Մյունխեն, անձրև, գերմանական դդմի թեյ, կես հատիկ գզանաքս՝ նաֆսյակի տագնապ չունենալու համար և … Այվի:
Մյունխենյան անձրևոտ ու խորը առավոտը կարծես ամեն մի նախապայման ստեղծել էր իմ ներքին, շատ սուբյեկտիվ հարմոնիան ապահովելու համար: Երջանկության հետ չշփոթել. ես շատ քիչ եմ ինձ երջանիկ զգում (էդպիսի ստատուս արդյոք կա՞ որ …), բայց ուղեղիս սեռոտոնինային գույները՝ թեև երբեմն մռայլ, ինձ միշտ ուղեկցում են հարմոնիայի մի հսկա բագաժով՝ ամեն ինչից մեխանիկորեն էյֆորիա քամելու տենչը մեջը դրած:
Թաց գետնի հոտը, airbnb-իս նախաճաշը, պատուհանից լուռ ու ցրված նայելու ընթացքում թարմ հապալաս ուտելս, թե մամայիս համար բիո խանութներից մեկից դդմի գերմանական թեյ առնելն ինձ պարբերաբար ստիպում էին ինքս ինձ հետ հաշվետու լինել. ես ինձ լավ էի զգում:
Գերմանիան երբեք ինձ չէր քաշել որևէ ձևով, դրա համար էլ երբեք չէի եղել: Իսկ տարիներ շարունակ՝ մոտս, չգիտես թե ինչի, ենթագիտակցորեն տպավորվել էր, որ Այվին Շվեյցարիայում ա ապրում:
Ես էսպես թե էնպես՝ մի օր հաստատ կգնայի՝ հատուկ իրեն տեսնելու համար, բայց էս անգամ՝ անսպասելի մի աշխատանքային ճամփորդություն երկուսը միասին համադրեց՝ ինձ 2 օրով ուղարկելով թաց քաղաք:
Արդեն առօրյայի մի մաս դարձած տարիների ժամերով քայլելու սովորությունս՝ օտար քաղաքներում, ինձ ստիպեցին տնտղել թաց քաղաքի ամեն մի անկյուն:
Ժամերո՜վ քայլելու հոբբին, ավելի շուտ, ձևավորվել ա մարմնիս հանդեպ պոզերս տնկած վերաբերմունք ձևավորելու արդյունքում. ես իրեն ոչ մի կերպ այլևս չեմ ուզում թույլ տալ՝ վրաս ավելորդ քաշ պահեստավորել (ասա՝ պոզերս 20-ականներումս սենց համառ լինեին, էլի …):
GPS-ումս դնում եմ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կամայական մի հասցե, ու ուղևորվում՝ նույնքան քայլելու համար՝ ետ գալուց:
Մյունխենյան 20 կիլոմետրանոց զբոսանքս հարուստ էր ամեն մի տեսարանով:
Միակ բանը, որը դուր չէր գալիս՝ գերմաներեն լեզուն էր. ականջ շոյող չի, ու մի տեսակ վանող ա:
Այվին բա՝ «Հենց սովորում ես, ու քոնն ա դառնում՝ ուրիշ ձևով ես ընկալում ու լսում. շատ սիրուն լեզու ա»:
Երևի: Բայց ես էներգիա ու հավես չունեմ՝ նորից զրոյից որևէ օտար լեզու սովորել: Եղածներն ու արդեն սովորածներն էնքան ջանք ու էներգիա են պահանջում՝ ֆորմայի մեջ պահելու համար, որ տակը էլ ուժ ու եռանդ չի մնում:
Բա:
Լեզուները տենց բաներ են: Սպորտսմենի ռեժիմով ապրելու պես բաներ են. անընդհատ ուղեղիդ մկանները պիտի ձգես, ու «ջիմ գնաս», թե չէ՝ կնահանջեն:
Ոչինչ էս աշխարհում մեզ տրված չի: Ամեն ինչը պարտքով ա տրված ու ժամանակավոր, ու անընդհատ պիտի յուղես թե՛ ուղեղդ, թե՛ մարմինդ:
- Ո՞րտեղ ես, չեմ տեսնում քեզ:
- Գրածս հասցեում կանգնած եմ՝ կինոթատրոնի մոտ:
- Ո՞ր մի կինոթատրոնի …
5 րոպե քաղաքի կենտրոնի աշնանային ու Ծննդյան տոներին նախորդող գոլորշիախառը, անձրևային, բայց ակտիվ կիոսքներով ու բուտիկներով պտտվելուց հետո՝ վերջը գտա՛ Այվիին:
Փորձառու հոգեթերապեևտի հետ ժամերով զրույցն էր, վիրտուալ հետաքրքիր ու պոզիտիվ մի կերպարի հետ առաջին անգամ հանդիպելն ու հետը մի համով բան ուտելը, թե՝ ուղղակի հաճելի մի ազգակցի հետ հայերենով հավեսով խոսելը՝ կյանքի, քաղաքականության և առհասարակ՝ մեր ազգային հատկանիշների, հայ լինելու մեր էս հակասական ճակատագրի մասին՝ ինձ ուղղակի ստիպեցին հաճույք ստանալ անցկացրածս ամեն մի վայրկյանից՝ կենտրոնի մյունխենյան հրաշք շենքերի, քաղաքապետարանի, եկեղեցիների ճարտարապետության անձրևահոտ ու ամպամած ֆոնին:
Երեկոյան ժամը 5-անց էր: Մինչև հաց ուտելը՝ անցնում էինք լուսավորված, փոքրիկ վաճառակետերի կողքով: Ամեն ինչը հավեսով տրամադրում էր փոքրիկ մի պանրի կտոր կրծոտելուն՝ տաք գինիով՝ փողոցում կանգնած:
- «Կես հատիկ xanax եմ խմել մի քանի ժամ առաջ: Գինին մնաց մյուս անգամ», - ինքս ինձ զսպեցի: Այվիի հետ զբոսնելն ու զրուցելն արդեն հերիք էր:
1 ժամ հետո:
Գերմանուհի-բավարուհի ֆոլկլորային մի մատուցողուհի.
- «Առանց ալկոհոլ գարեջուր ունենք, այո»:
- Լրիվ զրո %, խնդրում եմ:
- Դե լրիվ զրո հնարավոր չի:
- Չէ, պետք չի, ուրեմն: Ես կոլայով յոլա կգնամ էսօր:
- Լավ:
Այվին՝
- «0,0001 % մեջը ոնց էլ չըլնի՝ լինում ա: Բայց դա զրո ա, արխային:
- Չէ… ոչինչ, թող մնա մյուս անգամ:
Բարով տեսանք, Այվ:
Չըխկ:


Մեջբերել
, առաջ մի օրում էիք էդքան գրում։ Ի դեպ, 22-ին կա գրառում, որը այսօր էլ կարդալիս՝ ինձ ջերմացրեց ու տխրացրեց։ Բայց ոչինչ, էդ լուսավոր տխուր ա։ Անկախ հանգամանքներից՝ իմ հոգում միշտ լուսավոր ա էդ տխուրը:
Հիմա երեխաները շշմած, անհասկացող հայացքով մեկ մեզ են նայում, մեկ էդ տղային. ախր ո՛չ տռոսը գիտեն` ինչ է, ո՛չ էլ` լոդկան:

Էջանիշներ