Էսօր որ դուրս էի գալիս, մեկ էլ զգամ՝ Իզայն է անունս տալիս. լրիվ անջատված վիճակում էի։
- Լա՞վ ես։
Բան չասեցի։
- Քանի՞ կլիենտ ես ունեցել։
- Տասնչորս,- պատասխանեցի,- մաքուր օդի կարիք ունեմ։
- Քեզ լավ նայիր,- ասեց մի էնպիսի ձայնով, որ թվաց՝ հիմա կմոտենա, կգրկի։
- Դու էլ քեզ լավ նայիր,- ձեռքով արեցի ու արագ դուրս եկա։
Հետո պիտի Բիրգիտին գրկեի, որ մի քանի ամիս առաջ Էլիզաբեթ էր դարձել, ու հա մտածում էի՝ ոնց եմ հետը հանդիպելիս նոր անունը տալու․ ինքն ինձ համար միշտ էլ Բիրգիտ է։ Քառասունից հետո մեկ էլ որոշես նոր անուն ունենալ։ Մարդ կա, փոփոխության կարիք ունի, բայց ձեռքի տակ իր անունից բացի ուրիշ հարմար բան չի ընկնում։
Իսկ ես կայուն հող չեմ էլ ունենում, որ գոնե մի քանի քայլ իրար հետևից դնեմ՝ առանց նոր մոլորակի վրա հայտնվելու։
Իրիկունը մինչև էդ անտեր թուղթը ստորագրեցի, կես մարդ դարձա։ Ինչի՞ս էր պետք։ Էլի ամբողջ կյանքդ գլխի վրա շրջես։ Յոլա չեմ գնում անփոփոխ աշխարհներում։ Ու էս ստորագրությունն էլ, վախենամ, երկար կյանք չի ունենալու, թեև շատ կուզեմ, որ հակառակը լինի։
Անհանգիստ եմ ահավոր․ երևի դրա համար էլ նորից օրագրային գրառում եմ անում՝ երկար դադարից հետո։
Երեկ քունս չէր տանում, վոյս քիդզը միացրեցի, ու երկու հրաշք քույրեր հայտնվեցին դիմացս․ չգիտեմ՝ ես էի գերզգայուն վիճակում, թե իսկապես արտառոց էին, բայց երեկվանից հա նայում եմ իրենց ու չեմ հագենում։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ