Լիլի ծնունդը հիշում եմ մենակ էն օրերին, երբ իր ծնունդը չի, իսկ հունիսի 25-ին ոչ մի կերպ չեմ ֆիքսվում ամսաթվի վրա, որ մտաբերեմ։ Ու երեկոյան մեսիջ է գալիս իրենից՝ «հիշեցնում եմ» Որ մինչև հաջորդ օրվա առավոտ սպասի, մեկ էլ տեսար՝ ինքս կհիշեմ։ Օրացույցում հիշեցումներ դնելու սովորություն չունեմ, ու էդպես հենց Լիլն է ինձ հիշեցումն ուղարկում։
Երկուսս էլ նույն տարուն ենք ծնվել՝ հունիսին։ Ինձ առաջ կատակով ասում էր՝ «դու ո՞նց ես երկու շաբաթ առանց ինձ ապրել»
Երևի շատ ծանր շաբաթներ են եղել․ լավ է, որ հիշողություն չի մնացել էդ անլիլ աշխարհից։
Իմ ամենամեծ անհանգստություններից մեկն էն է, որ իր հետ մի վատ բան կպատահի, ու ինքը շատ ուշ կհասկանա, որ դա պատահում է (հայերեն ասած՝ տեղի է ունենում)։ Հեռավորության վրա շատ չեմ հասկանում՝ ոնց է։ Իրականության իր ընկալումը հաճախ շա՜տ տարբերվում է օբյեկտիվ իրականությունից։ Դրա համա՞ր էի էս անգամ պատմում իրեն շիզոֆրենիայի ու շիզոտիպ խանգարումների տարբերության մասին։ Հետաքրքրված լսում էր դասախոսությունս։
Լիլն իմ ընկերն է, իմ ամենամոտ մարդկանցից մեկը, եթե անգամ ամիսներով չենք շփվում։ Վստահության էդպիսի խորք ու ամրություն և երկկողմանի անվերապահ հոգատարություն հազվադեպ եմ որևէ մեկի հետ ունեցել։ Երկուսս էլ գիտենք, որ ինչ էլ լինի, ցանկացած պահի կարող ենք ապավինել միմյանց, անգամ եթե երկար ժամանակ կապ չենք ունեցել։ Էդպես եղել է 15 տարի (ասում է՝ «հիշո՞ւմ ես 27 տարեկան ինչ ջահել լակոտներ էինք») ու էդպես կլինի միշտ։
Մեր տանն էլ բոլորը սիրում են իրեն։ Շուշանի հետ դե տարիներով են մտերմություն անում՝ ինձնից անկախ։ Պապաս էլ է հա փորձում հետը ընկերություն անել, էն էլ չգիտի՝ դա ոնց գլուխ բերել, երբ ես մոտակայքում չեմ։ Ու էդպես իմ երևանյան այցելությունները կրկնակի ուրախություն են դառնում, որովհետև իմ գալու հետ միասին Լիլն էլ է հայտնվում մեր տանը։ Ու շարունակվում են պապայիս հետ ընդհատված խոսակցություններն ու կատակները․ ոնց էլ ամեն անգամ հիշում են՝ որտեղ էին կանգ առել։
Երևանյան էս տարվա այցելության ամենալավ հիշողություններն էլ իր հետ են կապված։
Ոնց տարավ ինձ Բումի արհեստանոց էն անհասկանալի, խճճված բակերով։ Ես հո մենակ դա գտնողը չէի։ Արագ-արագ գնում էր առջևիցս՝ «արի, Ռիպոշկա»։ Ու ճանապարհին լիքը լավ բաներ էր ասում Բումի մասին։ Էդ րոպեների մեջ էնքան դրական լիցքեր կային, որ հանդիպման վերջում չգտեմ էլ ով էր ավելի լիցքավորված՝ ես, Վարդանը, թե Լիլը։ Մի ձև ուրախ էինք երեքս էլ
Ու ոնց էինք Կասկադում ջրիկացել երեքով՝ Լիլը, Ռուֆն ու ես։ Ասել է թե՝ «ինչ կա-չկան» հանել էինք մանրակրկիտ քննարկման։ Թե ոնց է հնարավոր գոտկատեղից ներքև կատակները էդքան կրեատիվ, անվուլգար ու ծիծաղելի ձևով ներկայացնել։ Դա մենակ Լիլը գիտի։
Ոնց Սարյանի վրա անձրևի տակ մնացինք՝ թե ճանապարհին, թե էն դարպասին "Home-Place" գրված, կորած-մորած, փակ համայնք հիշեցնող, կաֆե-հոսթել դարձած բակում, որը հետո հասկացա՝ թարգմանաբար «տուն-տեղ» էր նշանակում։ Լիլի ասած՝ «LGBTQ փախստականների» հավաքատեղի։ Ու էդ սրճարան-բակում պատերազմին մասնակցած միականջանի ու երեքոտանի շուն կար, հերոս շուն, որը կարծես էդ բակի տերն էր։ Ջահել և ոչ էնքան ջահել մարդիկ էին ներս ու դուրս անում, որոնք հավանաբար բոլորն էլ իրար ճանաչում էին, գրխակառնվում էին, մտերիմ զրուցում ու ծխում էին, ծխո՜ւմ։ Լիլն էլ էր հա ծխում՝ ավելացնելով անհանգստությունս, որ էդ մի բուռ մարմնում մի օր մեծ, շատ մեծ դարդեր են առաջանալու։
Մեզ վրա տարբեր տեղերից անձրև էր կաթկթում, ու ես պատմում էի իրեն բաներ, որոնք ոչ մեկին չէի պատմել։ Ինքն էլ նայում էր վրաս ու թե՝ «սա մեջդ պահած ապրել ես էսքան ժամանակ»։ Հետո էնպիսի թեթևության զգացում էր մոտս, որ մտածում էի՝ կարո՞ղ է ես աշխատանքումս սխալ կողմում եմ նստած․ կլիենտ լինելն էս ի՜նչ լավ բան է։
Տարիների ընթացքում էստեղ ու էնտեղ արդեն էնքան եմ գրել Լիլի մասին, որ եթե բոլորն իրար կպցնեմ, երևի մի վիպակ կդառնա։
Ժամանակը հոսում է, ես էլի գրում եմ ու դեռ լիքը գրելու եմ իր մասին՝ ամեն անգամ տարբեր կամ իրար շատ նման, ու միշտ սիրելով՝ անսահման ու խորը։
Էջանիշներ