User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Ապրի'ր...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապրի'ր...

    Ապրի՛ր…

    Այս պատմությունը գրելու համար մարդ պիտի առնվազն գլուխը կորցրած լինի: Ասեմ ինչու…որովհետև չես կարող նորից չվերապրել այդ անտանելի զգացումները, չես կարող նորից չկախվել անցյալի դառը խոհերից, չես կարող քեզ չարդարացնել՝ բնականաբար միաժամանակ մեղավոր զգալով: Բայց դե կգրեմ, ոչինչ, այդպես էլ է պատահում, գրեմ իմացե’ք դուք էլ, թե ես ինչքան վատն եմ, ինչքան չար եմ ու անսիրտ, գրեմ՝ պաշտպանեք նյրան... դուք էլ…Հա, միայն թե ինձ չստիպեք այցելել նրան. Ես այդ այլևս չեմ անի. երդվել եմ…
    Ուրեմն մի մտերիմ ընկեր ունեի, անունը Աստղիկ էր /ինչ կարևոր է անունը/։ Ինձ ավելի շատ թվում էր, որ մտերիմս է, որովհետև ուր գնում էի հետս գալիս էր, անընդհատ զանգում էր` սկզբում չվիրավորվելով, որ ես իրեն երբեք չեմ զանգում, կարճ ասած կպել էր ինձնից, չէր պոկվում:
    Ինքը նվիրված էր, ինչ խոսք, բայց չափ ու սահման չուներ իր նվիրվածությունը։ Իրեն համարում էր իմ ընտանիքի անդամը։ Մտքով անցնում էր ներխուժել նույնիսկ կյանքիս ամենաանձնական դարակները, տակնուվրա էր անում մտքերս, ջղայնացնում էր, նվերներ էր տալիս` ասես փորձելով նյութականով սիրտս շահել, ամեն ինչ անում էր ինձ համար, ինչ-որ իսկական քույրը կանի անիրական քրոջ համար։
    Ու Ձեզ միգուցե արդեն թվաց, որ ես էլ ապերախտի մեկն եմ, որ նրան արհամարհում էի ինչ-որ տեղ։ Բայց ի՞նչ է, դա արհամարհե՞լ է…Հենց միայն այն, որ արդեն արյունս էլ էր կարողանում մերել, արդեն իսկ խոսում է իմ ամենամեծ սխալի մասին, որ ես թույլ էի տվել նրան այդ…բա էլ ինչ արհամարհանքի մասին է խոսքը…
    Ինքը կարողացավ...Ես կապվեցի նրան. սկսեցի կարոտել, արդեն նույնիսկ զանգել, այստեղ-այնտեղ պատիվ տալ, խորհուրդներ տալ, օգնել ամեն հարցում ու գիտե՞ս ինչ եղավ. դարձա նրա կյանքի կարևորագույն նախագծի ամենակարևոր կետը…ասենք ամենակարևորը որն է…միակ կետը, ես կասեի…Թող անհամեստ թվա, բայց նա հասկացավ, որ ես բարի’ եմ ու իր գործն արեց, սակայն այդ մասին քիչ հետո, հերթով…
    Շուտով դուք բոլորդ կմտնեք իմ դրության մեջ, կհասկնաք ինձ, հետո մի պահ կատեք, վերջում չգիտեմ՝ ինչ կանեք, բայց հիշեք, որ ինձ բնավ հետաքրքիր չէ՝ ինչ կմտածեք իմ մասին։ Ինձ միայն ձեր դիմախաղն է հետաքրքրում. այն առավել քան համոզված եմ, որ անկեղծ կլինիինձ հետ, բայց դե ափսոս, որ չեմ կարող տեսնել…
    ՄԻայն թե մեծ լավություն արած կլինեք, եթե հետո մոտավորապես նկարագրեք…Չէ…Բա որ էլի անկեղծ չլինեք այս անգամ էլ Ձեզ հետ : Մեկ-մեկ ընթացքում հայելու մեջ նայե՛ք, լա՞վ…
    Ուրեմն այս աղջիկը դրամաների սիրահար էր. իրավիճակներ էր սարքում, ինքն իր հորինածին հավատում էր, սկսում էր ինձ համոզել։ խենթանալ կարելի էր այդ խելահեղ ընկերության մեջ։ Փորձում էր ինձ, իմ նվիրվածության չափը։ Ես ինձ չեմ ների /ասենք արդեն ներելեմ/, որ սկսեցի խղճալ նրան ու սրտիս թուլությունը շփոթեցի ընկերական ջերմ զգացման հետ, բայց դե հո անսիրտ չէի, թույլ սիրտ էի։ Արդեն ասացի՝ կապվեցի. անվիճելի փաստ ու ընկերական ամենասուրբ ճաղեր…Ես հոշոտում եմ ջղերս ու երակներս ցնցվում են ամեն մի նոր հեքիաթից…Ինքն անընդհատ հորինում է, ես վայ-վույ եմ անում, հավատում եմ հիմարի նման, բայց ինքը բնական է խաղում ու բոլորի սուրբն է ինքը` հասնող, սրտաբաց, ընկերասեր։ Մարդիկ սկսում են նրան պաշտել, ու ես միայն այդ ժամանակ եմ հասկանում, որ ինչ-որ բան այն չէ…Ինքը սկսում է բացահայտ պայքարել անարդարությունների դեմ, ես էլ ասում եմ .<<Տե՛ս է, գտած ընկեր է, ո՞նց կարող էի մտքովս անցկացնել կորցնել նրան>>:
    Հետո մի օր ուշքի եմ գալիս /չեմ ուզում շատ խորանալ, դուք ինքներդ նրան շուտով մինչև վերջ կճանաչեք/, հա, ուշքի եմ գալիս, երբ մայրիկս մի օր նայում է ինձ ու ցնցվում հայացքիս փոփոխությունից։ Աչքերս նրան անտանելի դժբախտ են թվում, ձեռքերիս դողը` բանտի ճաղերից քաշքշող թելեր, շուրթերս ճաքել են, այնքան եմ կծոտել, այտերս նիհարել են, որովհետև հաց չեմ ուտում, լուռ քայլում եմ անընդհատ ու ինչ-որ բան եմ մրմնջում, բայց այսքանը ինչ եմ նկարագրում. նա միայն աչքերիս մասին խոսեց.
    «Աչքերիդ սառույցը ջարդի՛ր, փոքրի՛կս։ Եթե ուզում ես մի քիչ լաց եղիր, գրկումս, հետո կխոսենք»։
    Մա՛յր իմ, Ի՛մ գանձ, ովքե՞ր են դրանք, որ այսքան ժամանակ չեն զգացել՝ հետս ինչ է կատարվում, իսկ դու միանգամից զգում ես։ Մի վայրկյան նայում եմ հայելու մեջ…հա, դուք էլ այդպես վարվեք, եթե ուզում եք հասկանալ, թե Ձեզ հետ ինչ է կատարվում…նայում եմ հայելու մեջ, ինձ չեմ ճանաչում...ասում եմ՝ բա ոնց որ Աստղիկը չի տեսել իմ այս ծանր վիճակը։ Օ՜, իմ ամենասու՛րբ ընկե՛ր...ախր նա է հեղինակը։ Կջարդեմ նրա վրձինը…տես՝ ոնց է ինձ այլանդակել։
    Ջարդելը ո՞րն է…իսպառ թողնում եմ այն միջավայրը, որտեղ նա է։ Բարեբախտաբար պայմանները թույլ են տալիս, բայց նա քարի տակից էլ ինձ կգտնի, ասենք քարը որն է, տան տեղը գիտի, հո տունը չենք վաճառելու…տունն էլ քարից է /ինչ հիմարություն/։
    Մտածիր ինչպես կուզես։ Գուցե դա փախուստ էր, թող այդպես լինի, ուրեմն ես փախա նրանից։ Ես շատ անկեղծ եղա նրա հետ, բացատրեցի զգացածս, նա միանգամից ողջ շրջապատին փորձեց իմ դեմ լարել։ Իր նախագծի հերոսին կորցրել էր, հեքիաթների հերոս գտավ, ինչ ասես չհորինեց իմ մասին, բայց մարդիկ նրան չհավատացին, որովհետև հենց իմ շնորհիվ էլ ճանաչեցին նրան, չնայած որ ես բառ անգամ չէի ասել որևէ մեկի։
    Հեռացա...ընդմիշտ...
    Ինձ համար խաղաղ ապրում էի։ Երբեմն միայն հիշում էի նրան, ցնցվում, բայց այդ շատ արագ անցնում էր, և ես երջանիկ էի ։ Ամեն ինչ փոխվեց…զարմանալի է…մեկ տարին ասես ողջ կյանքս փոխել էր և այն մոռանալու դեպքում կյանքս նորից պիտի փոխվեր` այս անգամ վերադառնալով նախկին վիճակին:
    Եվ ահա մի օր, երբ ես ինձ համար ապրում էի…հա միայն ինձ համար։ Հավատացե՛ք, որ ծնողների, ընկերների հոգսերով տարվելը, նրանց օգնելը, նրանցով ապրելը հենց քեզ համար ապրելն է նաև, բայց դա նույնիսկ հաճելի էր, իսկ այն Աստղիկը, այն թյուրիմածությունը, ինչպես ես սիրում էի նրան անվանել հետո, նա ուզում էր անել այնպես, որ իր համար ապրեի…
    Էէէ…շատ չերկարացնեմ…
    Այսպես…
    Մի օր զանգում է ինձ նրա մայրը.
    -Լսում եմ,-համարն անծանոթ է։
    -Բարև, Լիլիթի հետ եմ խոսում
    -Այո
    -Քեզ մի խնդրանք ունեմ
    -Ո՞վ է,-զարմացա, գոնե ներկայանան սկզբից։
    -Աստղիկի մայրն է
    Միանագամից հասկացա՝ ում մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ հարցրի.
    -Ո՞ր Աստղիկի
    -Քո մտերիմ ընկերունու
    -Մտերի՜մ,-էս կինը գժվել է, ի՞նչ է... նա վաղուց արդեն իմ մտերիմը չէ, ի՞նչ խաղ է…
    -Լավ, դա կարևոր չէ, դու պետք ես նրան և ուրեմն և ինձ
    -Չէ՞ք կարող ավելի պարզ
    -Նա ծանր հիվանդ է, դու նրան պետք ես
    -Բայց ես բժիշկ չեմ,-ես նույնիսկ ծիծաղեցի, ինչի համար հենց նույն պահին զղջացի։
    -Ես էլ չգիտեմ, թե ինչու հենց դու, բայց նա պնդում է, որ հենց քեզ է ուզում տեսնել։ Դու մեր տոան տեղը գիտես, չէ՞... եթե մոռացել ես, ես քեզ կդիմավորեմ
    « Էս կինն ի՞նչ է ինձնից ուզում։ Խնդրանքն արդեն հրամանի վերածվեց…
    Այ քեզ բան, բոլորն են գժվել…որտեղի՞ց եկար էէէ….թքած ունեմ, ինձ հանգիստ թողե՛ք…»
    Երանի այս ամենը հենց նրան ասեի ու դրանով ամեն ինչ փակվեր, բայց ես ասացի.
    -Տան տեղը հիշում եմ, կմտածեմ, հաջողություն,-ու կախեցի լսափողը` առանց սպասելու նրա պատասխանին:
    Գլուխս նորից կորցրի…
    Տե’ր Աստված, էլի հայտնվեց…էլի կկապի ինձ` այս անգամ էլ հիվանդության պատճառով…մինչ այդ նման խաղեր եղել են, բայց սա մի՞թե իրական է:Երանի մայրիկը շուտ տուն գա, երանի արգելի ինձ գնալ նրանց տուն, երանի նույնիսկ ուժ գործադրի, որ չգնամ, երանի ինձ կապի, ծեծի, չէ, երանի չմեղադրի եթե գնամ...այս ի՞նչ է, Աստվա՛ծ իմ։ Ի՞նչ եղավ նորից..ու՞ր գնամ, ինչի՞ Համար էէէ...բոլորը լքել են, ինձնից կպավ։ Ես հո սպեղանի չեմ։ Հենց հիմա կգնամ: Չէ, կսպասեմ մայրիկին…
    Մայրիկը եկավ տուն, պատմեցի, գունատվեց հիշեց ինձ այն ժամանակ, հիշեց իր տանջվող աղջկան, որը ոչ մի կերպ ոչինչ բացատրել չէր կարողանում և նրան հայտնի էր միայն անունը ցավի` Աստղիկ։ Ու նորից հանկարծ իր բալիկին կանչում են։ Այն էլ այս անգամ մայրն է կանչում, ինչը ավելի բարդ է. ընտանիքն է կառչում այժմ իր բալիկից;
    Մայրս սկզբում արգելեց ինձ, հետո ուզում էր զանգել ու խոսել Աստղիկի մայրիկի հետ, հետո դա անհեթեթ համարեց, մի քիչ խորհեց, հետո ասաց.
    -Վարվի՛ր այնպես, ինչպես կուզես, սիրելի՛ս։
    Քիչ անց ուրիշ ճանապարհ էլ չթողեց.
    -Գնա՛, գուցե իրոք նրան շատ ես պետք: Եթե զգաս, որ նորից տանջում է քեզ, ես քեզ կստիպեմ մոռանալ նրա հասցեն:
    Գնացի…
    Ճանապարհին հիշեցի մի դեպք: Մինչև հասնենք նրանց տուն, կհասցնեմ պատմել:
    Ուրեմն մի անգամ Աստղիկը իմ նվիրվածության աստիճանը փորձելու համար զանգահարում է ինձ գիշերվա ժամը մեկին ու ասում, որ սարսափելի վատ է իրեն զգում, ասես մեռնում է, ուզում է տեսնել ինձ, կարևոր բան պիտի ասի։ Սարսափելի բնական շնչակտուր է լինում, ձայնը դողում է ասես ուղիղ կապ է հաստատել ինձ հետ արցունքի միջոցով: Ես ասում եմ` կգամ ու նետվում եմ հայրիկիս մոտ, խնդրում եմ նրան ինձ հասցնել Աստղիկենց տուն։ Այդ ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ ես նույնիսկ հայրիկին չեմ թողնում կոշիկներ հագնի, լեղապատառ ինձ դուրս եմ գցում։ Արդեն շարժվում ենք, մեկ էլ մայրիկս պատուհանից գրեթե շշուկով, բայց լռության մեջ ձայնը լսում ենք` հետ եկեք…/պարզ է՝ ստիպված մորս ամեն բան բացատրել էր և ներողություն խնդրել/։
    Ու հենց այդ պահին ես հասկանում եմ, որ նա հիմարացրել է ինձ, իսկ ես, նրան հավատալով, ծնողներիս…
    Կարծում եք ե՞ս էի ամենամեծ հիմարը։ Բայց դուք այդ ձայնը մեկ անգամ պիտի լսեիք...այդքան համոզիչ…և հետո ես այդ մեկը հաստատ գիտեի, որ նա առողջական խնդիրներ ուներ։
    Դիտարկենք այս պատմությունը իբրև մինչև նրանց տուն հասնելը չձանձրանալու և էլի ձեզ համար մի քանի բաներ պարզ դարձնելու միջոց։
    Բայց դե ես այդքան շուտ նրանց տուն չէի հասնի…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.09.2007, 02:01:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •