Քառակուսի գլխով մարդը մոտեցավ ինձ: Դեմքին ոչ մի զգացմունք չկար՝ անզգացմունք քառակուսի գլուխը ծռված ինձ էր նայում: Ձեռքին ծաղիկ, իմ սիրելի երիցուկներից: Հուզվում եմ, գրկում քառակուսի գլխով մարդուն: Երբեք երիցուկ ինձ չեն նվիրել, ոչ մեկի մտքով չի անցել երիցուկ նվիրել: Գիտե՞ք՝ ծաղիկներ չեմ սիրում, հատկապես վարդերից զզվում եմ, հատկապես զզվում եմ արհեստականորեն աճեցրած, տհաճ հոտով վարդերից: Չեմ սիրում արհեստականությունը, ուր ուզում է լինի դա, ոնցոր շնչիս նստի: Իմ երիցուկներից արհեստական չեն լինում, ոչ էլ վաճառում են աջ ու ձախ: Երիցուկը դեղին ունի փոքր ու սպիտակ, սպիտակը ինձ համար չափազանց մաքուր է. նեղվում եմ շատ սպիտակությունից, ինձ մեղավոր եմ զգում, բայց երիցուկի մեջ դեղին կա ու ինքը հենց մաքուր է, ոչ թե չափազանց մաքուր:
#երիցուկախեղդ#սենտիմենտալ
Էջանիշներ