Չնայած ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր խնդիր է նախ և առաջ պատմական ճշմարտությունը վեր հանելու ու արդարադատության առումով, բայց ցավոք պիտի նկատենք, որ այսօր այն նաև վնասակար ազդեցություն է ունենում հայ ժողովրդի, նրա զարգացման, ճակատագրի վրա։
Հայկական սփյուռքը, իրենից մի հսկա ուժ է ներկայացնում ու կարող էր մեծ դեր ունենալ հայ ժողովրդի կյանքում, նրա զարգացման ճանապարհին, մինչդեռ այսօր նա որպես հայ իր միակ պարտքն ու դերը տեսնում է հիմնականում հայոց ցեղասպանությունը ճանաչելու, պատմական ճշմարտությունը վեր հանելու մեջ։ Այո, անցյալի ցավոտ ու դառը ճշմարտությունը պիտի բացահայտվի, բայց տարվելով միայն ցեղասպանության ճանաչմամբ, ուշադրությունը շեղվում է այսօրվա հիմնախնդիրներից։ Սփյուռքը չի պատկերացնում թե ի՞նչ կատարվում Հայաստանում։ Նա տարված է ցեղասպանության ճանաչմամբ։ Այսօր ընդհանրապես գոյության խնդիր ունենք։ Այսօր Հայաստանը բարոյապես ու ֆիզիկապես քայքայվում է, իսկ սփյուռքը ցեղասպանության հարցով է զբաղված։ Ցեղասպանությունն անցյալի ցավոտ վերք է, որ մռմռում է, ու որոշ ուժեր այդ հանգամանքը շատ լավ օգտագործում են ժողովրդին այսօրվա լուրջ հիմնախնդիրներից շեղելու համար։
Իմիջիայոց, նկատենք, որ բանաձևի ընդունումից հիմնականում ցնծություն են ապրում Հայաստանում չապրողները։ Մինչդեռ հայ ժողովրդի մի զգալի մասը իր իսկ երկրում գոյության հարցը չի կարողանում լուծել։ Երբ ամեն օր ստիպված ես պայքարել արժանապատվությանդ, տարրական իրավունքներիդ ու ֆիզիկապես գոյությանդ համար, էլ ի՞նչ սրտով պիտի ԱՄՆ–ի կողմից ցեղասպանության ճանաչմամբ ուրախանաս։
Իսկ իրական պրոբլեմներից խոսելն էլ արդեն դիտարկվում է որպես հակահայկական պրոպագանդա։
Հ. Գ.
Ամեն օր քննարկում ենք ցեղասպանության ճանաչման հարցը, դրա վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել, բայց ցավոք մինչև հիմա գրեթե չի արծարծվում այն հարցը, թե ինչու՞ կարողացան մեր նկատմամբ ցեղասպանություն անել։ Ինչու՞ չկարողացանք պաշտպանվել։ Ու քանի դեռ չենք գիտակցել անցյալի սխալները, ապագայում էլ տառապելու ենք։
Էջանիշներ