User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Գրքանման

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքանման

    Անհաջող ու զոռով գրված նախաբան

    Մի տեսակ անսովոր է, երբ գրիչդ ձեռքդ ես վերցնում ու նախօրոք գիտես, թե ինչ է վերջում ստացվելու. գիրք: Բայց մնացածն անորոշ է, մի տեսակ մշուշով ծածկված: Ես գրելու եմ Երևանից հեռու եղած ժամանակ, երբ գլխիս տերը ես եմ լինելու, երբ օրվա կեսը չեմ խոսելու, որովհետև պարզապես որևէ մեկը չի լինելու, որի հետ կկարողանամ մի քանի բառ փոխանակել: Իմմ միակ զրուցակիցը ես եմ լինելու, հետևաբար ասելիք շատ կունենամ: Ու չգիտեմ՝ ինչի մասին է լինելու, ուր է գնալու, ինչ է դառնալու, ում նյարդերի վրա է ազդելու, ում է զարմացնելու, ում է քննադատելու, ում է գովելու:
    Սարսափելի է, երբ գրում ես հաշվի առնելով ընթերցողին: Իսկ նա կա, գոյություն ունի, որովհետև սա ո՛չ օրագիր է, ո՛չ մի անկապ նոթատետր, այլ մի իսկական գիրք, որը ոչ թե մեկ կամ երկու հոգի են կարդալու (իսկ դա օրագրի ճակատագիրն է), այլ շատերը: Հետո իրենց գնահատականներն են տալու, և ես կա՛մ ծիծաղղելու եմ, կա՛մ չափից դուրս լուրջ եմ ընդունելու: Իսկ երբ ամեն ինչ հանդարտվի, սառն եմ դատելու ու հասկանալու, որ ավելի լավ կարող էր ստացվել:
    Եվ չգիտեմ, թե ընթերցողս (մեծ հույսեր ունեմ, որ նա գոյություն կունենա) ինչ տարիքի, ինչ սեռի, ինչ ճաշակի և անգամ գիշերներն ինչպես քնող է լինելու: Գուցե նա սիրի բարձը գրկած դիտել երազները կամ փաթաթվել սավանով… չգիտեմ: Բայց մի բանում վստահ եմ. առաջինը Լիլիթն է լինելու (ահա և քո անունն էլ գրվեց այստեղ, բայց հուսով եմ՝ ոչ վերջին անգամ):
    Ես չեմ պատկերացնում այս տետրը տպագրված. գուցե այսպես ձեռագիր էլ մնա կամ ամենաշատը հայտնվի ինտերնետում: Բայց խոստովանում եմ, որ այստեղ բավականաչափ անկեղծ չեմ լինելու, հետևաբար գիրքս կհրապարակվի թեկուզ պատճենահանող սարքի օգնությամբ կամ նույնիսկ արտագրելով:


    Նախաբանանման

    Այնպիսի զգացողություն է, որ Ամստերդամը շատ եմ սիրելու: Միայն թե չխաբվեմ, չհիասթավեմ: Թվում է՝ ոչ մի Վիեննա, ոչ մի Պրահա չի կարող նրա հետ համեմատվել: Ասես այն խենթերի քաղաք լինի, իմ հայրենիքը, որը լքել եմ դեռ մորս արգանդում ձևավորվելու ժամանակ:
    Ընդամենը չորս ժամ անց կգնամ օդանավակայան: Ես հեռանում եմ իմ քաղաքից… Ի՞մ… Այստեղ ես չհասկացված եմ, սիրված կամ ատված, անտանելի, խելագար: Ու, չգիտես ինչու, ես դա տարօրինակ եմ համարում: Մոռանում եմ, որ սա իմ տեղը չէ: Այստեղ ես օտար եմ, ինչքան էլ իմ հայրենիքը լինի: Մարդիկ իմ ներսում զզվելի սերմեր են ցանում, իսկ հետո բողոքում պտուղների համար: Ա՜խ, ես շատ թույլ եմ, որ դրանք արմատախիլ անեմ: Եղած ուժերս էլ վատնվում են, որ բացատրեմ, որ այդ պտուղներն ինձ հետ կապ չունեն, օտար են, ուրիշ տեղից եկած:
    Ամստերդա՛մ, ես գալիս եմ: Դու ինձ գրկաբա՞ց կընդունես, ինձ կշոյե՞ս, կգուրգուրե՞ս: Միայն թե դու էլ չթքես երեսիս, չարհամարհես, չմեղադրես ու վերջապես… չսպանես:
    Ամստերդա՛մ, ես շուտով քեզ մոտ կլինեմ: Բայց հիշի՛ր, որ մեկ ամիս անց լքելու եմ ու իմ ոտքով վերադառնամ այս ճահիճը, որից կարող եմ դուրս գալ միայն Աստծո օգնությամբ:


    Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Արթանացա առավոտյան 5:45, եթե ընդունենք, որ քնել էի: Ես պառկել էի դրանից ընդամենը մեկ ժամ առաջ ու պարզապես փակել աչքերս՝ հուսալով, որ գոնե այդպես օգուտ կքաղեմ գիշերվանից:
    15 րոպե անց տաքսին պետք է տեղում լիներ, բայց ասես շտապում էր կամ վախենում էր քնած մնալ, որովհետև ժամանեց իմ արթնանալուց, ավելի ճիշտ՝ աչքերս բացելուց 1-2 րոպե անց:
    Ես ու մայրս սրճեցինք, որ թարմանանք: Ես բաժակի մեջ մի քիչ թողեցի: Որքան էլ մայրս համոզեց, որ վերջացնեմ, չլսեցի: Հետո ճամպրուկները, ավելի ճիշտ՝ պայուսակները, վերցրինք ու դուրս եկանք: Ես պատրաստվում էի իջնել աստիճաններով, բայց մայրս խնդրեց սպասել. բաժակով ջուր էր բերում, որ հետևիցս լցնի: Տարօրինակ է՝ նա այսպիսի լուրջ հարցերում շատ լուրջ սնահավատություն է ցուցաբերում, բայց երբ խոսում ենք Հիսուսի հարության մասին, ասում է. «Ես լրագրող եմ, ինձ ապացույցներ են պետք»: Իսկ եղբայրս, չգիտես ինչու, խորհուրդ էր տվել, որ այս անգամ ջուրը փոխարինվի օղիով:
    Իջնելիս խնձորենին մեզ ողջունեց. մեծ աղմուկով իր պտուղներից մեկը շպրտեց, իսկ մայրս առանց երկար-բարակ մտածելու վերցրեց գետնից, սրբեց, տվեց, որ պայուսակիս մեջ դնեմ: Ավելի ուշ, երբ Ամստերդամի օդանավակայանում կանգնած սպասելիս կլինեմ, կանիծեմ, որ հայ եմ ծնվել, կհիշեմ խնձորը, կհանեմ ու կուտեմ, որ ձանձրույթս ու զայրույթս մի քիչ կարճվեն:
    Ամեն անգամ օդանավակայան գնալիս ճանապարհին մտածում եմ. «Ի՞նչ կլինի, եթե մեքենան վթարի ենթարկվի»: Այս անգամ էլ նույն բանը մտքովս անցավ, բայց շատ կարճ տևեց, որովհետև նայեցի երկնքին ու տեսա, որ լուսինը փայլում է: Մի՞թե միշտ այդպիսին է եղել, և ես ուշադրություն չեմ դարձրել, թե՞ պարզապես ինչ-որ յուրահատուկ պահ էր, ասենք, ինձ էր ճանապարհում (շա՞տ չեղավ… խնձորենին, հիմա էլ լուսինը. սիրում եմ ամեն ինչ ինձ հետ կապել):
    Լույսն արդեն բացվում էր: Անսովոր էր, որովհետև ես միշտ մթով եմ թռել, մթով էլ վերադարձել և Հայաստանը վերևից երբևէ չեմ տեսել: Ի՜նչ էլ մի հայրենասեր եմ, որ այդպիսի տարօրինակ երազանք ունենամ: Չէ՛, սուտ է: Եթե այս անգամ էլ մութ լիներ, մտքովս չէր էլ անցնի, որ կարելի է Հայաստանը վերևից տեսնել:

    Օդանավակայանում հերթ էինք կանգնել, որ իրերս փաթեթավորեն:
    - Երբ հասնես Ամստերդամ, անմիջապես կպոկես այս փաթաթածները,- ասաց մայրս:
    - Մի՞թե քեզ թվում է, թե նրանք չգիտեն՝ ինչ երկրից եմ գալիս:
    Այդ պահին մի սայլակ՝ վրան հսկայական ճամպրուկներ, փորձեց առանց հերթի մոտենալ փաթեթավորողներին: Չլսված-չտեսնված բան է, որ «Զվարթնոցում» սայլակներն առանց «շոֆերների» լինեն: Սա էլ բացառություն չէր: Ասենք, Հայաստանում ի՞նչը «շոֆեր» չունի: Ինչքան էլ, ասենք, շուկայի պատին փակցված լինի «սայլակները տրվում են անվճար» գրությունը, հաստատ մտնելուց քիչ անց կշրջապատվես բազմաթիվ «շոֆերներով», որոնք իրենց օգնությունը կառաջարկեն: Լավ է, որ գոնե սուպերմարկետներում նրանցից չկան:
    Հա՛, ուրեմն օդանավակայանում էս «շոֆերին» վարձողը երևի դեմք էր կամ հարուստ մեկը. ուզում էր դուր գալու համար գործն արագ անել: Կամ գուցե բոլոր «շոֆերներն» են հերթից դուրս փաթեթավորում… Չգիտեմ:
    - Մա՛մ գիտե՞ս՝ ամեն անգամ օդանավակայանում նման բաներ տեսնելիս ուրախանում եմ, որ հեռանում եմ, իսկ վերադառնալիս ափսոսում եմ, որ Հայաստանում եմ (հիշեցի, որ երբ Լեհաստանից էի գալիս և ուզում էի զուգարան մտնել, դրանցից մեկի լույսը չէր աշխատում, իսկ մյուսի դուռը չէր փակվում. զգացել էի, որ արդեն Հայաստանում եմ):
    Չգիտես ինչու, այդ խոսքերն ասելուց հետո աչքերս լցվեցին:
    Դավոն էլ էր օդանավակայանում, բայց որովհետև չէր փաթեթավորվել, հասցրել էր ավելի շուտ գրանցվել, և ինքնաթիռում իրարից հեռու էինք նստել: Ու քանի որ, չգիտեմ ինչու, շատ էր շտապում, անձնագրի ստուգումն էլ շուտ անցավ, և ես հերթի մեջ մենակ էի մնացել (մորս արդեն հրաժեշտ էի տվել): Հետ նայեցի ու տեսա մի աղջկա, որի դեմքը ծանոթ թվաց: Երկար զննեցի, բայց այդպես էլ չհասկացա, թե ով է: Նա ժպտաց ու հարցրեց.
    - Մենա՞կ եք:
    - Հա՛,- պատասխանեցի:
    Ու ես երազեցի, որ ինքնաթիռում կողքս նստի. հետաքրքիր շփում կունենանք, երկուսս էլ չենք ձանձրանա:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 06.08.2007, 00:34: Պատճառ: Գրառման ավելացում

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.07.2010), Magic-Mushroom (05.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Վերջապես հերթս հասավ: Անձնագիր ստուգողը մի հաղթանդամ տղամարդ էր՝ մի քիչ ճաղատ, մի քիչ էլ սպիտակած մազերով: Իսկ պարանոցին ոսկե հաստ շղթայով խաչ էր կախված: Երբ մոտեցա նրան, հիշեցի, թե ինչպես երկու տարի առաջ Վարշավայում ես, Էնդրյուն, Անին և Ջո-Աննան գրազ եկանք, թե ով կկարողանա անձնագիր ստուգող պարոնին ստիպել, որ ժպտա: Դա միայն ինձ էր հաջողվել: Հիշում էի այդ դեպքը, բայց այս անգամ նույնը կրկնելու հավես չունեի:
    - Ու՞ր եք գնում,- հարցրեց:
    - Ամստերդամ:
    -Հետո՞:
    - Այնտեղ էլ մնալու եմ:
    - Ինչու՞ եք գնում:
    - Ամառային պրակտիկայի:
    - Ի՞նչ պրակտիկա:
    - Բժշկական:
    Այստեղ պարտադիր հարցերը վերջացան, և նա անցավ հետաքրքրասիրությունը բավարարելուն:
    - Բժշկուհի՞ եք:
    - Չէ՛, ուսանող եմ:
    - Ո՞ր ֆակի:
    - Ընդհանուր բժշկություն:
    - Ես էլ ստոմն եմ ավարտել… Հիմա տեսնու՞մ ես ինչով եմ զբաղվում,- ժպտաց: Կարճ դադարից հետո շարունակեց.- կատակ եմ անում: Բա ե՞րբ ես աշխատելու:
    - Ավարտելուց հետո:
    - Ձեզ մոտ յո՞թ տարի է:
    - Չէ՛, վեց:
    - Քեզ ինչքա՞ն մնաց:
    - Երկու:
    - Հաջողություն,- նորից ժպտաց և անձնագիրս վերադարձրեց:
    Այն աղջիկը, որն ինձնից հետո էր կանգնել, առաջ էր ընկել, սակայն baggage screening-ից (շատ կներեք, հայերենը չգիտեմ) հետո ստիպել էին, որ պայուսակը բացի: Նա էլ ներվայնացած քանդում էր ամեն ինչ: Ես տեսա, թե ինչպես էժանագին զարդեր պարզեց, որոնք երևի նվեր էր տանում: Նա չգիտեր, որ հաճախ ամենասովորական իրերն են կասկածելի թվում, և ներվայնանալու կարիք չկար:
    Ես նորից առաջ անցա ու գնացի ինքնաթիռ նստելու: Հիասթափությունս ու տխրությունս մեծ էր, երբ տեսա, որ իմ կողքին հոլանդացի ամուսիններ են տեղավորվել, որոնք հազիվ իրար հետ էին խոսում, ու՜ր մնաց ինձնով զբաղվեին: Իսկ այն աղջկան այլևս չտեսա:

    շարունակելի

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.07.2010), Magic-Mushroom (05.07.2010)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրքանման

    Անհամբեր սպասում եմ շարունակությանը

  6. #4
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրքանման

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամբեր սպասում եմ շարունակությանը
    Ես էլ:
    Հայաստանում անցկացրած վերջին րոպեներս հիշեցի...

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Կներեք ուշացման համար: Ուղղակի նախընտրում եմ արագ-արագ լրիվ գրել, հետո կամաց-կամաց հավաքել: Շարունակենք…

    Իմ միակ մխիթարությունն այն էր, որ գիշերը չէի քնել, հետևաբար կորցրածս ժամերը կարող էի ինքնաթիռում լրացնել: Այդպես էլ արեցի: Արթնանում էի միայն այն ժամանակ, երբ սնունդ կամ ըմպելիք էր մատուցվում:
    Նստել էի պատուհանի մոտ: Առաջին բանը, որ նկատեցի, ինքնաթիռի թևն էր՝ ճաքած ու մաշված: Սարսափեցի: Մի՞թե տեղ կհասնենք: Այս անգամ, ի տարբերություն նախորդ ճանապարհորդություններիս, ուշադրությամբ լսում էի, թե ինչ պետք է անել վթարի դեպքում. իսկապես այդ ամենը յուրացնելու կարիքը կար: Ինքս ինձ խոստացա, որ թռիչքի բարեհաջող ավարտի դեպքում այլևս երբեք չեմ օգտվի այդ ավիաընկերության ծառայություններից (հա՛, մեկ էլ վերադարձս):
    Իսկ վերևից Հայաստանն ուրիշ էր: Եվրոպական երկրները հարթ են, ասես ներքևում գորգ փռված լինի, որի բաց և մուգ կանաչ քառակուսիները հաջորդում են իրար, իսկ արանքներում կարմիր նախշեր են: Հայաստանն անհարթ էր, լեռնոտ, բայց դա ինձ չի ստիպում ասել, որ իմ երկիրը Եվրոպայից լավն է կամ վատը:
    Չեմ ուզում շատ պատմել թռիչքի մասին, քանի որ այն չափից դուրս ձանձրալի էր: Միայն կասեմ, որ օդանավի ռադիոյի ականջակալներ բաժանեցին, որի մի ականջը չէր աշխատում (իսկական հայկական վիճակ), ռադիոյի 10 ալիքներից միայն մեկն էր միանում, այն էլ՝ ռուսերեն, այն էլ, ինչպես հետո պարզեցի, վերևում տեղադրված էկրաններով ցուցադրվող անորակ ֆիլմի ձայնն էր: Ու՜ր են «Չեմ ասի որ ավիաուղիների, որ գովազդ չհամարվի» թվային ֆիլմերը, որոնք մի քանի լեզվով կարելի է դիտել, ու՜ր են տարբեր ուղղվածություններով ռադիո ալիքները: Բյու՛ր, սթափվի՛ր, սա հայկական սպասարկում է մազերը գունաթափած հայ ուղեկցորդուհիներով, որոնք հիմնականում ռուսերեն են խոսում:

    Վերջ առաջին գլխի
    շարունակելի

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.07.2010), Magic-Mushroom (05.07.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Լավն է: Հուսով եմ շարունակությունն արդեն «կարմիր լապտերների» մասին կլինի

    Հ.Գ. Ես էդ ականջակալներից թրցրել եմ, տանը նորմալ աշխատում են

  10. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ես էդ ականջակալներից թրցրել եմ, տանը նորմալ աշխատում են
    Հայկական վարյանտով։

    Կներեք օֆֆտոպի համար։ Սպասում ենք գրքի շարունակությանը
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 10.08.2007, 10:42:

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գլուխ 1. Ճանապարհ կամ ինչու՞ եմ ես հայ

    Լավն է: Հուսով եմ շարունակությունն արդեն «կարմիր լապտերների» մասին կլինի
    Չէ՛, կարմիր լապտերների մասին հինգերորդ գլխում եմ գրել: Հիմա եղածի կարճ բովանդակությունը գրեմ, որ մոտավորապես պատկերացնեք, թե ինչ է սպասվում, մի քիչ հետո երկրորդ գլուխը կսկսեմ

    Գլուխ 2. Իսկապես, ինչու՞ եմ ես հայ
    Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես
    Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ
    Գլուխ 5. Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ
    Գլուխ 6. Հոմոսեքսուալիզմի ու սեքսի շաբաթ օր
    Գլուխ 7. Ծով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  13. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 2. Իսկապես, ինչու՞ եմ ես հայ

    Գլուխ 2. Իսկապես, ինչու՞ եմ ես հայ

    Ինչպես միշտ, զարմացա, երբ ինքնաթիռից իջնելիս չփսխեցի: Չնայած անհիշելի ժամանակներից այլևս չեմ փսխում ինքնաթիռում, բայց ամեն անգամ զարմանում եմ: Իմ գիտակցական կյանքում ընդամենը երկու անգամ թռիչքն ինձ վրա վատ ազդել, այն էլ կեղտոտ գործս տաքսու մեջ եմ արել երկու անգամն էլ, երկուսն էլ Պրահայում:
    Լավ, վերադառնանք բուն նյութին: Բաց թողնենք մի կտոր, քանի որ հետաքրքիր չէ, և քեզ, ընթերցո՛ղ, կձանձրացնի: Գանք այնտեղ, որ անձնագրի ստուգման հերթս հասել է, և ես սպասում եմ, որ մի քանի րոպե անց իրերս կվերցնեմ, կհանդիպեմ Յոլանդային ու Մարիամին (ի դեպ, այս տողերը գրելիս ես ծովափում եմ, իսկ կողքս հենց նույն Յոլանդան է պառկած), դուրս կգամ Ամստերդամ (վերջապե՜ս): Օդանվակայանում արդեն հոլանդացիները գեղեցիկ են երևում: Անգամ սևամորթ հավաքարարը… Բոլորը:
    - Ինչի՞ համար եք եկել,- ինձ հարցնում են անգլերեն:
    - Հիվանդանոցում ամառային պրակտիկայի:
    - Ինչքա՞ն ժամանակով:
    - Մեկ ամիս:
    - Կարո՞ղ եմ ձեր վերադարձի տոմսը տեսնել:
    - Իհարկե,- պայուսակիցս հանում եմ այն ու մեկնում:
    - Հրավե՞րը:
    - Խնդրեմ:
    - Փող ունե՞ք ծախսելու:
    - Այո՛:
    - Ինչքա՞ն:
    - Մոտ հինգ հարյուր եվրո:
    - Հազա՞ր:
    - Հարյուր:
    - Հինգ հարյուրը քիչ է: Letter of confirmation ունե՞ք:
    - Դա ի՞նչ է:
    - Պետք է հրավերի հետ ուղարկեին:
    - Բայց իմ մնալու ծախսերը նրանք հոգում են:
    - Letter of confirmation է պետք… Ես հիմա կկանչեմ իմ գործընկերուհուն, նա կզբաղվի ձեզնով: Դա մի քիչ ժամանակ կխլի:
    Եկավ մի հաղթանդամ սևամորթուհի (ուհի՞), վերցրեց փաստաթղթերս և կարգադրեց հետևել իրեն: Մի դռնով ներս մտավ, ինձ ասաց, որ սպասեմ կողքի պատուհանի մոտ: Վերևում գրված էր "Immigration": Այդ պահին բոլոր հոլանդացիները տգեղ երևացին իմ աչքին: Նույնիսկ սևամորթ հավաքարարուհին, որը քիչ առաջ գեղեցկուհի էր:
    Նայեցի շուրջս: Այնտեղ էին ռուս կանայք և մի կին, որը պետք է որ ինչ-որ մուսուլմանական երկրից լիներ, որովհետև միայն դեմքն էր երևում: Պատուհանից ներս նայեցի: Սեղանի վրա անձնագիրս ու մյուս փաստաթղթերս տեսա: «Երևի հերթի է սպասում»,- մտածեցի:
    Նոր անձնագրեր, նոր ռուս կանայք էին գնում-գալիս, բայց իմը մնում էր անօգնական ու մենակ, ոչ ոք չէր նկատում: Մուսուլման կինը (գուցե աղջիկը) նույնպես դեռ այնտեղ էր: Ինձ նման ձանձրույթից ու անհանգստությունից մեռնում էր: Մի թեթև զրույցի բռնվեցինք: Իմացա, որ Իրանից է, եկել է ընտանիքի անդամներին տեսնելու: Նա էլ իր հերթին պարզեց, որ հայ եմ, Հոլանդիայում ազգականներ չունեմ: Դրանից ավելի նրա անգլերենը չներեց:
    «Ինչու՞ եմ ես հայ: Ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ երկրից շատերն այստեղ ապօրինաբար են մնում… 500 եվրոն ավելի քան բավարար է: Մի՞թե դուք հազարներ եք ծախսում: Ես մեքենա չեմ գնելու… Չէ՞ որ մնալու տեղ ունեմ: Ես ձեր պետության վզին բեռ չեմ դառնա: Թերթե՛ք անձնագիրս: Վիզաներս չե՞ք տեսնում: Եթե երկրից փախչող լինեի, նախորդ հնարավորություններս բաց չէի թողնի… Գուցե կասկածելի մարդկանց քանա՞կ եք լրացնում: Ես երևի ձեր հերթական զոհն եմ… Ինձ հաջորդ ինքնաթիռով Երևան կուղարկեն: Բայց կհատուցե՞ն ծախսերս: Իսկ ի՞նչ եմ անելու պրակտիկայի ստուգարքս… Մի՞թե ինձ պակաս փաստաթղթեր են ուղարկել: Ինչի՞ մասին էր ասում Լևոնը: Բայց կարծեմ դա վիզայի համար էր, որը ստանալուց խնդիրներ չունեցա: Մամա՛… ես շատ լավ հասել եմ, բայց ինձ դուրս չեն թողնում… Ամստերդա՛մ, դու ինձ չես սիրում…»:
    Ընթերցո՛ղ, ես չեմ կարող լիովին նկարագրել ու բացատրել, թե ես ինչ զգացի, ինչ մտածեցի, ինչ ապրեցի ավելի քան մեկ ժամ "Immigration" կոչվող պատուհանի տակ արհամարհված անձնագրիս սպասելով, մինչ աշխատողները ասես չէին էլ շտապում. ուրիշներով էին զբաղվում կամ ուտում, կատակներ անում ու ծիծաղում:
    «Ի՞նչ կլինի, եթե ինձ դուրս թողնեն: Ի՞նչ եմ անելու, եթե դիմավորողներս չսպասեն: Ու՞ր է պայուսակս: Ի՞նչ կլինի, եթե գողանան»:
    Այդ ընթացքում մորս երկու հատ SMS գրեցի, կերա այն խնձորը, որը տնից դուրս գալու պահին էր ծառից ընկել ու չմոռացա անհանգիստ հետ ու առաջ անել՝ աչքերս չկտրելով անձնագրիցս:
    Պատուհանի մոտ մարդ չմնաց: Անգամ պարսկուհուն էին արդեն ճանապարհել: Սեղանին միայն իմ անձնագիրն էր մնացել, բայց բոլորն ասես թքած ունենային: Մայրս էլ Երևանում էր անհանգստանում: Ուզում էր բանկային գրքույկի պատճենը ուղարկել (միակ բանը, որ կարող էր անել այդ պահին): Աչքերս լցվում էին արդեն: Ու հանկարծ.
    "Hi!"
    Սկզբում չհասկացա, թե ովքեր են ինձ ողջունողները, բայց շուտով տեսա նրանց ձեռքի թուղթը.
    Byurakn Ishkhanyan
    IFMSA
    Մարիամն ու Յոլանդան էին: Ավելի քան երկու ժամ ինձ սպասելուց հոգնել են, անհանգստացել: Տեղեկատուից պարզել են, որ եկել եմ, ներս են մտել, որ իմանան, թե ինչու ինձ դուրս չեն թողնում:
    Պատուհանից այն կողմ գտնվողներին մի քանի հոլանդերեն բառ ասացին, և անմիջապես անձնագիրս ու փաստաթղթերս վերադարձվեցին:
    - Քեզ հաճելի պրակտիկա,- ասվեց:
    Եվ վե՛րջ: Դուրս եկա: Մարիամն ու Յոլանդան անվերջ ներողություն էին խնդրում, ասում, որ նման դեպքն անսպասելի էր: Բայց նրանք մեղք չունեին, որ որոշվել էր ինձ ձևի համար օդանավակայանում պահել:

    Վերջ երկրորդ գլխի
    շարունակելի

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  15. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրքանման

    Բյու'ր ջան, սպասում եմ շարունակությանը...դու էլ շատ մի' տանջիր...
    Որպես նախնական /արդեն երկրորդ/ տպավորություն ասեմ, որ այնքան բնական ա ամենը նկարագրված, որ կարծես հերոսը ես լինեմ /էս դեպքում միակ վատ բանը, որ դեռ չգիտեմ հետս ինչ ա լինելու/
    Էն յոթերորդ գլուխն էլ մերսի իմ հիշատակին նվիրելու համար.../կապ չունի, որ ես էնտեղ չկամ/

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրքանման

    էս դեպքում միակ վատ բանը, որ դեռ չգիտեմ հետս ինչ ա լինելու
    Քեզ թվում ա ես գիտե՞մ:
    Մի քիչ հանգստանամ, հաց ուտեմ, երևի սկսեմ երրորդ գլուխը հավաքել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես

    Գլուխ 3. Սա Ամստերդամն է, այստեղ դու տա՞նն ես

    Ընթերցո՛ղ, չգիտեմ՝ ինչպես շարունակեմ: Կարող եմ սկզբում քեզ հետաքրքրողը գրել, բայց էդպես ես հետ կընկնեմ: Ճիշտ է՝ սա ստեղծվում է նաև քեզ համար, սակայն չի նշանակում, որ պետք է ինձ հուզողը, անհանգստացնողն ու ցնցողը հետին պլան մղեմ… Լավ, որոշեցի: Թեկուզ ձանձրալի է ինձ համար (գուցե քեզ համար նույնպես), բայց ես առաջ կգնամ ըստ ժամանակագրության: Ամեն դեպքում՝ շատ չեմ վազի այս ու այն կողմ:

    - Իմ անունը Շակ է,- ասաց տանտերս, որը եկավ օդանավակայան, ինձ վերցրեց, մեքենայով տուն բերեց ու քիչ անց, փորձելով սովորել անունս, միջանցքում գտնվող գրատախտակին գրեց նաև իրենը:- Մաքուր հոլանդական անուն է: Գրվում է Sjaak: Իսկական անունս՝ Jacobus, բայց շատերը նախընտրում են ֆրանսիական տարբերակը՝ Ժակ (Jacques):
    Ես կավելացնեմ հայկականը՝ Հակոբ, բայց բնավ չի սազում: Նա Շակ է՝ իսկական հոլանդացի, ոտքից գլուխ, ամբողջ հոգով ու սրտով:
    - Ամստերդամը գեյերի մայրաքաղաքն է,- փորձելով ներկայացնել իր քաղաքը՝ շարունակեց Շակը,- բոլոր երկրների գեյերն այստեղ են ապաստան գտնում: Չնայած ես նրանց դեմ չեմ, բայց ես գեյ չեմ:
    Ի դեպ, վերջին ասածը նա կարողացավ ապացուցել, երբ մի օր ուշ երեկոյան տուն մտա ու նրա սենյակից տղամարդու ու կնոջ տնքոցներ լսեցի:
    - Ամստերդամ… միասեռականություն, Ռեմբրանդտ, սեքս, Վան Գոգ, մարիխուանա…- մի անգամ մտածկոտ ասաց սերբ Նիկոլասը:
    Եվ նա շատ ճիշտ էր բնութագրել Ամստերդամը: Դա քաղաք է, որտեղ ամեն ինչ կա, բացարձակապես ամեն ինչ: Եվ այստեղ մարդիկ ազատ են ուզածն անելու: Այնքան ազատ, որ նույնիսկ կարող են լավը լինել, և ոչ ոք նրանց չի մեղադրի: Ծայրահեղությունների քաղաք է Ամստերդամը, որը մնացած գլուխներում ավելի մանրամասն կնկարագրվի: Ու նման չէ եվրոպական մյուս քաղաքներին: Այստեղ եկած լեհը, պորտուգալացին ու ֆրանսիացին են անգամ զարմանում:
    Ջուրը շատ է, շա՜տ-շա՜տ: Մոծակներն էլ քիչ չեն: Մեկը կա իմ սենյակում, համառորեն չի ուզում հեռանալ: Ամեն գիշեր տզզում է ականջիս տակ ու 3-4 նոր խայթոց նվիրում: Դրանք պարտադիր ձեռքերիս վրա են տեղակայվում, ուղիղ շարքով, միևնույն հեռավորությամբ: Միայն երբեմն-երբեմն մոծակն անցնում է մարմնիս մնացած մասերին: Մի անգամ նույնիսկ ոտքիս տակ էր իր կնիքը թողել: Բայց երբե՛ք-երբե՛ք գիշերանոցիս վրայից չի կծում: Կա՛մ ամաչում է, կա՛մ էլ հայ մոծակների նման խելացի չէ:
    Ամստերդամը չափից դուրս աշխույժ քաղաք է: Կենտրոնի փողոցները միշտ լիքն են, իսկ անցյալ շաբաթ օրը մարդիկ այնքան շատ էին, որքան մեզ մոտ լինում է, ասենք, Օպերայի հրապարակում բացօթյա համերգների ժամանակ: Բայց Ամստերդամում մարդիկ ծածկում են փողոցները, ամենուր տոն է, բացօթյա համերգ:
    Գողերն էլ են շատ այստեղ: Սովորել եմ ուսապարկս դիմացից հագնել, որ աչքիս առաջ լինի: Իսկ այսօր մի միամիտ սևամորթ փոքրիկ տղա ուզում էր գրպաններս դատարկել: Ես քնած էի տրամվայի մեջ (կես ժամ տևողությամբ ճանապարհորդության ընթացքում ամենաօգտակար զբաղմունքն է), երբ նուրբ հպում զգացի: Աչքերս բացեցի ու տեսա սևամորթ տղային, որը ձեռքը գրպանիս էր մոտեցնում: Նորից քնեցի, սակայն քիչ անց նույն հպումը զգացի, աչքերս բացեցի, և նա ձեռքը փախցրեց: Նա չգիտեր, որ գրպաններս դատարկ էին, իսկ թանկարժեք ու կարևոր իրերս պայուսակիս մեջ էին, որը պինդ գրկել էի: Մերթ ուզում էի աչքերս նորից փակել, թույլ տալ, որ գրպանս մտնի ու համոզվի, որ այնտեղ ոչինչ չկա: Հետո ցանկացա ապտակել կամ պարզապես տեղս փոխել: Բայց մինչ որևէ բան կորոշեի, տրամվայը կանգնեց հերթական կանգառում, և անփորձ գողն իջավ:
    Ինչ-որ շատ եմ շեղվում թեմայից: Ասենք, մի՞թե այն գոյություն ունի: Ես խոստացել էի ժամանակագրություն պահպանել, բայց միանգամից սկսեցի հետ ու առաջ անել: Լավ, սա ընդունիր որպես մեծ նկար, որի առանձին մասերին խոշորացույցով կմոտենանք: Դեռ չե՞ս ձանձրացել: Գնանք Աննա Ֆրանկի մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  20. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ

    Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ

    Ամստերդամում գտնվելուց առաջին երկու օրերը քնած եմ անցկացրել: Նախ, սարսափելի հոգնախ էի, երկրորդ՝ քաղաքում թափառելու հավես չունեի: Ընդամենը երկու անգամ եմ դուրս եկել: Առաջին օրը Շակը ինձ տարավ մոտակա սուպերմարկետը. ուտելու բան գրեթե չունեի: Իսկ երկրորդ օրը երեկոյան ինքս դուրս եկա, որ գնամ տրանսպորտի մշտական տոմս առնելու: Բայց նույնիսկ ավտոբուսի կանգառը չգտա: Միայն մի քիչ շրջեցի, ծանոթացա թաղամասին, նստեցի ջրի մոտ, երազեցի… Հետո հասկացա, թե որտեղ է կանգառը, և տուն վերադարձա:
    Մշտականս երրորդ օրը ձեռք բերեցի: Սկսում էի կամաց-կամաց սովորել քաղաքին:
    Այդ օրը Դավոն պետք է Ուտրեխտից Ամստերդամ գար. Աննա Ֆրանկի տուն-թանգարանում դաս ունեին: Ես, որ տարիներ առաջ կարդացել եմ նրա օրագիրը ու երազել ճանաչել նրան, վազելով որոշեցի Դավոյենց միանալ:
    Մի անգամ ընկերուհիս՝ Արաքսյան, ասել է ինձ.
    - Եթե դու ու Աննա Ֆրանկն իրար ճանաչեիք, անպայման ընկերություն կանեիք: Քո ու նրա օրագրերն իրար շատ նման են:
    Ատում եմ, երբ Աննայի գրածն այդքան քաղաքականացնում են: Եթե նա կենդանի մնար, այդ հրաշք օրագիրն այդպես էլ չէր հրապարակվի, և մենք շատ բան կկորցնեինք: Այն ինձ համար շատ ավելին է, քան պարզապես մի հրեայի պատմությունը: Ես չեմ պատրաստվում բացատրություններ տալ: Նա, ով զգացել է նույնը, ինչ ես՝ այն կարդալուց հետո, ինձ կհասկանա:
    Տարբեր տուրիստական գրքեր, քարտեզներ և ինտերնետն օգտագործելով կարողացա ոչ միայն հասցեն պարզել, այլև իմանալ այնտեղ գնացող տրամվայների անունները և մոտակա կանգառի անունը:

    Երբ տրամվայից իջա, չգիտեի՝ որ կողմ գնալ: Որոշեցի հարցնել: Մեկը պատասխանեց.
    - Չգիտեմ կոնկրետ տեղը, բայց գիտեմ, որ մոտերքում է:
    Իսկ երկրորդը պայուսակը երկար քրքրեց, հետո ասաց.
    - Կներեք, քարտեզն ամուսնուս մոտ է մնացել:
    Ջղայնացա ու որոշեցի ինքս գտնել: Մի քիչ այս ու այն կողմ անելուց հետո նկատեցի, որ խաչմերուկներում ցուցանակներ կան, որոնք սլաքներով են և ցույց են տալիս, թե որ ուղղությամբ գնալով ուր կհասնես: Ես հետևեցի դրանց և հասա մի հսկայական հերթի, որի մասին Դավոն հեռախոսով ասել էր (նա արդեն ներսում էր): Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ դրա մեծությունը, որ հասկանալի լինի: Ասենք, մոտ հիսուն մետր կլիներ (եթե ոչ ավելի): Մարդիկ էլ խելոք մի շարքով կանգնել էին, ոչ թե հայավարի իրար գլխի լցվել: Չնայած չէի ուզում հավատալ, բայց դա իրոք Աննա Ֆրանկի տան մոտ գոյացած հերթն էր: Այդ պահին հասկացա, որ Ամստերդամում որևէ բան հարցնել պետք չէ. ցուցանակները շատ ավելի ինֆորմատիվ են (հիշեցի Երևանի ցուցանակները, որոնց սլաքներն ուղղված են շենքերի վրա ու կրում են, ասենք, «Գառնի» գրությունը):
    Ես մի ժամ հերթ կանգնեցի, հետո մտա Աննա Ֆրանկի տուն… Պատերին գրություններ էին նրա օրագրից: Լուսանկարներ ու տարբեր իրեր կային ցուցադրված, որոնց բացատրությունները հենց օրագրից էին մեջբերված: Էկրաններ կային: Տարբեր մարդիկ, որոնք Աննային ճանաչել են, պատմում էին նրա մասին: Հայրը՝ Օտտո Ֆրանկը, ասում էր, որ չգիտեր, որ այդքան խորն է եղել իր աղջիկը: Է՛հ, հայրե՛ր, որքա՜ն բան դուք չգիտեք ձեր սեփական երեխաների մասին: Նորից նույն հարցն է ծագում. ի՞նչ կլիներ, եթե Աննան ապրեր: Այդպես էլ հայրը երբևէ չէր ճանաչի դստերը: Տխուր է հնչում… Իսկ մի՞թե հավատում եք, որ Աննան կենդանության օրոք իր օրագիրը կվստահեր հորը:
    Ու շարունակ մի միտք էր պտտվում իմ գլխում. «Նա այստեղ եղել է… Հիմա էլ երևի շրջում է այս սենյակներում ու տխրում…»:
    Մի սենյակում՝ ապակե պահարանի մեջ, տեղադրված էր «Աննա Ֆրանկի օրագիրը» տարբեր լեզուներով: Ես ցնցվեցի, երբ հայերեն տարբերակը տեսա: Ազգային սովորություն է. երբ օտար երկրներում մերն ենք տեսնում, խառնվում ենք իրար:
    Հետո մի տուփ տեսա, որտեղ փող էին հավաքում «Աննա Ֆրանկ» հիմնադրամի համար: Ուզում էի որպես կատակ մի հիսուն դրամանոց գցել: Հա՛, հիմնադրամի նպատակը ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքարելն էր: Զայրացա: Ախր ի՞նչ կապ ունի Աննան: Ուզում եք միլիարդներ հավաքեք, միևնույն է, նրան հետ չեք բերի: Դեմ չեմ. ֆաշիզմի ու ռասիզմի դեմ պայքարեք, բայց Աննայի անունը մի՛ օգտագործեք, խնդրում եմ: Մի՞թե բավարար չէ, որ տուրիստներին կլպում եք հենց այս թանգարանով (նախ, տոմսն էր շատ թանկ, հետո, գործում էր մի խանութ «լավ» գներով, որտեղ տուրիստները զմայլված գնումներ էին կատարում. Աննա Ֆրանկը դարձել էր փող աշխատելու միջոց):

    Թանգարանից դուրս եկա՝ նորից ու նորից երազելով ճանաչել Աննային:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գլուխ 4. Հանդիպում Աննա Ֆրանկի հետ

    Գլուխ 8. Առաջին տպավորություններ պրակտիկայից
    Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  24. #15
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գրքանման

    Ես անհամբեր սպասում եմ շարունակությանը.
    Ուրախ գրառում:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրքանման 2. Անգլիա
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.08.2010, 12:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •