Ցոյը ծնվել է 1962 թ. հունիսի 21-ին Լենինգրադում, ծնողների միակ երեխան էր: 1974-1977 նա հաճախել է միջնակարգ գեղարվեստական դպրոց, որտեղ էլ կազմավորվել է «ПАЛАТА No 6» խումբը՝ Մաքսիմ Պաշկովի գլխավորությամբ: 1977-ին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Սերովի անվան գեղարվեստական ուսումնարան: 1981-ի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «ГАРИН И ГИПЕРБОЛОИДЫ» խումբը, որը արդեն աշնանը դառնում է «Լենինգրադյան ռոք ակումբի» անդամ: Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն "Кино" էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները: 1982-ին ալբոմի ձայնագրությունները վերջանում են. այն կոչվում է պարզապես «45»: Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները: Որոշ ժամանակ անց Ռիբինը տարաձայնությունների պատճառով հեռանում է խմբից, ինչից հետո Վիկտոր Ցոյն ու Յուրի Կասպարյանը ձայնագրում են «46» ալբոմը, որը լայն տարածում է ստանում: 1983-ին Վիկտոր Ցոյը մեկ ու կես ամիս անց է կացնում հոգեբուժարանում՝ խուսափելով բանակից: Այնտեղ նա գրում է «Транквилизатор»-ը, ապա գարնանը մասնակցում ռոք ակումբի երկրորդ փառատոնին, որտեղ "Кино"-ն դափնեկրի կոչում է ստանում: 1984-ի ամռանը սկսվում են «Начальник Камчатки»-ի ձայնագրությունները: 1985-ի գարնանը "Кино"-ն ստանում է դափնեկրի ևս մի կոչում և սկսում աշխատանքները «Ночь» ալբոմի վրա, որը սակայն Ցոյը անավարտ է թողնում և զբաղվում «Это не любовь» ալբոմի ձայնագրությամբ: Իսկ արդեն 1986-ին վերջապես լույս է տեսնում այդքան սպասված «Ночь»-ը: Վիկտոր Ցոյին արդեն իսկ կարելի էր համարել ռուսական ռոքի լեգենդ: 1987-ին նրանք առաջին անգամ մեկնում են արտասահման՝ Ֆրանսիա, որտեղ լույս է տեսնում իրենց «Последний герой» ալբոմը: «Yamaha MT44» ստուդիայում «Кино»-ն սկսում է աշխատել «Группа крови» ալբոմի վրա: Սկսվում են համերգային շտջագայությունները Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելոռուսում: 1990-ին լույս է տեսնում նրանց «Звезда по имени Солнце» ալբոմը, խումբը համերգային շրջագայության է մեկնում արտասահման: Հունիսին Մոսկվայում տեղի է ունենում նրանց վերջին համերգը, որից հետո Ցոյն ու Կասպարյանը սկսում են աշխատանքները նոր ալբոմի վրա:
1990-ի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նա քնում է մեքենայի ղեկին, ինչի պատճառով մեքենան բախվում է ավտոբուսի հետ:
2001-ին «Кино»-ն Բուտուսովի հետ ձայնագրում է «Звёздный падл» ալբոմը:
Էջանիշներ