Լուրջ ձեւափոխման-տրանսֆորմացիայի ենթարկվեց նաեւ նախագահական իշխանության գլխավոր հակակշիռը՝ Ազգային ժողովը, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա Հանրապետական ու ՀԺԿ-ական մեծամասնության (այլ կերպ՝ ՙՄիասնություն՚ դաշինքի) բազմաթիվ պատեհապաշտ ներկայացուցիչներ, դավաճանելով իրենց նահատակված առաջնորդներին, հավատարմության երդում տվին Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդարանն, այդպիսով, քաղաքական մարմնից վերածվեց ամորֆ, գաղափարազուրկ, ստորաքարշ ժողովարանի, դառնալով նախագահական իշխանության պարզ կցորդն ու հլու կամակատարը։ Ռեժիմը վերջնական կատարելության հասավ այս տարվա խորհրդարանական ընտրությունների եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հայտնվելու շնորհիվ։ Այսօր մենք արդեն գործ ունենք լիովին մոնոլիտ, բացարձակապես անվերահսկելի եւ քրեական պարտավորություններով համաձուլված իշխանական փակ համակարգի հետ։
Ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները Քոչարյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն է։ Այն ոչ մի կապ չունի ո՜չ սոցիալիզմի, ո՜չ ֆեոդալիզմի, ո՜չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Օրուգիշեր թմբկահարվող լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով։
Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողահատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը։ Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։
Այլապես աշխարհի ո՞ր երկրում կարելի էր պատկերացնել, որ ՙՊԱԶ՚-ի մի սովորական վարորդ մեկ-երկու տարում այնքան կարող է հարստանալ, որ ընդունակ լինի տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ կատարել, ասեն է, ոչ թե իր հայրենի Արցախի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Կամ՝ 25-ամյա մի երիտասարդ, համալսարանն ավարտելուց 2-3 տարի անց, կարող է դառնալ Հայաստանի 10 ամենահարուստ գործարարներից մեկը։
Պաշտոնական վիճակագրությունը տարեցտարի Հայաստանի տնտեսական զարգացման վագրային թռիչքներ է արձանագրում, որոնք արտահայտվում են համախառն ներքին արդյունքի աճի երկնիշ թվերով։ Սակայն լուրջ տնտեսագետների ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ ցուցանիշները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եւ տարեկան աճն իրականում չի գերազանցում 3-4 տոկոսը։ Ո՞րն է, արդ, երկնիշ թվերի հայտնության գաղտնիքը։
Բանից պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա. տնտեսական աճի թվերը ուղիղ համեմատական են արտասահմանյան տրանսֆերների դինամիկային։ Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն աճում է այնքան, որքան ավելանում են այդ տրանսֆերները, որոնց ծավալն այս տարի արդեն կհասնի 2 միլիարդ դոլարի։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը եթե զարգանում է իսկ, ապա զարգանում է Հայաստանի սահմաններից դուրս, գլխավորապես Ռուսաստան պանդխտած հարյուրհազարավոր հայ աշխատավորների մկանային էներգիայի հաշվին։ Պատահական չէր նախորդ ելույթում իմ հնչեցրած այն միտքը, որ Հայաստանի միակ կապիտալն այսօր աշխատուժի արտահանումն է։
Ցավալիորեն, հիմնականում օտարների ձեռքում գտնվող հանքային, էներգետիկ եւ հեռահաղորդակցային ընկերությունները դեռեւս Հայաստանին որեւէ ռեալ շահույթ չեն ապահովում, բացի աշխատավարձից եւ սոցիալական հարկի մուծումներից։
Պաշտոնական վիճակագրությունը կեղծ է նաեւ մի այլ առումով։ Հանցագործաբար թաքցվում են Հայաստան ներկրվող մենաշնորհային ապրանքների, մասնավորապես բենզինի ծավալները։ Դեռեւս 1997թ. աշնանը Հայաստանն արդեն ներմուծում էր ամսական 30.000 տոննա բենզին։ 2002 թվականից սկսած, ըստ վիճակագրական տվյալների, բենզինի ներկրման ամսական ծավալները կազմում են ընդամենը 12.000 – 15.000 տոննա՝ ծիծաղելի մի թիվ, եթե հաշվի առնենք ավտոմեքենաների թվի անընդհատ աճը։ Իրականում, սակայն, ամեն ամիս հանրապետություն է ներմուծվում ավելի քան 50.000 տոննա բենզին։ Սա այլ կերպ, քան մեծագույն ձեռնածություն, պետական մաքսանենգություն կամ դարի հանցագործություն չի կարելի անվանել, որը, կասկածից վեր է, հետագայում դառնալու է բազմաթիվ խորհրդարանական հանձնաժողովների եւ դատական մարմինների քննության առարկա։ Մոտավորապես նույնն է վիճակը նաեւ մենաշնորհային այլ ապրանքների ներմուծման պարագայում։
Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում։ Շատերի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից փաստվում է, որ Հայաստանի տնտեսության մի զգալի հատված ստվերային է։ Իմ կարծիքով, սակայն, սա պարզ եւֆիմիզմ կամ մեղմասացություն է։ ուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա։
Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից։
Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից։
Էջանիշներ