Դաշնամուր
Արդեն վաղուց է` ուզում եմ դաշնամուր նվագել սովորել: Մի տարի առաջ ամուսինս մի սիրունիկ քիբորդ նվիրեց, երկու անգամ ծնգծնգացրեցի, ու ինքը դարձավ սովորական կահույք:Վերջերս որոշեցի, որ, վերջ, պիտի դասերի գնամ, նվագել սովորեմ: Ինտերնետում քչփորեցի դաշնամուրի դասընթացների հայտարարություններ, որ անպայման երեկոյան լինեն ու սկսնակների համար: Մեջներից ընտրեցի մի աղջկա հայտարություն ու նամակ գրեցի, որ էսպես-էսպես ծերության օրոք որոշել եմ դաշնամուր նվագել սովորել, հայտարարությունդ տեսա, հետաքրքրեց, ուզում եմ պայմաններն իմանալ: Պատասխանեց: Հետո էլ ես իրեն, հետո էլ ինքը ինձ, պարզվեց, որ հայ է:
Մյունխենում իրար գումարած մի հարյուր հայ կա, բոլորին քիչ-քիչ ու լրիվ պատահական հայտնաբերում եմ:
Հա, ուրեմն իմ ու էս հայ աղջկա միջև շատ բարեհամբույր նամակագրություն սկվեց, վերջը էկանք, հասանք գնի հարցին: Երևի ես իրեն շատ անտաղանդ էի ներկայացել, թե ինչ, հայտնեց, որ ամեն դասի տևողությունը 45 րոպե է ու այդպիսի ամեն մի 45 րոպեն 35 եվրո արժի: Աչքերս փռան ճակատիս, ու միանգամից գծագրվեց երաժշտական ապագաս. մի տարուց արդեն տուն-տեղը ծախած ու մի երկու հարյուր դասի համար վճարած` նստած եմ ցուրտ փողոցում ու իմ քիբորդն եմ նվագում (միակ բանը, որ չեմ վաճառել), անցողներն էլ հոգնած հայացքով նայում են անտաղանդ երաժշտին ու մարդ ա մի ցենտ գցում քիբորդի կարդոնե տուփի մեջ: Բայց ամուսինս, որ նույնպես ապշել էր գնից, հեռու վանեց այդ տխուր մտքերս` խորհուրդ տալով, որ ուրիշ հայտարություններ նայեմ ու աշխատեմ այնպես անել, որ հայեր չլինեն:
Էդպես էլ կանեմ, իսկ մինչ այդ ամեն տեղ մի դաշնամուր եմ բռնացնում ու կողքը հարմար դիրք ընդունում` սրան-նրան խնդրելով, որ ինձ չխկացնեն:
Ալեյ հոպ, ահա և ապագայի մեծն դաշնակահարը:
![]()
Էջանիշներ