Լրագրող Ջաստին Հագլերը բրիտանական «Ինդիփենդենտ» թերթի օգոստոսի 30-ի համարում քննարկում է Թուրքիայում կատարվող ահաբեկչական գործողությունները

Կարծես Թուրքիան ռմբակոծումների նոր տարափի է դիմակայում, եւ այս անգամ թիրախ են դարձել զբոսաշրջիկները: Ստամբուլում եւ զբոսաշրջության առումով երկու կարեւոր կենտրոններում իրականացված պայթյունների հետեւանքով սպանվել են առնվազն 3 եւ վիրավորվել 47 հոգի, այդ թվում՝ 10 բրիտանացիներ:

Ստամբուլը «Ալ Ղաիդայի» ոճի ռմբակոծումների թիրախ էր դարձել 2003 թ.-ին, բայց այս անգամ, ինչպես երեւում է, կատարվածը իսլամ ծայրահեղականների գործը չէ: Ավելի հին մի թշնամի՝ Քուրդ անջատողականների խմբակցությունը դարձյալ գլուխ է բարձրացրել: Նրանք իրենց անվանում են «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ) եւ պայթյունների պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել, սեփական կայքէջում հայտարարելով. «Մենք զգուշացրել էինք, որ Թուրքիան անվտանգ երկիր չէ: Զբոսաշրջիկները չպետք է այցելեն Թուրքիա»:

Վերջին պայթյունները հաստատում են ավելի վաղ շրջանառվող լուրերը, որ Թուրքիան արդեն բավական ժամանակ փորձում է քողարկել զբոսաշրջիկության հանգստավայրերի դեմ ուղղված պայթյունների շարքի վտանգը: Իրականում ամբողջ տարվա ընթացքում Ստամբուլում եւ հայտնի հանգստավայրերում պայթյուններ են տեղի ունեցել: Երբ հունիսին Մանավ-Գատում պայթյունից չորս հոգի սպանվեց, իշխանությունները հայտարարեցին, թե գազաբալոնի թերության պատճառով էր առաջացել պայթյունը, մինչդեռ ՔԱԲ-ը ստանձնեց պատասխանատվությունը, եւ թուրքական թերթերն էլ գրեցին, որ հավանաբար այնտեղ ռումբ էր զետեղված եղել:

Ովքե՞ր են «Քուրդիստանի ազատության բազեները»

Շատ հստակ չէ, բայց որոշ դիտորդներ կասկածում են, որ դա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտական ճակատն է: Ուրիշները հավատացած են, որ PKK-ից անջատված հրամանատարների խմբակցություն է՝ հար եւ նման IRA-ին եւ նրանից անջատված «իսկական» IRA-ին (Իռլանդիայի ազգային ազատագրական բանակ): Բազեներն առաջին անգամ հայտնվեցին 2004 թ.-ին՝ այն ժամանակ, երբ PKK-ն հրաժարվեց միակողմանի հրադադարից: Ուղղակի զբոսաշրջիկներին հարվածելը նորություն էր PKK-ի մարտավարության մեջ: Մինչ այդ, նույնիսկ PKK-ի ամենաակտիվ ժամանակաշրջանում, հարվածներն ընդհանրապես ուղղված էին թուրքական զինվորականության դեմ, չնայած հազվադեպ հարձակումներ իրականացվում էին նաեւ քաղաքացիների, զբոսաշրջիկների վրա:

Ենթադրվում է, որ ցարդ առնվազն 30 հազար հոգի է սպանվել PKK-ի եւ Թուրքիայի միջեւ մղված պատերազմի հետեւանքով: Բայց այսօր նախկինում հզոր PKK-ից միայն ստվերն է մնացել: Վճռականորեն տրամադրված բանակը, որը 1990-ականներին կռվում էր հարավարեւելյան թուրքական քաղաքներն իր հսկողության տակ վերցնելու համար, հիմնականում քայքայված է թուրքական բանակի բիրտ ուժի գործադրման, 1999 թ.-ին նրանց առաջնորդ Օջալանի ձերբակալման եւ հեռուստաէկրանների առաջ նրան շղթայակապ բանտ առաջնորդելու հետեւանքով:

Երբ Օջալանը դատարանի դահլիճից կոչ արեց «խաղաղ կարգավորման» օգտին, PKK-ն միակողմանի հրադադար հայտարարեց, որը տեւեց մինչեւ 2004 թ.-ը: Այդ ժամանակից PKK-ն վերսկսել է բռնությունները հիմնականում թուրք զինվորականության դեմ: Իսկ «Բազեները» իրականացնում են հարձակումներ քաղաքացիների վրա:

Ո՞րն է այսօր քրդերի կարգավիճակը Թուրքիայում

Կազմելով Թուրքիայի բնակչության մեկ քառորդ կամ մեկ երրորդ մասը, քրդերն աշխարհի ամենաբազմաքանակ ժողովուրդն են, որոնք դեռեւս պետականություն չունեն: Մի ժամանակ Թուրքիայում անօրինական էր քուրդ լինելը հավաստելը կամ քրդերեն խոսելը: Այս վերջինը նշանակում էր, մանավանդ գյուղաբնակ կանանց համար, ընդհանրապես չխոսել, քանի որ նրանք քրդերենից բացի ուրիշ լեզու չգիտեն: Ապստամբներին ճնշելու իրենց գազանային քաղաքականությունը իրականացնելիս թուրք զինվորականներն այրել են եւ գետնին հավասարեցրել ավելի քան 3000 քրդական գյուղեր, անտուն եւ առանց գոյության նվազագույն միջոցների թողնելով հարյուր հազարավոր մարդկանց:

Ճիշտ է, ծայրահեղ գործողությունները նրանց դեմ արդեն դադարեցվել են մեծապես Եվրոմիությանն անդամակցելու Թուրքիայի ցանկության շնորհիվ, քանի որ ԵՄ-ն հատուկ հասկացրել է, որ քրդական փոքրամասնության իրավունքները պետք է բավարարվեն նախքան անդամակցությունը, սակայն, դիտորդների գնահատմամբ, քրդերի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը դեռեւս զուտ «կոսմետիկական» բնույթ է կրում եւ բռնությունների վերսկսումը ապացուցել է, որ քրդերը դեռ դժգոհ են իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից:

Ի՞նչ է այս ամենը նշանակում

ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումներին ընդդիմացողները (եւ նրանք քիչ չեն) կարող են կառչել վերջին իրադարձություններից ցույց տալու համար, որ Թուրքիան դեռ չի լուծել քրդական հարցը: ԵՄ-ն մտադիր չէ իր շարքերում ընդգրկել էթնիկական ապստամբության խնդիրներ ունեցող մի երկիր:

Բայց, մյուս կողմից, պայթյուններն իրականացնողները (ովքեր էլ լինեն նրանք), պետք է հասկանան, որ աշխարհն այլեւս (9/11-ից հետո) չի հանդուրժում նման մարտավարություններ: Այդ պայթյունների հետեւանքով Թուրքիան ամբողջական աջակցություն կարող է ստանալ (չնայած միշտ էլ ստացել է) Մ. Նահանգներից:

Ինչ վերաբերում է Եվրոմիության հակազդեցությանը, դա կարող է կախված լինել Թուրքիայի ձեռնարկած միջոցներից: 90-ականներին Թուրքիային հաջողվեց ճզմել PKK-ին անասելի բռնություններով եւ գազանություններով: Պարզ է, որ ԵՄ-ն այժմ չի հանդուրժի նման մարտավարություն:

Իրա՞քն է պատճառը

PKK-ի կողմից պայթյունների վերսկսումն արդյոք պայմանավորվա՞ծ է Իրաքում քրդերի դրությամբ: Թուրքերն այս հարցին անկասկած «այո» են պատասխանում: PKK-ն տարիներ շարունակ Հյուսիսային Իրաքի քրդական լեռները օգտագործել էր որպես ռազմական «ապահով ապաստարան»: Սադդամի տապալումով նրանց պետք է դուրս քշեին այդ վայրերից, բայց իրաքյան ներկա անիշխանության պայմաններում, ըստ Թուրքիայի, նրանք դեռեւս զբաղեցնում են իրենց նախկին դիրքերը:

Նախկինում թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ սահմանն անցնելով «որսում էր» քուրդ ապստամբներին, բայց հիմա դրությունն այլ է: Իրաքի կառավարությունը թույլ չի տալիս նման գործողություններ, վախենալով թուրքերի տարածքային նկրտումներից: Իսկ Իրաքի անվտանգության զորամիավորումներն ի վիճակի չեն վերահսկելու PKK-ի գործողությունները: Ավելին, իրաքյան քրդերի ներկայիս վայելած որոշակի ինքնավարությունը օրինակ է ծառայում Թուրքիայում ապրող քրդերի համար: Նրանք էլ են ցանկանում ձեռք բերել ինքնավարություն:
Ի՞նչ կասեք քրդական շարժման նպատակների մասին