- Դու լավ չես զգում…- ասաց դասախոսս,- հետո կխոսենք: Ինձ անպայման երեկոյան կզանգահարես:
Այդ օրը ինքնաթիռն ընկավ, և երբ երեկոյան ամեն ինչից անտեղյակ հավաքեցի նրա համարը, ասաց, որ զբաղված է, հետո կզանգի:
Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում եմ… Չէ՛, ավելի ճիշտ հավաքել էի բոլոր ուժերս ու փորձում էի ինքս հաղթահարել… չգիտեմ, թե ինչը: Հիշում եմ՝ ահավոր ժամանակներ էին: Ոչ մի դեպքում այդ ամենի միջով նորից չեմ անցնի: Ասում եմ, բայց իմ կյանքն այդպիսին է: Ավելի վատն էլ եմ ապրել: Ու կամաց-կամաց ոչ թե խաղաղությունս էր ընդմիջվում պատերազմներով, այլ ճիշտ հակառակը: Ժամանակ առ ժամանակ հիշում էի դասախոսիս, բայց նրան զանգահարելու փորձ չէի անում. խոստացել է, կանի, չնայած խելագարություն է մինչև հիմա սպասելը. երևի այնքան խառն է եղել, որ նույնիսկ համարս չի հասցրել պահել:
Մի օր գնեցի՞, վասակեցի՞, թե՞ նվեր ստացա խաղաղությունս… Զգացի, որ կոկա-կոլայի շիշը ձեռքին նստարանների վրայով թռչկոտող աղջիկն եմ դարձել նորից: Ու ոչինչ չէր խանգարում ինձ, նույնիսկ մոլախոտերը… Գուցե անհեթեթություն թվա, բայց վերջիններս ինձ իրոք անհանգստացնում էին մի ժամանակ: Կարծում էի, թե մենակ ես եմ: Կարծում էի մինչև մի պայծառ օր… Աշնանային:
Ես դուրս էի եկել զբոսանքի: Եվ երջանիկ էի: Կառչում էի Արևի վերջին պայծառ ճառագայթներից, ժպտում, ծիծաղում:
- Արև՛, մի՞թե երբ գնաս, նորից նույնն եմ դառնալու,- հարցնում էի:
Արևը ժպտում էր ու ասում.
- Ես երբեք չեմ գնում: Պարզապես ձմռանը դուք սովոր եք ինձ չնկատել: Դուք եք հեռանում, ոչ թե ես:
Ժպտում էի ու փարվում նրան: Արևից թանկ ոչ ոք չկար ինձ համար:
Ու քայլում էի: Չգիտեի, թե ուր էի գնում, բայց ճամփիս ինձ այդքան խանգարող մոլախոտեր չկային, և ես երջանիկ էի:
Ես շատերին եմ հանդիպել իմ զբոսանքների ժամանակ: Բայց այս անգամ ինձ ընդառաջ եկողը… Զարմանալի մի բան… Օվկիանոսն էր: Ես անչափ ուրախացա, երբ նրան տեսա:
շարունակելի
Էջանիշներ