Մի ծեր ամուսնական զույգ էր, որ չուներ ոչինչ, բացի Սումգայիթի կոտորածների, գաղթի ճանապարհի դաժան հիշողություններից, որ նրանց ուղեկցում էր տարիներ շարունակ: Չունեին ոչ ոք, բացի մի թոռնուհուց, որ արդեն մոռացել էր իր եսը, որն ապրում էր լոկ տատի ու պապի համար ու չուներ իր անձնական կյանքը: Ծեր էին նրանք, տատը, որ նման էր եթերային մի կծկված անձնավորության, ամեն աստծո օր գնում էր շուկա, կանգնում էր շուկայի մուտքի մոտ մի կույտ տոպրակ դողացող ձեռքերին ու փորձում դրանք վաճառելով ապրուստի գումար վսատակել: Ու ամեն տոպրակ առնողին օրհնում. "Աստված քո հետ, քե մատաղ…": Պապը, չգիտեմ ինչով էր զբաղվում, բայց հազիվ էր քայլում, փայտի օգնությամբ: Սիրված էին նրանք հարևանների կողմից… Բայց նաև հպարտ էին ու իրենց ցավն ու խնդիրները միշտ իրենց ներսում էին պահում… Այսօր, նրանց տան դիմացով անցնելիս, տեսա այն սև ու մռայլ արկղի մի հատվածը… Ո՞վ է լքել այս աշխարհը, չիմացա, բայց ցավը սեղմեց հոգիս, ցավը, որ նրանցից մեկը մնաց մենակ ու հիմա ոչ միայն 90-ականների հայրենիքի ու հարազատների կորուստը պիտի լացի, այլև իր կյանքի ուղեկցի… Ու դեռ ինչքա՞ն նա կկարողանա ապրել առանց իրեն լքած սիրասուն ամուսնու…

Էջանիշներ