էսօր մանկությունից էինք խոսում ընկերուհուս հետ, ու մի բան շատ պարզորոշ հասկացա. էն, ինչ ես հիմա կամ, մանկությանս շնորհիվ ա /ոչ թե պատճառով/
ես փոքր ժամանակ հաճախ էի մնում տատիկիս տանը՝ Մասիվում, որը երեք սենյականոց էր, տանն էլ մենակ ես ու տատն էինք լինում հիմնականում, մինչև երեկոյան հոպարներս տուն գային գործից: երևի թե միշտ էլ անգիր կհիշեմ էդ տունը, պատերի պաստառների պատկերներից սկսած մինչև խոհանոցում անվերջ վազվզող մրջյունները, պատուհանի տակի ջեռուցման խողովակի մեջ հոսող ջրի ձայնը, միջանցքում դրված մեծ ծաղկամանի խորդուբորդ ֆակտուրան, ամեն սենյակի հոտը, սպիտակ պոչով դանակ-պատառաքաղները, հյուրասենյակի պարկետի ճռճռոցը, ձայնապնակները, կնոջ արձանիկը, ով իմ գլխում սևամորթ էր միանշանակ, ու ես բոլորին կոչ էի անում դա նկատել, հոպարիս գծագրական տախտակն ու տարբեր չափերի ու որակի թղթերի կլոր փաթեթները, անթիվ, անհամար գրենական պիտույքները, դրանց յուրաքանչյուրի հոտն ու մեկ-մեկ էլ համը
տունը երեք սենյականոց էր, իմ սիրելի սենյակը հոպարի ննջարանն էր, որն ամեն ինչ էր, բացի ննջարանից: գրադարան էր, աշխատասենյակ, ինձ համար՝ հեքիաթային մի մեծ աշխարհ, ուր մնում էի առավոտից իրիկուն՝ գրքերի միջի նկարները նայելով, հետո արդեն՝ նաև կարդալով, հոպարի թղթերի վրա խզբզելով, հետո արդեն՝ նաև նկարել փորձելով, հոտոտելով գուաշներն ու ջրաներկերը, վրձինները ձեռքերիս ափերին քսելով, դարակները քանդել դասավորելով, որից հետո իդեալական քաոս էի ստեղծում հոպարիս համար, ով աշխատելիս ոչինչ չէր կարողանում գտնել, բայց երբեք չէր բարկանում, չէր արգելում ոչինչ:
մի անգամ հոպարս պատվեր ուներ ինչ-որ սրճարան նախագծելու, ու վերջնական գծագիրը թողել էր սեղանին, որ հետը տանի: ես բացեցի փաթաթած թուղթը, նայեցի, գնահատեցի աշխատանքը, հետո ճիշտ իր նման թուղթը տեղավորեցի տախտակի վրա ու սկսեցի վրան իմ ուղղումներն անել: ավիրեցի մի խոսքով: հոպարս տուն եկավ, տեսավ աղետի գոտում հանգիստ ու հպարտ տնկված ինձ, գույն տվեց, գույն առավ, ու շատ հանգիստ ձայնով ասեց՝ լավ ա ստացվել, մենակ թե դռների չափը էնքան էլ ճիշտ չի....
ինձ երբեք ոչ մի բան չեն արգելել տատիկիս տանը: հակառակը, միշտ ձգտել են էնպես անել, որ զարգանամ ու ինքնուրույն լինեմ, անտեղի չեն բարկացել, նույնիսկ եթե բարկացել են, բացատրել են սխալս, հետս էնքան են գլուխ դրել, որ էլ չասած: էդ նույն հոպարս, երբ լոգոյի պատվեր էր ունենում, մի թուղթ էլ ինձ էր տալիս ու հանձնարարում լոգոտիպ հորինել: ու անպայման մի քանի հատ: շատ հավես էր:
հիմա մաման ասում ա, որ ես լրիվ նույն կերպ եմ վարվում քրոջս տղայիկի հետ: ու ինձ նենց լավ եմ զգում դրանից, որտև իմ մանկությունը շատ լավն էր հենց իրենց շնորհիվ, ու հավես ա, որ ես էլ կարող եմ մի պստոյի համար նման մարդ լինել, ինչքանով որ կստացվի![]()
Էջանիշներ