User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Հայ ընտրողն ու հայկական ժողովրդավարության ապագան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ընտրողն ու հայկական ժողովրդավարության ապագան

    Հայաստանում սկսվում է նոր քաղաքական սեզոն, որի հիմնական շեշտադրումը լինելու է նախագահական ընտրությունների վրա: Ընդդիմությունը ու իշխանությունը փոխադարձ ձեռնտու բախմանը սպասում են ձեռքերը շփելով: Ձեռքերը շփում է նաև հայ ընտրողը, նա իր խաղն է խաղում, իր` երկրի համար խորապես վտանգավոր ու կործանարար խաղը, որը, սակայն, երբեք չի վերագրվելու այդ ընտրողին, քանի որ նա ավանդաբար անմեղ է իր ինքնագնահատականում: Եվ այսպես, ով է հայ ընտրողը և ինչպիսին է իրականում հենց նրա ձեռքը տրված հայկական ժողովրդավարության ապագան:

    P.S. Այս հոդվածի տեղադրումն էլ կարելի է համարել դիլիջանյան հանգստի արդյունքներից մեկը

    Վերջին տարիների հայ հասարակական-քաղաքական մտքի թիվ մեկ խնդիրը, որի շրջանցումը որևէ մեկի կողմից ինքնին ենթադրում է նրա աչառու վերաբերմունքը երկրի զարգացման ուղիների նկատմամբ, ընտրություններն են: Ժողովրդաիշխանության իրականացման այս ձևի և հայ քաղաքական կյանքում նրա ապրած մետամորֆոզների վերաբերյալ բազմաթիվ ելույթներ ու փաստարկումներ են եղել: Սակայն զարմանալիորեն այս` թվացյալ ավելի քան ակնհայտ թեմայում ցայսօր բաց է մնում կարևոր մի խնդիր, առանց որի լուծման հազիվ թե ընտրությունները և ընտրական համակարգը կարողանան տալ այն արդյունքները, որոնք այդքան ջերմեռանդորեն ակնկալվում են ժողովրդավարության քարոզիչների կողմից: Խոսքը հայկական ընտրախավի կամ, որ նույնն է, միջին վիճակագրական ընտրողի մասին է: Ո՞վ է հայ ընտրողը, ի՞նչ է նա ուզում, ի՞նչ է պահանջում այն մարդուց, որին ձայն է տալիս, ի՞նչ է ակնկալում նա ամեն անգամ ընտրախցում գտնվելով, եթե ընդունենք, որ նա որևէ ընտրակաշառք չի ստացել և նրա քվեն չի կեղծվելու, այլ հրապարակվելու այն թեկնածուի կամ կուսակցության օգտին, որին նա ընտրել է: Հարցն այսպես դնելով` իհարկե, ակնկալում ենք, որ արդեն այս երկու պայմանները կառաջացնեն ընտրությունների արդարության քարոզիչների վրդովմունքը, թե ինչպե՞ս մենք կարող ենք այդ հարցերի պատասխանները տալ, եթե, այնուամենայնիվ, ընտրողը կաշառք վերցնում է, իսկ եթե չի վերցնում, ապա նրա ձայնի պատկանելությունը կեղծվում է ընտրական հանձնաժողովներում: Այս հակադարձմանը, սակայն, կարող է հետևել ոչ պակաս տրամաբանական հակադարձում. իսկ արդյո՞ք ընտրողի նախապատվությունները, նրա մտածողությանը ու հոգեբանությանը բնորոշ հատկանիշները պարզելու լավագույն միջոցը ընտրությունները, որոնցում առաջադրված թեկնածությունների և կուսակցությունների տարբերությունները նույնիսկ մի ամբողջ քաղաքական հետազոտությունների կենտրոն չի կարող պարզել այն պարզ պատճառով, որ այդ տարբերությունները բոլորովին քաղաքական չեն: Հետևաբար` միջին վիճակագրական հայ ընտրողի նկարագիրը և դրանից բխող հնարավոր ընտրությունը պարզելու համար ընտրությունները բոլորովին էլ լավ, առավել ևս` լավագույն մեթոդը չեն: Իսկ այդ խնդիրները արզաբանել իրականում հնարավոր է և ոչ թե ընտրությունների, այլ սոցիալ-հոգեբանական քննության միջոցով, որը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային քաղաքական պրակտիկան, առավել խորքային օրինաչափություններ կարող է բացահայտել, քան բանալ քվեարկությունները: Մինչ իշխանության գալը գերմանական նացիոնալ-սոցիալիստները ընտրություններին մասնակցողների մեջ չէին, սակայն դա չխանգարեց առաջատար հասարակագետներին կանխատեսել, որ գերմանական քաղաքական կյանքի Օլիմպոսը վերցնելու են հենց այդ քաղաքական և սոցիալական մարգինալները:
    Եվ այսպես, սկսենք այն հարցից, թե ո՞վ է միջին վիճակագրական հայ ընտրողը: Առաջ անցնելով արձանագրենք. նա խորհրդային շրջանի միջին խավի ցածր (պայմանականորեն` արհեստավորական) և միջին (պայմանականորեն` ինժեներական) շերտերի մարդն է, որն այսօր իր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծում է կամ արտագնա աշխատանքի, կամ ցածր վարձատրվող տեղական աշխատանքի միջոցով, ինչպես նաև խորհրդային ժամանակներում միջին և բարձր կենսամակարդակ ունեցած գյուղացին, որը կազմում է գյուղացիության մեծագույն մասը: Մնացյալ բոլոր խավերը` միջին խավի բարձր շերտը` մտավորականությունը, խորհրդային չինովնիկական խավը, ինչպես նաև քաղաքային ու գյուղացիական ամենացածր խավերը, մարգինալները, ըստ էության, որևէ ռեալ բնորոշիչ գիծ չեն հավելում միջին վիճակագրական հայ ընտրողի նկարագրին: Առաջին հայացքից այս պնդումը միանգամայն լավատեսական հետևությունների տեղիք է տալիս: Եվ իսկապես, ավանդաբար հայ արհեստավորն ու գյուղացին, ինչպես և մտավորականության ցածր ու միջին շերտերը, որոնք խորհրդային համակարգում առանձնանում էին բարձրագույն կրթության դիպլոմով, առավել պահպանողական, ազգային բարոյական և մշակութային արժեքների նկատմամբ իրենց բնական ակնածանքը պահպանած, սեփական աշխատանքով, առանց կեղծիքների կամ սուր մրցակցության սեփական հանապազօրյա հացն ապահովող շերտերն են, որոնք կարող են լինել յուրաքանչյուր հասարակության, առավել ևս` ավանդական հասարակության կայունության երաշխավորը: Սակայն այս շերտերի նմանօրինակ գնահատականը հիմնված է դրանց արժեվորմանը նախակապիտալիստական մտածողության ու կենցաղ-մշակույթի համատեքստում, ինչը որևէ կերպ չի համընկնում այն գնահատականին, որը պետք է տրվի այդ շերտերի վերաբերյալ արդեն նոր` կապիտալիստական հարաբերությունների պայմաններում: Ցավոք սրտի, այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ հենց այս խավերն են դառնում այն սոցիալական բազան, որի հիմքի վրա տեղի է ունենում նախկինում նրանց իսկ կողմից պահպանվող ավանդական հասարակական հարաբերությունների և ազգային կեցության քայքայումը: Այս խավերը դառնում են անցումային շրջանի կապիտալիզմի սոցիալական բազան, որոնց բարոյական, հոգեբանական, ինտելեկտուալ հատկանիշների վրա հիմնվելով` հնարավոր են դառնում հասարակական արմատական փոփոխությունները: Անշուշտ, կարելի կլիներ այս պնդմանը չհամաձայնել, եթե այն հիմնված չլիներ զարգացող երկրներում ինչպես այժմ, այնպես էլ տարբեր պատմական ժամանակաշրջաններում քաղաքականության հիմնական սոցիալական բազան կազմող ընտրախավի օրինաչափ և համընդհանուր բնութագրի վրա: Եվրոպական կապիտալիզմի ձևավորման սկզբնական շրջանում, ինչպես դա ապացուցեցին Մ. Վեբերը, Յ. Բուրկհարդտը, Է. Ֆրոմը և այլ գիտնականներ, նոր քաղաքականության շարժիչ ուժն էին կազմում հենց այս խավերը` քաղաքային միջին խավի ցածր շերտը և գյուղացիությունը, որոնք կապիտալիզմի զարգացմանը զուգահեռ ուրբանիզացվելով ու լյումպենացվելով արդեն անդառնալիորեն օկուպացրեցին կոնկրետ հասարակություններում միջին վիճակագրական ընտրողի տեղը: Նույն այս խավերն էին նաև 19-րդ դարում Եվրոպայում բռնկված “ազգերի գարնան”` միմյանց փոխհաջորդող հեղափոխությունների շարժիչ ուժը: Նույն այս խավերն էին նաև գերմանական Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության ընտրողներն ու առաջխաղացումն ապահովող սոցիալական բազան: Այս բոլոր դեպքերում, թերևս բացառությամբ բանվորական շարժումների, բոլոր այս իրադարձությունների արդյունքում առավել չափով տուժում էին հենց այս խավերը, ինչը մենք տեսնում ենք նաև այսօր Հայաստանում, սակայն դա նրանց չէր խանգարում հաջորդ անգամ ևս դառնալ գործիք ինտելեկտուալ և ֆինանսական տարատեսակ խմբավորումների ձեռքին` սպասարկելով վերջիններիս քաղաքական շահերը և առավել ու առավել չափով կորցնելով սեփական բարոյական նկարագիրն ու սոցիալական աստիճանակարգության մեջ իրենց տեղի ճիշտ ընկալումը: Ընդ որում այս խավերը ոչ հազվադեպ օգտագործվել են նաև հակառակ նպատակով` խոչընդոտելու համար երկրի զարգացումը դեպի ժողովրդավարություն և կապիտալիզմ: Բավարար է հիշել միայն Նապոլեոն III-ի իշխանության շրջանում պետական կառավարման կործանարար քաղաքական գծի ամենահավատարիմ պաշտպաններին` գյուղացիությանը, որի մարդկային ռեսուրսներն ու հարկերը ֆրանսիական միապետը անխնա վատնում էր տարատեսակ քաղաքական ու ռազմական ավանտյուրաների մեջ, սակայն փոխարենը տալիս էր նրանց կայունության և միապետ ունենալու զգացողություն: Ի՞նչն է բնորոշում այս խավերին և ի՞նչն է մեզ հիմք տալիս պնդելու համար, որ հենց նրանք են կազմում ժամանակակից հասարակության միջին վիճակագրական ընտրողի դիմագիծը, անկախ այն բանից, թե ինչ ընթացք են ունենում ընտրությունները: Այս հարցերին պատասխանելու բանալի է Էրիխ Ֆրոմի կողմից առաջ քաշված ավտորիտար բնավորության կամ օրենտացիայի տեսությունը, որը միավորվելով զանգվածային հոգեբանության դասական և ժամանակակից ուսումնասիրությունների հետ, ամբողջացնում է քաղաքային միջին խավի ցածր շերտի և գյուղացիության դերի ընկալումը և գնահատականը ժամանակակից հասարակություններում` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած: Ըստ այս տեսության, նշված խավերին բնորոշ է յուրահատուկ սոցիալական բնավորություն, որը բնութագրվում է որպես ավտորիտար: Ինչու՞ ավտորիտար: Իհարկե, ոչ այն պատճառով, որ այս խավերը ձգտում են կամ ցանկանում են ավտորիտար իշխանության հաստատում, այլ այն պատճառով, որ նրանք, իրենց մտածողության ձևով, արժեքային համակարգերով, մշակութային, քաղաքական ուղղվածությամբ, ծնում են այդպիսի ավտորիտար իշխանություն, անկախ նրանից այդ իշխանությունը համարվում է այդպիսին թե ոչ, քանի որ դասական քաղաքական ավտորիտարիզմը կարող է փոխարինվել ֆինանսական, մշակութային, արժեքային ավտորիտարիզմով, որոնց միջոցով նշված հատկանիշները պարտադրվում են ողջ հասարակությանը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 16.08.2007, 12:14:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 23.10.2011, 17:35
  2. Մաթեմատիկոսի ապագան
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 27.09.2011, 13:31
  3. Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2008, 12:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •