը թերապևտիկ աշխատանքի կենտրոնում է։
Ի՞նչ ներքին պատկերներ ունի Հելենան։ Ես կսկսեմ մի պատմություն, իսկ ինքը պիտի շարունակի այն։ Կա՞ր պատմության մեջ մոր կերպար, ինչպիսի՞ն էր կերպարը։ Պիտի նայել, թե ինչ վախեր է իր հետ բերում մայրը։ Ինչքանո՞վ է նա իր վախերը փոխանցում իր երեխային ու ազդում նրա ներքին պատկերների վրա։
Հելենան մի գոյություն չունեցող կենդանի է նկարում, ու հետո պատմում նրա մասին։ Իրականում իր մասին է պատմում։
Աչքերս հոգնում են մուգ ապակիներից, հանում եմ, տեղը դնում թափանցիկ օպտիկակակ ակնոցը։
Վարքային թերապիան իր առջև կոնկրետ դրված խնդիր է տեսնում՝ վառ արտահայտված վախեր, որը ծանր ազդեցություն է թողնում Հելենայի սոցիալական ու առօրյա կյանքի վրա։ Մինչև մնացած հարցերին անցնելը պիտի 12 տարեկան երեխայի վրա ծանրացած խնդիրը հնարավորինս արագ թեթևացնել։
Մոր ու իր հետ համատեղ զրույցի ժամանակ որոշում ենք սկսել Skills-Training-ով։ Պիտի ակտիվացնել Հելենայի բոլոր ռեսուրսները ու հմտություններ զարգացնել մոտը՝ իր հիվանդությունը իր կյանքին հարմարեցնել կարողանալու համար։ Ընդունել, որ իր հիվանդությունը իր մի մասն է, բայց իր անձն ու իր հիվանդությունը նույնը չեն։ Ինքը Հելենան է՝ լիքը ուժեղ կողմերով, որոնք պիտի ակտիվանան ու օգնեն իրեն՝ իր առօրյան ապրել։ Վախերն էլ իր մի մասն են, ու բոլոր մարդիկ ունեն վախեր․ պիտի սովորել «չվախենալ վախերից»։ Այլ զինվել հմտություններով, որոնք կօգնեն իրեն հանգիստ անցնել վախի միջով։
Վախ առաջացնող իրավիճակներից խուսափելը Հելենայի թշնամին է ու միայն ավելացնում է իր վախը։ Վախի միջով անցնելու ճանապարհը կոնֆրոնտացիան է․ պարբերաբար ու բարդության աստիճանը ավելացնելով անել էն, ինչից վախենում ես։ Կարելի է սկսել մտքում։ Կարելի է անցնել դերային խաղի, ու ընթացքում զարգացնել դիմակայելու հմտությունները։
Ու նաև մտքերի վրա ենք աշխատելու, թե ոնց են իր մտքերն ազդում իր վարքի ու ինքնազգացողության, ու ոնց կարելի է դրանք կառավարել։
Հելենան մի ստվարաթղթե պստիկ ճամպրուկ է ստանում ինձնից՝ իր "Skills-Box"-ը, որը կարող է իր ուզած ձևով նկարազարդել / սիրունացնել․ մեջը հավաքելու ենք իր «գանձերը», իր բոլոր հմտությունները ու էն ամենը, ինչ իրեն ուժ է տալու։
Օպտիկական ակնոցը էդպես էլ թողնելում եմ հագիս, բայց գիտեմ, որ դարակում ուրիշ ակնոցներ էլ ունեմ, ու որ տարբեր ճանապարհներ կան նպատակին հասնելու։
Իսկ որ Հելենայի մոտ ամեն ինչ լավ է լինելու, դրանում համոզված եմ․ էդքան էներգիա, մոտիվացիա ու էնտուզիազմ հազվադեպ ես տեսնում թերապիայի եկած դեռահասի մոտ։ Ու դա առաջին կարևոր ռեսուրսն է, որը «դնելու ենք» իր փոքրիկ ստվարաթղթե տուփիկում։
Տարին ավարտում է խորը երախտագիտության զգացումով, որ էս բոլոր մարդիկ ներս են թողնում ինձ իրենց կյանք, թույլ տալիս բռնել իրենց ձեռքը ու միասին ճանապարհ անցնել, միասին ընկնել-վեր կենալ, միասին ուժեղանալ, միասին հասկանալ կյանքը, միասին ավելի լավը դառնալ։
Շնորհակալ եմ։
Մի սերիալ եմ նայում, կոչվում է Слово пацана, չգիտեմ հայերեն ճիշտ ոնց թարգմանել։ Երևի թե բոլորդ էլ դիտում եք կամ գոնե լսել եք սերիալի մասին, քանի որ բոլոր սոց ցանցերում ամեն երրորդ պոստը էս սերիալի մասին է։ Էնքան ուժեղ էմոցիաներ ունեմ ֆիլմի հետ կապված, որ արտահայտվելու տեղ էի փնտրում, թեև արդեն մի քանի օր է՝ խոսում եմ դրա մասին, տանը քննարկում ենք, բայց միևնույն է, ուզեցի հին ու բարի մի տեղ էլ գրել, մանավանդ, որ հիմա բոլորը քնած են, իսկ ես՝ ոչ։
Չեմ պատմի, սփոյլ չեմ անի, ուղղակի կուզեի իմանալ, եթե կա ինչ-որ մեկը, ով դիտել է ու ասելիք ունի, գուցե չալարի, թեմա բացի, ես էլ գուցե չալարեմ, գամ քննարկման։ Ուղղակի էնքան ժամանակ էստեղ չեմ եղել, որ թեմա ստեղծելը ինձ հիմա մի տեսակ չթույլատրված արտոնություն է թվում։
Սերիալում խոսքը գնում է Կազանում գոյություն ունեցող հանցագործ խմբավորումների մասին, որոնց մասնակիցների ճնշող մեծամասնությունը անչափահասներ են։ Կան իրական կերպարներ, որոնց իրական ճակատագրի մասին էսօր կարդացի ու երևի թե շատը հենց էդ պատճառով էլ քունս չի տանում։
Լինում են կյանքում մանր-մունր տարօրինակ զուգադիպություններ, որոնց վրա այլ դեպքերում գուցե ուշադրություն չդարձնես, բայց նաև լինում է այնպես, որ անգամ անծանոթ երգի բառերից ես կառչում, եթե երգն առնչվում է քեզ էդ պահին հուզող թեմայի, ու փառք տալով ինտերնետին, ընկնում ես փնտրտուքների մեջ՝ ավել ինֆորմացիա ստանալու համար։ Իմ այսօրվա փնտրտուքը Սև դելֆինն էր։
Չգիտեմ՝ դուք գիտեիք, թե ոչ, բայց Սև դելֆինը աշխարհի ամենադաժան վայրերից մեկն է՝ ի հեճուկս իր ռոմանտիկ անվանը։ Այդպես է կոչվում ամենախիստ ռեժիմի գաղութներից մեկը, որտեղ պահվում են առանձնակի դաժանությամբ հանցագործություն կատարած մարդիկ՝ սերիական մարդասպաններ, բռնաբարողներ, մանկապիղծներ ու անգամ հաննիբալներ։ Սև դելֆինը հայտնի է նրանով, որ էնտեղից դուրս չեն գալիս։
Մի քանի բան նայեցի Youtube-ում, ու փոշմանեցի, որ նայեցի։ Չեմ ուզում Սև դելֆինի մասին պատմել, Youtube-ի տեղը բոլորս էլ գիտենք, այլ ուզում եմ խոսել էդ զուգադիպության մասին։ Մի քանի օր է՝ ես էդ սերիալով եմ շնչում, ու էսօր մի երգ էր միացրած, որտեղ լսեցի էդ Սև դելֆին արտահայտությունն ու անմիջապես փորձեցի հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։ Ես սպասում էի ռոմանտիկ մի բան, բայց գտա աշխարհի ամենադաժան ու տխուր տեղը, որը, տարօրինակ կերպով, թեմատիկ կապ ուներ սերիալի հետ։ Իսկ Սև դելֆինի մասին մի քանի բան նայելուց հետո, երբ որոշեցի, որ էլ վերջ, մոռանում եմ դրա գոյության մասին, ու սկսեցի էլի բութ մատս մարզել սքրոլլի առաջնությունում, մեկ էլ մատս կանգ առավ մի ռիլի վրա, ուր պատմում էին, որ սերիալի հերոսներից մեկը, ով իրական կերպար էր, վերջում հայտնվում է հենց Սև դելֆինում։
Հիմա հասկանում եմ, որ կասեք՝ ինչ էլ դարդ ես գտել քեզ, գնա ապրի էլի։ Իրականում ես էլ չեմ ընկալում, թե ինչի եմ սենց ազդվել էս ամենից, բայց քանի որ իմ մոտակա ժամերը փչացան, արթուն մարդ էլ չկա՝ հետը շփվեմ, էկա ստեղ։ Ներող կլինեք, դուրս եմ գալիս, դուրս եմ գալիս։
Find what you love and let it kill you. (c) Bukowski
boooooooom (Երեկ), enna (Երեկ), Tiger29 (Այսօր), Յոհաննես (Երեկ), Նաիրուհի (Այսօր)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ