Այն, որ հումորը պետք է լինի սուր ու զվարճալի, կարծում եմ, այնքան ակնհայտ է, որ դրա մասին հատուկ նշելու կարիք նույնիսկ չկա. առանց դրանց հումորը պարզապես հումոր չէր կոչվի։ Այստեղ հարցն այն է, թե բացի այդ հատկանիշներից, է՞լ ինչպիսին պիտի լինի հումորը։ Ասեմ ինձ համար. բարի պետք է լինի։ Հա, ես հավատում եմ, որ հումորը կարող է միաժամանակ ուժեղ, սուր և բարի լինել։
Երևի ոչ ոք չի ժխտի, որ զուտ հումորի զգացումը հիմնականում բնածին հատկանիշ է, այսինքն՝ այն մի քիչ դժվար է մարդու վաստակը համարել, համենայնդեպս, ոչ այս կյանքում, իսկ այն, թե ինչով մարդը կհամեմի իր բնածին հումորը, արդեն լիովին տվյալ մարդու վաստակն է։ Հենց դրանից ելնելով էլ մեկի հումորը կծող, հեգնական ու թունավոր է, մյուսինը՝ բարի ու անվնաս։ Ինչ խոսք, նշածս հատկանիշներն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր չափերով են դրսևորվում։ Բայց ընդհանուր առմամբ, ցավոք, երկրորդ տեսակը բավական հազվադեպ է հանդիպում։ Չգիտես ինչու, սուր հումոր ասելով՝ մարդիկ հիմնականում հասկանում են հենց այդ կծող, խայթող տեսակը, հումոր, որն ի սկզբանե հիմնված է ուրիշին խայթելու, նվաստացնելու վրա։ Ու դրա արդյունքում տվյալ հումորը հրճվանք է պարգևում միայն նրանց, ում չի առնչվում։ Բայց լինում են, չէ՞, հումորի դրսևորումներ, որոնք զվարճացնում են ոչ միայն կողմնակի մարդկանց, այլև այն մարդկանց, ում հասցեին որ դրանք արվել են, քանի որ հումորի տվյալ դրսևորումն անվնաս է. նվաստացնելու նպատակ չի հետապնդում ի սկզբանե։
Ի դեպ, առանց սար ու ձոր ընկնելու, ուզում եմ շատ մոտիկից օրինակ բերել նշածս առումներով ինձ համար օրինակելի հումորի կրող հանդիսացող մեկին՝ մեզ բոլորիս քաջ ծանոթ ակումբցի Ձայնալարին։Համոզված եմ, որ Ձայնալարին ու նրա գրառումներին ծանոթ ոչ մի մարդ չի կարող չհամաձայնել, որ նրա հումորն իսկապես շատ սուր է, բայց ես, օրինակ, չեմ հիշում, որ նա իր հումորով երբևէ խայթած, վիրավորած կամ նվաստացրած լինի մարդկանց։ Էդ մարդու հումորն անշառ է, բարի ու անվնաս, բայց նաև հազվագյուտ սուր։
Այ էդպիսին պիտի լինի հումորը, իմ կարծիքով։
![]()
Էջանիշներ