...Այսօր կրկին դաս հարցրեցի այդ մանչուկին: Անցյալ անգամ ասաց, որ չի սովորել ու չմոտեցավ գրատախտակին, խոստացավ հաջորդ դասին պատասխանել: Ու հիմա կրկին պատրաստ չէ: Միտք եմ անում, թե ի՞նչն է պատճառը, ախր խելք ունի, կարող է, գիտեմ...Ասում եմ, դե լավ, եկ օգնիր պաստառը կախենք գրատախտակին: Ուզում եմ որևէ կերպ կապել դասին: Վարանում է…հոնքերը կիտում, բայց կամաց-կամաց դուրս է գալիս նստարանի ետևից: Նստում է վերջին նստարանին, ու մինչ մոտենում է՝ զգում եմ, որ գլուխն ավելի է կախում: Ակամա ես էլ եմ նայում իր նայած ուղղությամբ՝ դեպի քարշ տվող ոտքերը: Փոքր ոտքերին անցկացրած մեծ կոշիկները՝ թաթերի մոտ լայն բացված բերաններով, ասես լեզու հանած լինեն վրաս: Մաշվածությունից կոշիկների գույնն անգամ չէր տարբերվում: Հիմա հասկացա գրատախտակին չմոտենալու պատճառը ու այնպիսի մրմուռ զգացի ներսումս…Արագ մի պատճառ մտածեցի՝ ետ ուղարկելու իր տեղը: Զանգի ձայնի հետ բոլորը դուրս վազեցին, իսկ նա նստած մնաց իր տեղում: Քիչ անց կամացուկ մոտեցավ վառարանին, երևի տաքացնելու թրջված ու սառած ոտքերը: Հետո իմացա, որ խնամքի կենտրոնից է, թեև ունի և մայր, և հայր: Խեղճ երեխա… Ողջ օրը մտքիցս դուրս չեկավ… Ինչ դժվար է այս կյանքը, ու ինչքան շատ են այդպիսի երեխաները…Անարդար է…![]()
Էջանիշներ