Այսպես էր իր ելույթը վերնագրել ՀՀ Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խոսքի սկզբից եւեթ հարկ համարեց զգուշացնել, որ տալու է զուտ քաղաքական գնահատականներ՝ հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա.ՙԱյդ գնահատականները, հետեւաբար, իրավական ուժ չունեն եւ ամենեւին չեն սասանում ստորեւ հիշատակվելիք անձանց անմեղության կանխավարկածը։ Քանի դեռ չկան եւ չեն լինի դատական կարգով ընդունված վճիռներ՝ նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրը՚,- ասաց Տեր Պետրոսյանը եւ բացատրեց քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը. ՙԻմ ելույթում Հայաստանի ներկա իշխանությունը ես բնութագրել էի հետեւյալ խոսքերով. ՙՎերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը՚։ Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է ՙկլեպտոկրատիա՚, բառացի՝ ՙգողապետություն՚։ Սակայն ես կնախընտրեի ՙավազակապետություն՚ բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային։
Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով։ Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով։ Այնինչ, միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է, կամ առավելագույնն՝ օբյեկտ, պետական շահ կոչեցյալը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում։ Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին։ Որքան շատ են խոսում հայրենասիրությունից, պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից՚,- գործող վարչախմբի էությունն է բացատրում Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՙԱվազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով։ Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն եւորգյանը։ Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր։
Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ։ Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն եւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը։ Այսինքն, նրանք օժտված էին իրենց իրավասություներից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից։ Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի։ Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան։ Թեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից։ Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին։
Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը։ Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռքբերված հսկայական գումարների օրինականացման գործը։
Եւ վերջապես, հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը։ Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ։
Ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը
Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից։ Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ Խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էր նրանց լիակատար հսկողության տակ։ Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ միայն անհնար էր դարձնում նախագահի կողմից որեւէ օրինախախտում, այլեւ վերջինիս լիազորությունները հավասարեցնում Անգլիայի թագուհու կարգավիճակի։ Հոկտեմբերյան սպանդն էր, ահա, այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը։
Այդ եղեռնագործությունից հետո՝ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում, հաղթահարելով ապրած կարճատեւ խուճապը եւ ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբն ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար մարմիններից՝ վարչապետ Արամ Սարգսյանից, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանից, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից, ինչպես նաեւ Հանրապետական ու ՀԺԿ-ական մնացյալ բոլոր նախարարներից ու պաշտոնյաններից՝ Վահան Շիրխանյան, Լեւոն Բարխուդարյան, Սմբատ Այվազյան, Շահեն Կարամանուկյան, Զավեն եւորգյան, Լեոնիդ Հակոբյան, եղամ Հարությունյան, Էդուարդ Սիմոնյանց, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Հակոբյան, Դավիթ Մաթեւոսյան, Մուշեղ Սաղաթելյան, Արմեն Եղիազարյան, Արտակ Զեյնալյան եւ ուրիշներ։
Էջանիշներ