Գերմանացի աշխատակիցս խնդրել է կարդամ իր՝ կոնֆերանսի համար նախատեսված հոդվածի սևագիրը:
15 էջ է գրված, որոնցով, նա, ակնհայտորեն հպարտ է, քանի որ գրեթե հասել է կոնֆերանսի 16 էջի սահմանագծին: Բայց ի՞նչ օգուտ: Շարադրանքը ահավոր ծավալուն, չկապակցված, ավելորդ կրկնությունների մի ծով: Թե անգլերենը իր հարազատ լեզուն չէ, դրանից է, թե մեկ այլ պատճառ կա, բայց տեղ առ տեղ ուղղակի անընթեռնելի է: Գրված է երեք տողավոց մի նախադասություն, որի նպատակն է սահմանել որոշ հասկացություն, գործածված է մի քանի տասնյակ բառ, իսկ արդյունքում հստակ սահմանում չկա: Մի խոսքով՝ ջուր: Ու ցավը նրանում է, որ հեղինակն այնպիսի մարդկանցից է, որ երբ սկսում ես որևէ դիտողություն անել, անպայման սկսում է փորձել ապացուցել, որ ինքը քո ասածն արդեն գրառել է. սկսում է կառուցել դատողությունների մի հսկայական շարան (ոչ միշտ տրամաբանորեն հիմնավորված), որի արդյունքում շատ աղոտ կերպով կարելի է նշմարել, որ գրածը անւողղակիորեն կարող էր նշանակել նաև մեկ այլ բան: Բնականաբար, կարդացողները, մեկ-երկու անգամ լսելով այդ երկարաշունչ «ապացույցները», այլևս չեն ուզում այդքան ժամանակ ծախսել, և ասում են՝ դիտողություններ չունենք: Եթե այսպես շարունակվի, ես էլ եմ նույնն ասելու, չնայած հոդվածի տպագիր տեքստում ամեն էջին ունեմ մեկ տասնյակից ավելի դիտողություններ:
Ինչ դժվար է նման մարդկանց հետ աշխատելը:
Էջանիշներ