Մանրամասն՝Փորք ոսկի և դժբախտ պատահար
Անթալիայում այսօր ասպարեզ են դուրս եկել 85կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ևս 2 ներկայացուցիչ ունի, որոնցից Արա Խաչատրյանը հիանալի ելույթ ունեցավ պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 175կգ: Մեր մյուս ծանրորդը` Տիգրան Վ. Մարտիրոսյանը, անսպասելիորեն 0 ստացավ`ձախողելով 3 մոտեցումները:
Պոկում վարժությունից հետո Արա Խաչատրյանը չեմպիոնի գլխավոր հավակնորդն է: Այս քաշային կարգի ֆավորիտ Լի Յոնգը (Չինաստան) 170 կգ է բարձրացրել և ընդամենը 4-րդն է: 173կգ-ով 2-րդ տեղում է լեհ Ադրիան Զելինսկին: Լավագույն եռյակը 172կգ-ով եզրափակում է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Յուֆկինը:
Սպասենք հրում վարժությանը, որում Արա Խաչատրյանն առաջին մոտեցման համար պատվիրել է 200կգ: Չինացի Լի Յոնգը ցանկանում է ելույթները սկսել 205կգ-ից:
23:04 Տիգրան Վ. Մարտիրոսյանը հրաժարվել է հանդես գալ հրում վարժությունում: Հավանաբար Տիգրանը վնասվածք ունի: Հիշեցնենք, որ երեկ նույն իրավիճակում հայտնվեց 77կգ քաշային Գևորգ Դավթյանը:
23:08 Լի Յոնգը օլիմպիական խաղերի չեմպիոնն է, ով նախորդ տարի ոսկե մեդալ նվաճեց նաև աշխարհի առաջնությունում: 2009թ. նա պոկում վարժությունում բարձրացրել է 175կգ, իսկ հրումում` 205կգ:
23:11 Արա Խաչատրյանը 3 անգամ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, որոնցից 2 անգամ նա հանդես է եկել 77կգ քաշայինների պայքարում: 2006թ. աշխարհի առաջնությունում Արան բրոնզե մեդալի է արժանացել:
23:17 Ափսոս, մեր ծանրորդը շատ լուրջ վնասվածք է ստանում: Սա պարզապես դժբախտություն էր: Պոկում վարժությունում ունեցած փայլուն ելույթից հետո Արա Խաչատրյանը հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ (201 կգ) լուրջ վնասվածք ստացավ և սկսեց գալարվել սաստիկ ցավից: Հուսանք, որ գյումրեցի 28-ամյա ծանրորդն արագորեն ուշքի կգա այս վնասվածքից և հետագայում նոր հաջողություններ կունենա ծանրամարտում: Իսկ այսօր նա դուրս է մնում հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում երեկ ոսկե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանը, իսկ ավելի վաղ բրոնզե մեդալի էր արժանացել Մելինե Դալուզյանը:
23:46 Չեմպիոնի կոչումը նվաճեց Լեհաստանի ներկայացուցիչ Ադրիան Զելինսկին, ով հրում վարժությունում բարձրացրեց 211կգ և երկամարտի 383կգ-ով հանգրվանեց 1-ին տեղում: Չինացի Լի Յոնգը առաջին մոտեցումից հետո հրաժարվեց հետագա պայքարից և 372կգ-ով գրավեց 5-րդ հորիզոնականը:
Աղբյուր
Էջանիշներ