Իսկ ես համոզված եմ, որ ժամանակը ոչ մի կապ չունի նման բաների հետ։ Բոլոր ժամանակներում էլ եղել է փող, հետևաբար նաև դրա պակաս կամ բացակայություն։ Ես ընդհանրապես չեմ հասկանում այն տարածված կարծիքը, որ մեր ժամանակներում ամեն ինչ ուրիշ է։ Բայց ինչու՞ է ուրիշ։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ նույն բանն են ասել, այն է՝ հիմա ժամանակներն ուրիշ են, հիմա այսպես, հիմա այնպես...Real_one-ի խոսքերից
![]()
Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է արտահայտվել հետևյալ միտքը.
«Ծանր ժամանակներ են եկել, երեխաները չեն հարգում իրենց ծնողներին...»։ Կարծես մեր օրերի համար լինի ասված, չէ՞։ Բայց, պատկերացրեք, Հին Բաբելոնում է ասվել։Այնպես որ, պետք չէ մեղքը գցել ժամանակների վրա։ Մարդու էությունը բոլոր ժամանակներում էլ նույն է եղել։
Լավ, թեմայից շատ շեղվեցի...Կարծում եմ, որ փողը երջանկության նախապայման չի կարող լինել այն իմաստով, ինչ իմաստով որ ես եմ հասկանում երջանկություն բառը։ Այն միայն հեշտացնում է կենցաղը, ինչ-որ առումով ապահովության զգացողություն է տալիս, բայց երբեք չի կարող լուծել բարոյական, հոգեբանական խնդիրները, եթե դրանք կան։
Միայն փողով կարող է երջանկանալ միայն սահմանափակ, վեհ զգացմունքներին ու ձգտումներին անհաղորդ մարդը, որի պահանջներն ու նպատակները կյանքում սահմանափակվում են ճղճիմ նյութական ձեռքբերումներով։
Համաձայն եմ, առանց փողի շա՜տ դժվար է երջանիկ լինելը, որովհետև ինչքան էլ որ հիանալի մարդկային հարաբերություններ լինեն, կենցաղային խնդիրները շատ բան են փչացնում ու շատ դեպքերում թունավորում են մարդու կյանքը, բայց փողի առկայությունն էլ, միևնույն է, դեռ երջանկության նախապայման չէ։ Շատ ավելի կարևոր ու ավելի որոշիչ հանգամանքներ կան մինչև փողը։
Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ գոյություն ունի գիտակցության ու հոգևոր զարգացման այնպիսի մակարդակ, երբ փողի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի ազդեցություն չի ունենում երջանկության վրա։ Բայց դե այդ մակարդակին հասնելու համար դեռ շատ երկար ճանապարհ պիտի անցնենք ու շատ պիտի մաքրվենք նյութեղենից։ Դրա համար հարկավոր է նյութական կախվածությունից ազատվել, ինչն անչափ դժվար է ու, ցավոք, գնալով ավելի է դժվարանում, բայց, միևնույն է, անհնար չէ, միայն ցանկություն լինի։![]()
Էջանիշներ