Chuk. Ակումբի ու կյանքի մասին
“Քիչ բան չէ նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր ընկերներ, համախոհներ ձեռք բերելը, որոնց հետ գուցե մի օր աշխարհ էլ կշրջեն”
Philosopher
Բարև, Chuk
Chuk
Ողջույն, Philosopher
Philosopher
Չեմ հարցնում ոնց ես: Անդրադառնում եմ էդ խնդրի հետ կապված մի այլ հանգամանքի: Հերթական անգամ շրջում ես ակումբում, ի՞նչ ես տեսնում:
Chuk
Շատ բաներ եմ տեսնում, բայց կարծում եմ, որ ավելի շատը չեմ տեսնում: Ամենից ավելի աչքիս հիմա դժգոհություններն են ընկնում ու փորձում եմ հասկանալ այդ դժգոհություններից ամեն մեկի պատճառը: Կարծես թե հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուրը որոշակի սպասելիք ունի ակումբից, և այդ սպասելիքի գոնե մի մասը չի կատարվում... ինչպես, օրինակ, չեն կատարվում իմ սպասելիքներից շատերը: Ես ակումբը կուզեի տեսնել որպես «դպրոց», որտեղ ամեն այցելության ժամանակ մի նոր ու հետաքրքիր բան եմ սովորում, ամրապնդում եմ գիտելիքներս... ցավոք այնպիսի տպավորություն է, որ այցելուների ճնշող մեծամասնությունը մտնում են միայն ժամանակ անցկացնելու, այլ ոչ թե ինֆորմացիա փոխանակելու, գիտելիքները փոխանցելու, ուրիշի ունեցած գիտելիքներ վերցնելու համար: Ափսոսում եմ, որ այդպես է:
Philosopher
Ակումբը ստեղծելիս ո՞րն էր քո հիմնական նպատակը, ու՞ր է հասել այդ նպատակիդ իրականացումը:
Chuk
Եթե խոսեմ ստեղծելու պահին ունեցած հիմնական նպատակի մասին, ապա հանգիստ կարող եմ ասել, որ այն արդեն իսկ իրականացել է: Մինչ ակումբի բացումը շատ-շատ մարդկանց հետ, որոնցից շատերը վեբ ոլորտի աշխատողներ էին, բազմաթիվ վիճաբանություններ եմ ունեցել, որոնցում մասնավորապես պնդում էին, թե իբր հայատառ շփումն ինտերնետում դեռևս անհնար է: Խոսքը գնում էր թե տեխնիկական հնարավորությունների, թե մարդկանց հոգեբանական պատրաստության մասին: Շատերն ասում էին, թե իբր հայերը դեռ պատրաստ չեն ինտերնետում հայերեն շփվելուն, որ կնախընտրեն օտար լեզուները կամ translit-ը: Ակումբը, կարծում եմ, ապացուցեց, որ նրանք սխալվում էին, որ կային թե՛ տեխնիկական հնարավորությունները և թե՛ մարդկանց էր դա պետք, որ նրանք պատրաստ էին հայատառ շփումին, նրանք դա ուզում էին:
Chuk
Սակայն ակումբի ստեղծումից առ այսօր նպատակները փոխվել են:
Philosopher
Ու որո՞նք են արդեն այսօրվա, ավելի քան մեկամյա ակումբի նպատակները:
Chuk
Այ հենց դա էր, որ ուզում էի ու չգրեցի: Ամբողջ հարցն այն է, որ ակումբի գլխավոր նպատակներն անընդհատ փոփոխվել են: Դա չի նշանակում, թե մոռացվել են հին նպատակները: Ո՛չ: Ուղղակի նորերն ավելի առաջ են մղվել, քանի որ համարվել են ավելի կարևոր, ավելի արդիական: Խոսել այսօրվա նպատակների մասին նշանակում է չխոսել վաղվանի մասին: Բայց ամեն դեպքում, որոնք էլ որ լինեն վաղվա նպատակները, կարծում եմ, որ դրանք կլինեն այսօրվա նպատակներից մեկի շարունակությունը, որն է ակումբը դուրս բերել «վիրտուալի» սահմաններից, չսահմանափակվել ֆորումով:
Philosopher
Ի դեպ, այն արդեն դուրս է եկել, նկատի ունեմ հանդիպումները: Ի՞նչ ես կարծում` շփման էս երկու` վիրտուալ ու իրական ձևերը ի՞նչ են տալիս ակումբին, ի՞նչ են վերցնում նրանից:
Chuk
Հանդիպումների թողած ազդեցությունները տարբեր են: Նախ խոսենք հանդիպումներին եկող ակումբցիների մասին: Նրանց մեծ մասը համոզվում են, որ այնտեղ են, որտեղ կուզեին լինել, ճանաչելով զրուցակցին անձամբ, տեսնելով նրա հայացքի խորությունը, դեմքի հարազատ միմիկան, տեսնում են, որ սա իրոք այն մարդն էր, ում հետ ուզում էն քննարկումներ անցկացնել: Այս մարդկանց հանդիպումները օգնում են ավելի «նվիրվել» ակումբին, դառնալ ակումբցի: Բայց կան և երկրորդ տիպի մարդիկ, ովքեր հիասթափվում են հանդիպումների պատճառով, թեև աշխատում են ցույց չտալ: Նրանք տեսնում են, որ սա այն ընկերախումբը չէ, որին ձգտում են, և այդտեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: Հանդիպումների չեկող ակումբցիները լսելով հանդիպումների մասին սկսում են հասկանալ, իմ կարծիքով, որ այս ակումբում կենդանի շփում կա, որը շատերին հրապուրում է: Բայց այս հանդիպումներն անշուշտ բացասական կողմեր էլ ունեն: Նույն հանդիպումների չեկող ակումբցիներից շատերը կարծում են, որ դժվար թե կարողանան ընդգրկվել արդեն կուռ ընկերախմբի մեջ ու հիասթափվում են երբեմն նույնիսկ այն աստիճանի, որ էլ ֆորում էլ չեն մտնում: Հա, ինչ վերաբերվում է ֆորումին... հանդիպումների պատճառով նրա ակտիվությունն ընկնում է, քննարկվող նյութերի քանակը, կատարվող գրառումները պակասում են, քանի որ շատերը իրենց ասելիքը ասում են հանդիպումներին, ինչ-որ տեղ կարծես սպառում են իրենց: Իսկ ֆորումային շփումը... դա միայն սկիզբն է, որը ակումբցիներին կարող է գրավել դեպի երկրորդ, իրական, ավելի կարևոր ու հետաքրքիր շփմանը: Քիչ բան չէ նոր մարդկանց հետ ծանոթանալը, նոր ընկերներ, համախոհներ ձեռք բերելը, որոնց հետ գուցե մի օր աշխարհ էլ կշրջեն:
Philosopher
Ամենամեծ բանը, որ քեզ տվել է ակումբը` որպես մարդ:
Chuk
Քեզ ու էլի ուրիշ ընկերներ:
Philosopher
Միայն ուրախություն ու ընկերներ, թե՞ նաև ուրիշ զգացումներ ես ունենում ակումբի հետ կապված:
Chuk
Օօօօ՜: Զգացմունքները շատ են: Անհնար է առանց զայրանալու, առանց նեղսրտելու հետևել մի ակումբի գործունեությանը, որտեղ կան ամենատարբեր հայացքների տեր մարդիկ, որտեղ կան վեճեր ու փոխադարձ վիրավորանքներ, որտեղ մուտք են գործել մարդկային փոխհարաբերությունները` իրենց բոլոր դրսևորումներով: Անհնար է գործել առանց ինչ-որ մեկին վիրավորելու ու առանց ինչ-որ մեկից վիրավորվելու: Անհնար է չլինել շփոթված ու լցվել ատելությամբ, երբ ստիպված ես վիրավորել մտերմիդ այդ ակումբի բնականոն գործունեությունը կարգավորելու համար: Անհնար է չլինել նվաստացած, երբ ստիպված ես կուլ տալ վիրավորանքները քո իսկ սահմանած կանոնները պահպանելու համար: Մի խոսքով այստեղ գտել եմ այն ամենը, ինչը գտել էի կյանքում. թե՛ ընկերներ, թե՛ թշնամիներ, թե՛ ուրախություն, թե՛ տխրություն...
Philosopher
Եվ այդ գտածովդ, եթե ամփոփենք զգացումներդ, ուրա՞խ ես, թե՞ դեռ փնտրում ես եզրահանգումը:
Chuk
Եթե ես մի օր դադարեցնեմ նոր բաների որոնումը, սահմանափակվեմ նրանով, ինչ-որ ունեմ, իմացի, որ դա նշանակում է միայն մեկ բան. մահվանից հետո այլ կյանք չկա:
Philosopher
Բայց ես և այնպես` ակումբը քեզ տվեց ու տալիս է... Բազմակետերը լրացրու, ժանրը պահանջում է`
մեկ բառով
Chuk
ինքնահաստատու՞մ
Philosopher
Եթե հարցնում ես, կասեմ` չեմ կարծում, եթե պնդում ես, ուրեմն` կհարգեմ քո որոշումը
Chuk
Կարո՞ղ էր Philosopher-ը այցելել մի ակումբ, որտեղ մյուս այցելուները մտավոր զարգացման մակարդակով նրանից թույլ էին:
Philosopher
Ոչ (ժանրերի հերն էլ անիծած, հա)
Philosopher
Եվ կամ այո, եթե զգար, որ նրանք մարդկային առումով մի այնպիսի մակարդակի են հասել, որտեղ մտավոր զարգացման մակարդակը չէ մարդկայնության ցուցիչը
Chuk
Իսկ եթե ես ստեղծել եմ մի ակումբ, որտեղ են մտնում են Philosopher-ի զարգացման մակարդակի մարդիկ, ուրեմն չե՞մ կարող ինքս ինձ վստահեցնել, որ «լավ» գործ եմ արել:
Philosopher
Կարող ես:
Chuk
Ուրեմն ես ինձ կարող եմ վստահեցնել, որ կարողանում եմ բարի, լավ գործ անել, ու ինքնահաստատվել, որովհետև ամեն մեկս անընդհատ այդ նույն ինքնահաստատման նոր ուղի ենք փնտրում նույնիսկ այն ժամանակ, երբ կարծում ենք, թե արդեն լրիվ ինքնահաստատվել ենք:
Chuk
Ու այստեղ ինձ սկսում է հետաքրքրել Philosopher-ի կերպարն ակումբում: Միթե՞ նա էլ չի ձգտում ինքնահաստատվել այդ նույն ակումբում:
Philosopher
Մարդու ես-ի տարբեր մակարդակներ կան: Ես փորձում եմ իմ մեջ հաստատել մարդկայինի չափանիշները ու այդ իմ մարդկայնության մեջ ինքնահաստատվել: Էս առումով ակումբը գնահատում եմ ունիկալ միջավայր: Ի դեպ, դու զգում ես ակումբի էդ ունիկալությունը, կյանքը, որը, ինչպես նշեցիր լցվում է ակումբ, արդյոք ակումբը հավասարեցնում է կյանքին, թե կան ինչ-որ բաներ, որոնք չեն կարող հավասարվել կյանքին, ձեռք բերել նրան բնորոշ կենցաղայնությունը գուցե
Chuk
Դպրոց, ինստիտուտ, աշխատավայր, բանակ, բար, ակումբ, սրճարան, գրական խմբակ... կյանքի հատվածներ, իսկ կյանքն ամբողջություն, որում մարդկային չափանշների մեջ ինքնահաստատվել ինձ օգնում է դրանցից յուրաքանչյուրում ձեռք բերածս մարկայնության աստիճանը կամ տմարդության չգիտակցումը:
Էջանիշներ