“SAW”Դեյվիդը կասկածվում է սպանության մեջ: Գլուխը կախ նստել է հարցաքննությունների սենյակում` ոստիկանի առջև: Սեղանին դանակ կա` սպանվածի արյունով, որը առկա է նաև Դեյվիդի հագուստի վրա: Դեյվիդը ընդունել է իր մեղքը: Նրա դեմքին բռնության հետքեր կան, բայց այն, որ Դեյվիդը ինքնապաշտպանության է դիմել, բացառվում է, քանի որ սպանվածի արյան մեջ թմրանյութի մեծ չափաբաժին է հայտնաբերվել: Այդպիսի չափաբաժնի դեպքում մարդն անգամ չէր էլ կարող շարժվեր, ուր մնաց հարձակվեր Դեյվիդի վրա:
-Պատմիր ինձ, Դեյվիդ: Ամեն ինչը մանրամասնորեն պատմիր:
-Դուք արդեն ամեն ինչ լսել եք:
-Ես ուզում եմ նորից լսել այդ ամենը: Քո բառերով:
-Ես ավարտել էի իմ աշխատանքը հիվանդանոցում և տուն էի վերադառնում...
...Դեյվիդը հիվանդանոցից (որտեղ նա աշխատում էր) տուն էր վերադառնում: Այդ օրը ոչնչով չէր տարբերվում նրա մյուս օրերից: Ինչպես միշտ` պայուսակը գցեց ուսը, հագավ ականջակալները, փլեյերի ձայնը բարձրացրեց մինչև վերջ, մոտեցավ վերելակին, սեղմեց կոճակը և սկսեց սպասել: Երաժշտությամբ կլանված՝ նա չնկատեց, որ ինչ-որ մեկը իր հետևում կանգնած էր: Այդ ինչ-որ մեկը թեթևակի խփեց նրա ուսին: Հազիվ շրջվելով` Դեյվիդը հարված ստացավ դեմքին և ուշագնաց եղավ: Դա այնքան արագ կատարվեց, որ Դեյվիդը չհասցրեց տեսնել, թե ով իրեն հարվածեց:
Արթնանալով` Դեյվիդը իրեն գտավ մի ստորգետնյա սենյակում` գամված ինչ-որ աթոռի: Դիմացը հեռուստացույց կար: Դեյվիդի ձեռքերը կտորներով կապկպված էին աթոռին, իսկ գլխին երկաթյա ծանր մեխանիզմ կար, որը սաղավարտ էր հիշեցնում: Դեյվիդը անգամ չէր կարող օգնություն կանչել, քանի որ մեխանիզմի` բերան հիշեցնող ներքին մասը ուժեղ սեղմում էր նրա ծնոտները: Դեյվիդը փորձեց քանդել կապանքները: Հեռուստացույցը միացավ: Էկրանին երևաց մի տիկնիկ: Տիկնիկը ուներ մեծ քիթ և չար աչքեր: Արտաքինով նա նմանվում էր մի քյաֆթառ տղամարդու: Սկսեց խոսել.
-Բարև, Դեյվիդ! Դու ինձ չգիտես, բայց ես քեզ գիտեմ: Ես ուզում եմ խաղ խաղալ: Հիմա ես քեզ ցույց կտամ, թե ինչ կլինի, եթե պարտվես: Սարքը, որը դու կրում ես, գրկել է քո վերին և ստորին ծնոտները: Սարքի ետևում վայրկյանաչափ կա: Երբ քո ժամանակը ավարտվի, սարքը կբացվի` մեծ ուժով պատռելով քո բերանը: Այն նման է «հակադարձ արջի թակարդի»: Նայիր:
Տիկնիկը այդ ամենը ցույց տվեց գիպսե գլխի վրա: Վայրկյանաչափի սլաքը կատարեց մեկ լրիվ պտույտ, որից հետո թակարդի «ծնոտները» առանձնացան միմյանցից: Գիպսե գլխից մնացին միայն բեկորներ: Դեյվիդը ցանկացավ ճչալ, բայց հրեշավոր սարքը բռնել էր նրա բերանը: Տիկնիկը շարունակեց խոսքը.
-Միայն մեկ բանալի կա, որով կարող ես բացել սարքի կողպեքը և այն հանել գլխիցդ: Այն գտնվում է քո մահացած ընկերոջ ստամոքսում, որի հետ միասին բանտ ես նստել: Շուրջդ նայիր, Դեյվիդ, և կհասկանաս, որ ես քեզ չեմ խաբում: Իսկ ավելի լավ է` շտապիր: Ապրել, կամ մեռնել: Կատարիր քո ընտրությունը!
Դեյվիդը սարսափահար պոկեց ձեռքերի կապանքները և կանգնեց ոտքի: Լսեց վայրկյանաչափի սլաքի ձայնը: Փորձեց ձեռքերի օգնությամբ հանել թակարդը, բայց չէր ստացվում: Դեյվիդը մի մարմին տեսավ և մոտեցավ: Նա ճանաչեց ընկերոջը: Մարմնի կողքին դանակ կար: Դեյվիդը վերցրեց այն և փորձեց հարվածել: Այդ պահին ընկերը բացեց աչքերը: Նա դեռ մեռած չէր: Երևում է, նրան թմրանյութերի մեծ չափաբաժին ներարկելով անշարժացրել էին: Դեյվիդը քարացավ: Իսկ վայրկյանաչափի սլաքը իր սպառնալից ձայնով հիշեցնում էր Դեյվիդին, որ ժամանակը անցնում է: Դեյվիդը ստիպված էր անել դա: Դանակի մի քանի հարվածով Դեյվիդը ճեղքեց ընկերոջ փորը:
-Իրականում նա մեռած չէր, այլ ուղղակի չէր կարող շարժվել: Դու պատռել ես կենդանի մարդու փորը:
-Ես գիտեմ...-լացակումաց ասաց Դեյվիդը:
-Ինչ եղավ, երբ գտար բանալին?
Գտնելով բանալին` Դեյվիդը բացեց կողպեքը: Այնուհետև 2 ձեռքով հանեց թակարդը և այն գցեց գետնին: Նա արեց դա ճիշտ ժամանակին, քանի որ հենց օդում թակարդը բացվեց: Դեյվիդը խելագարվածի նման սկսեց աղաղակել: Այդ պահին մի դուռ բացվեց: Նույն տիկնիկը մանկական հեծանիվով մտավ սենյակ և ասաց.
-Շնորհավորում եմ, Դեյվիդ. դու դեռևս կենդանի ես: Շատ մարդիկ անշնորհակալ են կենդանի լինելու համար, բայց ոչ դու: Ոչ այսուհետ:
Ֆիլմը ավարտվում է ոստիկանի հարցով.
-Դու շնորհակալ ես, Դեյվիդ?
Իսկ Դեյվիդը հեկեկում էր: Նա հազիվ փրկել էր իր կյանքը, բայց մոտակա մի քանի տարին անց էր կացնելու բանտում: Նրա պատմածը ոչ ոք լուրջ չէր ընդունել:
-------------------------------------------------------------------------------------------------
ռեժիսոր. James Wan
սցենարի հեղինակ. Leigh Whannell
գլխավոր դերում. Leigh Whannell (Դեյվիդ)
տևողությունը՝ 9 ր 26 վ




Մեջբերել
Էջանիշներ