ԴԻՄԱԴՐԵԼ Է ՈՒ ՉԻ՞ ԾԵԾՎԵԼ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքում ի ցույց բոլորի հոկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկվել ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը:
Այս մասին ահազանգ է ստացել «Ա1+»-ը: Ըստ մեր տեղեկատվության` քրեկատարողական հիմնարկի աշխատակիցները նրան ծեծի են ենթարկել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով: Ցմահ դատապարտվածները բջջային հեռախոս ունենալու իրավունք չունեն: Ըստ մեր աղբյուրի` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պետի փոփոխությունից հետո դատապարտվածների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, խստացել է :
Ի դեպ, եթե նույնիսկ դատապարտյալի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որն օգտագործելու իրավունք նա չուներ, ապա նրան ծեծելու իրավունք որեւէ մեկը եւս չուներ:
Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, թե տեղեկատվությունը, որ «ցմահ ազատազրկման դատապարտված Հայկ Թորոսյանը հիմնարկի աշխատիկիցների կողմից ծեծի է ենթարկվել բջջային հեռախոս ունենալու եւ թաքցնելու պատճառով` չի համապատասխանում իրականությանը»:
«Հայկ Թորոսյանի մոտ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Աշխատակիցների կողմից հեռախոսը հանձնելու օրինական պահանջին Հայկ Թորոսյանը չի ենթարկվել, ցուցադրել է դիմադրություն, որի արդյունքում ինքը կոտրել է իր ձեռքում եղած բջջային հեռախոսը»,- ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
ԱՆ քրեակատարողական վարչության պետի կողմից հանձնարարական է տրվել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը` մանրամասն ուսումնասիրել դեպքի հանգամանքները, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Էջանիշներ