Մի քանի օր առաջ էր, Մոնումենտում: Ակումբցիների հետ էի: Իրանք գնացին կարուսել նստելու, ես ու Երոն գարեջրելու, ճիշտ ա Երոն գարեջրին ինչ-որ վաղուց դավաճանել ա, սրճեց: Դե մարդ գարեջուր խմելուց հետո ի՞նչ ա ուզում: Ճիշտ եք, զուգարան: Էնպես որ ես ուղևորվեցի հասարակական զուգարան, որտեղ մի ծեր տատիկ նստած բոլոր «կարիքավորներից» փող է հավաքում, մարդ ա 100 դրամ: Տվեցի իմ 100 դրամն ու մտա:
Դուրս եկա: Կողքի դռնից, որը կանանց համար է նախատեսված, դուրս եկավ մոտ 40 տարեկան մի կին: Նորմալ հագնված, բավական համակրելի կին էր: Բայց դեմքից զգացվում էր, որ մի ցավ ունի: Չզսպված ցավ: Էնպես ստացվեց, որ մի քանի քայլ իրար հետ քայլեցինք, իրար կողքի ու էդ ընթացքում լսեցի, թե էս կինը ոնց է քթի տակ շատ կամաց ասում «որ 100 դրամ ունենայի, ես էլ զուգարան կմտնեի»: Ու էդ խոսքերի մեջ ցավ կար ու զգացվում էր, որ մի կերպ է իրեն զսպում: Ու խիստ տրտմություն, տխրություն կար էդ ձայնում: Ազդվեցի: Ու կատաղեցի տատիկի վրա, որ նրան ներս չի թողել: Իրենից ի՞նչ էր գնում, խեղճ կին ա, թող մի վայրկյանով մտներ, հոգար իր կարիքները:
Նման դեպքերում շատ եմ ամաչում, բայց էս անգամ ամոթս մի կողմ դրեցի ու ասեցի. «Վերցրեք այս 100 դրամը ու զուգարան գնացեք, խնդրում եմ»: Ու իրան մեկնեցի 100 դրամը: «Վայ ապրես, տղա ջան», - կմկմաց: Ժպտացի ու չգիտեմ ինչի առաջ չգնացի: Ինքն էլ էր կանգնած, չէր շրջվում, որ հետ, զուգարան գնա: Հետո հասկացա, որ ինձից է ամաչում, շրջվեցի ու գնացի սրճարանի կողմը, որտեղ արդեն բոլոր ակումբցիներն ինձ էին սպասում:
Մի քանի քայլ արեցի ու հանկարծ որոշեցի շուռ գալ... կինը փախնում էր: Առավ 100 դրամս ու փախավ: Իսկ կար ժամանակ, երբ երեխայի համար հաց առնելու համար էին փող, ողորմություն ուզում: 100 դրամս, իհարկե, ափսոս չի: Բայց չեմ սիրում լինել խաբված, իսկ սրանք բոլորն արտակարգ դերասաններ են դառել, Հոլիվուդում լինեին, օսկար էլ կստանային:
Ի դեպ գտել եմ ձևը: Այլևս ողորմություն հավաքողներին փող չեմ տալիս, այլ տալիս եմ խանութից վերցրած ՀԴՄ կտրոնը. գուցե շահե՞ն: Բայց մենակ տեսնեք, թե ի՜նչ արհամարհանքով են նայում ու շպրտում այդ թղթի կտորը: Բա՛... էսպես էլ ապրում ենք:
Էջանիշներ