Երկրորդ անգամ ողջ կյանքիս ընթացքում մի իրավիճակում եմ հայտնվել, երբ բան չեմ հասկանում: Ու ախր այնպես չի, որ ես ինձ անհասկացողի տեղ եմ դնում կամ էլ «տուպոյ» եմ, չեմ հասկանում: Չէ, «տուպոյ» չեմ, ավելին ասեմ՝ հաստատ «տուպոյ» չեմ: Նաև ինձ անհասկացողի տեղ չեմ դնում: Անհասկացողի տեղ ինձ չեմ դնում, որովհետև նման իրավիճակներն ուղղակի ինձ ձեռնտու չեն և տրամաբանորեն ցանկացած մարդ (այդ թվում՝ ես) չի ցանկանա հայտնվել նման անհասկանալի վիճակում՝ թեկուզ իր սեփական նեյրոնների նկատմամբ խղճահարությունից ելնելով:
Ընդ որում, այնպես ստացվեց, որ առաջին խնդիրը (անհասկանալի իրավիճակը) չհաղթահարած, երկրորդն ի հայտ եկավ: Առաջինը երկրորդին մի քիչ խանգարում էր: Երկրորդը առաջինին էլի մի քիչ խանգարում էր: Խանգարում էին իրար անուղղակիորեն: Դա միայն ինձ է հասկանալի: Դա նույնիսկ այդ երկու «իրական կինոների» գլխավոր հերոսներին կամ հեղինակներին հայտնի չէ: Առաջին իրավիճակից կարծես թե գլուխ հանեցի: Ճիշտ վերլուծություններ արեցի, երկա՜ր, շատ երկար մտածեցի ու ոնց որ թե այդ խնդրի ճիշտ լուծումը գտա, որն ինձ դուրս բերեց այդ անհասկանալի ու համարյա «պարտված» իրավիճակից: Դա ամիսներ տևեց: Մտքեր, մտքեր, մտքեր… Ամիսներ տևող անքուն գիշերներ: Մտքեր, որոնք քեզ երբեք հանգիստ չեն տալիս: Կոնկրետ թեմա, ուղղություն ու ընթացք ունեցող մտքեր, որոնք քո գլխուղեղում նախագծում են մեկը մյուսից տարբեր ու բազմազան «իրավիճակը հասկանալի դարձնելու, ապա և խնդիրը լուծելու ծրագրեր»:
Այս երկրորդը շատ անհասկանալի է: Լուրջ եմ ասում: Երկրորդ իրավիճակը հասկանալու համար գլխուղեղս անկարող է որևէ նախագիծ մշակել: Բայց միտքը կա, որն ամենակարևորն է: Ու այն շարունակում է մնալ դոմինանտ, այսինքն՝ ես շարունակում եմ մնալ «անհասկանալի իրավիճակում»: Միգուցե ծրագրեր կազմելու համար անհրաժեշտ ողջ «ռեսուրսներս» վատնե՞լ եմ: Էներգիա չունե՞մ, թե՞ այլ պատճառ կա: Չգիտեմ…
Կյանքի մատուցած խնդիրներն ամենադժվար լուծելին են: Սա շախմատ էլ չի: Ոչ էլ թղթախաղ է՝ հիմնված բախտի ու շուլլերության վրա: Այստեղ պարտադիր չէ թագավորին սպանել հաղթելու համար: Տարբեր լուծումներ կան: Կարող ես լքել «խաղատախտակը»՝ բացարձակապես չպարտվելով: Հակառակը՝ լքել ու նաև հաղթել: Կարող ես, խաղատախտակին մնալով, անհետանալ, բայց նաև շարունակել խաղալ: Շախմատում նման տարբերակներ չկան: Դրա համար էլ շախմատն ազնիվ խաղ է, իսկ կյանքում ամեն ինչ չէ, որ ազնիվ է ստացվում: Երբեմն պարտադրված ես շատ կամ քիչ չափով անազնիվ լինել «հակառակորդիդ» հետ: Բայց դա շուլլերություն էլ չէ: Դա երևի անհրաժեշտ տակտիկա է… Չգիտեմ:
Մի բան գիտեմ: Որքան էլ խաղանք, կյանքի հետ շատ լուրջ խաղալ չի կարելի: Կյանքը շատ լուրջ է: Պետք է կանխավ հասկանալ կամ զգալ, որ բռնածդ ուղին քեզ միանշանակ պարտության է տանում և ոչ մի դեպքում չշարունակել այդ ուղիով շարժվել, հրաժարվել ու վերջ: Առաջին իրավիճակն այդպիսին էր: Ուղղակի ես ընտրության հնարավորություն չունեի, թե չէ՝ կհրաժարվեի: Իսկ երկրորդը շատ լուրջ չէր ու ես ընտրելու հնարավորություն ունեի: Ընտրեցի խաղալը, որի համար, չնայած ակնհայտ «պարտությանս» նախանշաններին, չեմ զղջում: Պետք էր սա...))
Հոգնեցինք…
Էջանիշներ