Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես
Ընթերցո՛ղ, չգիտեմ՝ ինչպես շարունակեմ: Կարող եմ սկզբում քեզ հետաքրքրողը գրել, բայց էդպես ես հետ կընկնեմ: Ճիշտ է՝ սա ստեղծվում է նաև քեզ համար, սակայն չի նշանակում, որ պետք է ինձ հուզողը, անհանգստացնողն ու ցնցողը հետին պլան մղեմ… Լավ, որոշեցի: Թեկուզ ձանձրալի է ինձ համար (գուցե քեզ համար նույնպես), բայց ես առաջ կգնամ ըստ ժամանակագրության: Ամեն դեպքում՝ շատ չեմ վազի այս ու այն կողմ:
- Իմ անունը Շակ է,- ասաց տանտերս, որը եկավ օդանավակայան, ինձ վերցրեց, մեքենայով տուն բերեց ու քիչ անց, փորձելով սովորել անունս, միջանցքում գտնվող գրատախտակին գրեց նաև իրենը:- Մաքուր հոլանդական անուն է: Գրվում է Sjaak: Իսկական անունս՝ Jacobus, բայց շատերը նախընտրում են ֆրանսիական տարբերակը՝ Ժակ (Jacques):
Ես կավելացնեմ հայկականը՝ Հակոբ, բայց բնավ չի սազում: Նա Շակ է՝ իսկական հոլանդացի, ոտքից գլուխ, ամբողջ հոգով ու սրտով:
- Ամստերդամը գեյերի մայրաքաղաքն է,- փորձելով ներկայացնել իր քաղաքը՝ շարունակեց Շակը,- բոլոր երկրների գեյերն այստեղ են ապաստան գտնում: Չնայած ես նրանց դեմ չեմ, բայց ես գեյ չեմ:
Ի դեպ, վերջին ասածը նա կարողացավ ապացուցել, երբ մի օր ուշ երեկոյան տուն մտա ու նրա սենյակից տղամարդու ու կնոջ տնքոցներ լսեցի:
- Ամստերդամ… միասեռականություն, Ռեմբրանդտ, սեքս, Վան Գոգ, մարիխուանա…- մի անգամ մտածկոտ ասաց սերբ Նիկոլասը:
Եվ նա շատ ճիշտ էր բնութագրել Ամստերդամը: Դա քաղաք է, որտեղ ամեն ինչ կա, բացարձակապես ամեն ինչ: Եվ այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու: Այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, և ոչ ոք նրանց չի մեղադրի: Ծայրահեղությունների քաղաք է Ամստերդամը, որը մնացած գլուխներում ավելի մանրամասն կնկարագրվի: Ու նման չէ եվրոպական մյուս քաղաքներին: Այստեղ եկած լեհը, պորտուգալացին ու ֆրանսիացին են անգամ զարմանում:
Ջուրը շատ է, շա՜տ-շա՜տ: Մոծակներն էլ քիչ չեն: Մեկը կա իմ սենյակում, համառորեն չի ուզում հեռանալ: Ամեն գիշեր տզզում է ականջիս տակ ու 3-4 նոր խայթոց նվիրում: Դրանք պարտադիր ձեռքերիս վրա են տեղակայվում, ուղիղ շարքով, միևնույն հեռավորությամբ: Միայն երբեմն-երբեմն մոծակն անցնում է մարմնիս մնացած մասերին: Մի անգամ նույնիսկ ոտքիս տակ էր իր կնիքը թողել: Բայց երբե՛ք-երբե՛ք գիշերանոցիս վրայից չի կծում: Կա՛մ ամաչում է, կա՛մ էլ հայ մոծակների նման խելացի չէ:
Ամստերդամը չափից դուրս աշխույժ քաղաք է: Կենտրոնի փողոցները միշտ լիքն են, իսկ անցյալ շաբաթ օրը մարդիկ այնքան շատ էին, որքան մեզ մոտ լինում է, ասենք, Օպերայի հրապարակում բացօթյա համերգների ժամանակ: Բայց Ամստերդամում մարդիկ ծածկում են փողոցները, ամենուր տոն է, բացօթյա համերգ:
Գողերն էլ են շատ այստեղ: Սովորել եմ ուսապարկս դիմացից հագնել, որ աչքիս առաջ լինի: Իսկ այսօր մի միամիտ սևամորթ փոքրիկ տղա ուզում էր գրպաններս դատարկել: Ես քնած էի տրամվայի մեջ (կես ժամ տևողությամբ ճանապարհորդության ընթացքում ամենաօգտակար զբաղմունքն է), երբ նուրբ հպում զգացի: Աչքերս բացեցի ու տեսա սևամորթ տղային, որը ձեռքը գրպանիս էր մոտեցնում: Նորից քնեցի, սակայն քիչ անց նույն հպումը զգացի, աչքերս բացեցի, և նա ձեռքը փախցրեց: Նա չգիտեր, որ գրպաններս դատարկ էին, իսկ թանկարժեք ու կարևոր իրերս պայուսակիս մեջ էին, որը պինդ գրկել էի: Մերթ ուզում էի աչքերս նորից փակել, թույլ տալ, որ գրպանս մտնի ու համոզվի, որ այնտեղ ոչինչ չկա: Հետո ցանկացա ապտակել կամ պարզապես տեղս փոխել: Բայց մինչ որևէ բան կորոշեի, տրամվայը կանգնեց հերթական կանգառում, և անփորձ գողն իջավ:
Ինչ-որ շատ եմ շեղվում թեմայից: Ասենք, մի՞թե այն գոյություն ունի: Ես խոստացել էի ժամանակագրություն պահպանել, բայց միանգամից սկսեցի հետ ու առաջ անել: Լավ, սա ընդունիր որպես մեծ նկար, որի առանձին մասերին խոշորացույցով կմոտենանք: Դեռ չե՞ս ձանձրացել: Գնանք Աննա Ֆրանկի մոտ:




Մեջբերել
Էջանիշներ