Ես գտնում եմ, որ ո՛չ արածի, ո՛չ չարածի համար պետք չէ փոշմանել, քանզի երբեք չես իմանա, թե ինչ կլիներ, եթե տվյալ բանն անեիր կամ չանեիր: Մարդկային կյանքը նրանով հիասքանչ ու յուրահատուկ, որ որևէ բան անել կամ չանելու համար երբեք երկրորդ հնարավորություն չի տրվում: Եթե երկրորդ անգամ ես նույն երկընտրանքի առջև կանգնած, դա երկրորդ հնարավորություն չէ, նույն բանի մի քիչ ուրիշ տարբերակն է: Մի խոսքով, նույն գետը երկու անգամ չես մտնի…

Դրա համար, կարծում եմ, չարժե մեզ տանջել նման հարցերով. «Ի՞նչ կլիներ, եթե էսինչ բանը չանեի», «Ինչու՞ չարեցի: Բա որ լրիվ ուրիշ բան լիներ»:

Ես ինքս ընդհանրապես աշխատում եմ հնարավորինս քիչ բաների համար փոշմանել: Ես հիմնականում ստիպված եմ լինում արածներիս մասին մտածել, քանզի հաճախ շատ բաներ առանց ինձ հաշիվ տալու եմ անում, իսկ լավ վերլուծված բաների համար էլ չեմ փոշմանում: Միևնույն է, եթե որևէ բան որոշում եմ, անում եմ: Չարած բաներ շատ քիչ կան իմ կյանքում: Այդուհանդերձ, կարող եմ հասկանալ, որ այսինչ սխալն եմ թույլ տվել, որ պետք չէր անել, բայց վերջում ինքս ինձ ասում եմ. «Լավ եմ արել, սխալվել եմ»: