User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Գրքանման

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

    Գլուխ 9. Տրանսսեքսուալներ

    Ինեկեն գործս հեշտացնելու համար ծրագիր էր տվել, որի շնորհիվ ես հստակ գիտեի, թե որ ժամին որտեղ պետք է լինեմ: Ամենալավն ուրբաթ օրվա ծրագիրն էր թվում. առավոտյան՝ գրադարան, ցերեկը՝ տրանսսեքսուալներ: Բնականաբար, ես ամբողջ առավոտն ինտերնետում էի անցկացնելու ու հազիվ թե գիտական կայքեր մտնեի: Իսկ երկրորդ հատվածը… Շատ հետաքրքիր էր. ես կյանքում տրանսսեքսուալներ չէի տեսել:

    Գրադարանում մի լավ չատ անելուց հետո (թեև գիտական կայքեր, այնուամենայնիվ, մտել էի) բարձրացա բաժանմունք, որ իմանամ, թե որտեղ է տրանսսեքսուալների ընդունելությունը: Սենյակում միայն բժիշկն Կունենն էր:
    - Գնա առաջին հարկ: Բեայի սենյակը գիտե՞ս: Դրա կողքը Յոս անունով մի մարդ է նստում: Նա ամեն ինչ գիտի տրանսսեքսուալների մասին:
    Յոսին հեշտությամբ գտա: Նա զարմացավ, երբ իմացավ, որ պետք է մասնակցեմ տրանսսեքսուալների ընդունելությանը, որովհետև բժշկին ուղեկցող ուսանող արդեն կար, իսկ երկրորդը շատ էր:
    - Ո՞ր երկրից ես,- հարցրեց:
    - Հայաստանից:
    - Իմ տրանսսեքսուալ հիվանդների մեջ հայեր էլ կան… Լա՛վ, սպասիր, մի բան կմտածենք. Հայաստանում տրանսսեքսուալներ դժվար տեսնես:
    Որոշվեց, որ մինչև ժամը երեքը ես եմ ներկա գտնվելու, հետո՝ հոլանդացի ուսանողուհին:

    Մտա ընդունելության սենյակ: Էլենը (երիտասարդ բժշկուհի, որի ազգանունը չեմ հիշում) ներսում էր:
    - Գիտե՞ս՝ այստեղ ինչ է լինելու:
    - Մոտավորապես:
    - Գալու են մարդիկ, որոնք ժամանակին վիրահատվել, սեռը փոխել են, բայց դեռ որոշ չափով կնոջ կամ տղամարդու տեսք ունեն: Վերանայում եմ նշանակված հորմոնները, պարզում, թե ինչպես են իրենց զգում, եթե պետք է, ճնշումը չափում, կշռում, ստուգում օստեոպորոզ սկսվել է, թե չէ:

    Ներս մտավ առաջին հիվանդը: Միանգամից հասկացա, որ նախկին և ներկա սեռերը որոշելու համար պետք է հագուստին նայել. դիմագծերը ոչինչ չեն ասում: Մի խոսքով, եկողը կին էր, բայց մի ժամանակ տղամարդ է եղել: Ու կարծես ուզում էր գոռալ, բոլորի երեսին շպրտել, որ ինքը կին է: Մատներին՝ լիքը մատանիներ, պարանոցին՝ մի քանի տիպի վզնոց, դիմահարդարանքը չէր խնայել, բարձրակրունկներ էր հագել, իսկ հնաոճ շրջազգեստի մասին էլ չեմ խոսում: Դեմքը տղամարդու չէր, ոչ էլ կնոջ:
    - Ի՞նչ գանգատներ ունեք,- հարցրեց Էլենը:
    - Ոչ մի, եթե չհաշվենք քրոնիկական հոգնածության համախտանիշը, որով արդեն մի քանի է՝ տառապում եմ:

    Հաջորդը տղամարդու շորերով էր, հետևաբար նախկինում կին է եղել: Ավելի ճիշտ, ոնց որ դեռ չէր վիրահատվել, այլ միայն դեղեր էր ստանում, որովհետև որովայնի ցավերից էր գանգատվում, իսկ բժիշկը դա մեկնաբանեց որպես մենստրուացիայի նշան. հիվանդը վերջերս ավարտել էր հակամենստրուացիոն դեղերի կուրսը:

    Երրորդն առաջինին շատ նման էր, միայն թե դեռ չէր վիրահատվել, հորմոններ չէր ստացել: Տղամարդու դեմք ուներ, իսկ գլխինը կեղծամ էր, երկար մազեր չուներ:

    Ու դու չես հասկանում. քեզ ծաղրու՞մ են այս մարդիկ՝ ցույց տալով, թե մի սեռի են պատկանում, մինչդեռ այդպես չէ: Հոգեբուժարանու՞մ ես գտնվում, թե՞ կրկեսում: Ընթերցող, դու կասես, որ նրանց ընտրությունն է: Համաձայն եմ քեզ հետ: Ես էլ էի այդպես մտածում մինչև տեսնելս: Բայց լրիվ ուրիշ է, երբ կնոջ հագուստով տղամարդը ձեռքդ սեղմում է ու ներկայանում.
    - Էսթեր:
    Դու քեզ խաբված ու ծաղրված ես զգում:

    Այդպես էր այն ժամանակ, երբ տրանսսեքսուալների մասին տպավորություններս թարմ էին, իսկ ես գաղափար չունեի, թե ինչ է նշանակում տրանսսեքսուալիզմ: Թվում էր՝ հեշտ է հասկանալ. մեկը, որ իրեն հակառակ սեռի ներկայացուցիչ է զգում ու որոշում է վիրահատվել: Իսկ ես չէի փորձել խորանալ, հասկանալ, թե իրականում ինչ է այն: Եվ եթե վերջերս չանցնեինք սեքսոլոգիա առարկան, պարաֆիլիաների մեջ չքննարկեինք «տրանսսեքսուալիզմ» կոչվածը, կշարունակեի մնալ իմ կարծիքին, կմտածեի՝ այն ժամանակ ինձ ձեռ էին առնում:

    Իրականում տրանսսեքսուալիզմը սեռական ինքնագիտակցության խանգարում է: Այսինքն՝ չնայած գենետիկական ու արտաքինից երևացող սեռին, նրանք իրենց զգում են հակառակ սեռի ներկայացուցիչ: Եվ դա այդքան պարզունակ չէ: Լուրջ խանգարում է, որը բնածին է լինում: Պատճառը մոր հղիության ժամանակ, երբ ձևավորվում են սեռական կենտրոնները, տարած սթրեսներն են: Մեր սեքսոլոգիայի դասախոսը կասեր. «Պատկերացրեք՝ տղամարդու մարմնում կնոջ ուղեղ է»: Մարդիկ շատ են տանջվում դրանից, փորձում քողարկել արտաքին սեռական հատկանիշները: Իսկ եթե նույնիսկ վիրահատվում են, հինգ տոկոսի մոտ ավարտվում է ինքնասպանությամբ: Ավելին՝ հասարակության մեջ նրանք մերժված են: Հաճախ վիրահատվելուց հետո փոխում են անունն ու անձնագիրը, բնակավայրը:

    Չեմ մանրանա, բոլորի մասին չեմ պատմի: Կուզեի ևս երկուսին առանձնացնել և ավարտել:
    Մեկը եկավ, որ արտաքինից ոչ մի կերպ չէիր կարող ասել, թե ինչ սեռի է. հագուստը սովորական էր, մազերը՝ երկար: Երբ Էլենը նրա մաշկի տակ էստրոգեն ներարկեց, հասկացա, որ նախկինում տղամարդ է եղել: Նրա նկատմամբ հարգանքով լցվեցի. իր կին լինելը չէր շպրտում մյուսների երեսին: Նրա մասին կարող էիր հանգիստ ասել, որ ընտրել է, լավ է արել, իմ գործը չէ:

    Այն ժամանակ դեռ կարծում էի, որ տրանսսեքսուալիզմն ընտրովի է: Պատկերացում անգամ չունեի, որ մարդը ծնված օրվանից դատապարտված է դրան, որ առաջին նշանները կարելի է նկատել անգամ մեկից երեք տարեկան հասակում, երբ աղջիկը հրաժարվում է տիկնիկներով խաղալուց կամ տղան վազում է դեպի տիկնիկները:

    Հետո մեկը ներս մտավ, որն իսկական տղամարդ էր: Նրան տեսնելիս վայրկյան անգամ չէիր տատանվի, չէիր կասկածի, որ նախկինում կին է եղել: Գուցե ճիշտ է արել, որ վիրահատվել է. երևի այն ժամանակ էլ է ավելի շատ տղամարդու նման եղել: Ի դեպ, մասնագիտությամբ բժիշկ էր:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 10. Պլանավորված օրվա չպլանավորված ընթացքը

    Գլուխ 10. Պլանավորված օրվա չպլանավորված ընթացքը

    - Վաղը եղանակը լավն է լինելու,- ասաց Շակը, որը միշտ հետևում էր եղանակի տեսությանը:
    Եթե բոլոր ուսանողները Լայդեն մեկնած չլինեին, կառաջարկեի միասին ծովափ գնալ: Իսկ ես Ակումբի միջազգային հանդիպման պատճառով մնացել էի Ամստերդամում՝ չիմանալով ինչ անել կիրակի օրը, այն էլ երբ եղանակը լավն էր լինելու:

    Երկար մտորելուց հետո որոշեցի գնալ այգի, ինքս ինձ համար պիկնիկ կազմակերպել, աղոթել, Աստվածաշունչ կարդալ, գրել: Մի խոսքով, ցանկացա օրս Աստծուն նվիրել:

    Առավոտյան փռվել էի անկողնուս մեջ, աչքերս փակել ու ինչ-որ խառը բաների մասին էի մտածում: Իսկ սրտիս զարկերից պարզապես ցնցվում էի: Քսան րոպե անց հասկացա, որ անիմաստ է այդպես պառկելը: Վեր կացա, բայց դուրս գնալու տրամադրություն մի տեսակ չունեի: Չլսված-չտեսնված բան է, որ կարճ ժամանակով Եվրոպա մեկնած ուսանողը վիքենդը տանն անցկացնի: Իսկ երբ հաջոր օրը բժիշկ Լիպսը հարցնի, թե ինչ եմ արել այդ երկու օրերի ընթացքում, կպատասխանեմ.
    - Ոչինչ:
    - Ոչի՞նչ,- կզարմանա:

    Չէ’, այնքան էլ ոչինչ չէր: Օրս Աստծո հետ անցկացնելու գաղափարը վերջնականապես նահանջել էր, և ես պետք է ուրիշ անելիք փնտրեի. տանը մնալու համար հաստատ զղջալու էի:

    Որոշեցի Աստվածաշնչի թանգարան գնալ: Ինտերնետում փնտրեցի, գտա: Spui կանգառի մոտերքում էր:

    Երբ հասա Spui, սկսեցի շուրջս նայել, բայց ոչ մի տեղ չգտա “Bijbelsmuseum” ցուցանակը: Անգամ ինձ անհրաժեշտ Herengracht կանալը չգտա: Բայց Singel կոչվող կանալի դիմացի ափին մի եկեղեցի տեսա: “Եթե թանգարան չհասնեմ, այնտեղ կմտնեմ”,- մտածեցի:

    Շատ չփնտրեցի, որովհետև արդեն ուշ էր, իսկ թանգարանը ժամը հինգին փակվելու էր: Օրեր անց միայն, չգիտեմ ինչպես, ես նպատակաուղղված քայլեցի դեպի այնտեղ. ասես դա իմ առաջին այցելությունը չլիներ, և ես անգիր գիտեի ճանապարհը:

    Ինչևէ, գոնե այդ օրն Աստվածաշնչի թանգարան գնալը հետաձգվեց, և ես քայլեցի դեպի եկեղեցի:

    Դժվար չէր նկատել, որ կաթոլիկ եկեղեցի էր՝ իր ողջ ճոխությամբ ու ոսկեզօծությամբ: Ես տեղավորվեցի մի նստարանի վրա ու փորձեցի աղոթել՝ ինքս ինձ վրա ջղայնանալով, որ Աստծուն սահմանների մեջ եմ դնում և Նրա հետ շփվելու համար խաղաղ բնությունը թողած գալիս եմ եկեղեցի: “Այստեղ հանգիստ ու լուռ է”,- փորձում էի ինձ արդարացնել: Բայց աղոթել չէր լինում. իմ ներսում ինչ-որ բան այնպես չէր, ինչ-որ բան չորացել էր:
    - Վերջում,- հանկարծ լսեցի:
    Մտածեցի, թե ինձ թվացել է, և դա կարող էր լինել հոլանդերեն, գերմաներեն, ֆրանսերեն կամ չգիտեմինչերեն: Երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ երեքով են. հայր, մայր, որդի: Տղամարդը տեսախցիկով եկեղեցու բոլոր անկյուններն էր քչփորում, իսկ կինն ու որդին նստել էին առաջին շարքում:
    - Դու ու մաման կանգնեք, ես նկարեմ:
    Նորից կարծեցի, թե ականջիս ձայներ են գալիս: Իսկ քիչ անց, երբ կինն ու տղամարդը կանգնեցին, տղան ասաց.
    - Ուշադի’ր:
    Նրանք հայ էին ոտքից գլուխ, ամենաիսկական, ամբողջ հոգով: Տղամարդն ուներ իսկական հայկական փոր, կինն էլ իսկական մաշված տանտիկին էր: Մի խոսքով, նրանք այնքան էին հայ, որքան Շակը՝ հոլանդացի:

    Կինը նորից նստեց, իսկ ամուսինը շարունակեց շրջել ու տեսախցիկով հոտոտել: Երբ իմ կողմ նայեց, ժպտացի: Նա էլ ժպիտով պատասխանեց: Զարմանալի է. երբ Հայաստանում անծանոթ մարդկանց ժպտում ես, ժամերով հաշիվ են պահանջում, բայց այս մարդը ոչ մի բառ չասաց:

    Քիչ անց դուրս եկա: Մենակ էի ու երջանիկ: Թափառում էի, խանութներ մտնում: Նորից քաղաքում տոն էր. կիրակի էր:

    Երկար զբոսնելուց հետո որոշեցի, այնուամենայնիվ, այգի գնալ ու պառկել խոտերի մեջ, աղոթել կամ գրել: Սկզբում սխալ տրամվայ նստեցի: Ստիպված եղա իջնել, հակառակ կողմից նույն համարը նստել, գնալ այն կանգառը, որտեղից եկել էի: Սպասում էի ճիշտ տրամվային, երբ անձրևի կաթիլ քսվեց դեմքիս: Հետո՝ մյուսը, երրորդը… “Գուցե շուտով կտրվի… Գնամ այգի, թե ուժեղանա, կվերադառնամ”: Բայց անձրևը լրջացավ, և ստիպված անցա փողոցը, տրամվայ նստեցի, հետո՝ ավտոբուս, որ տուն հասնեմ:

    Պատուհանից նայում էի անձրևի մանր կաթիլներին: Այն փափուկ էր, նման չէր երևանյան կոշտ ու ծեծող անձրևին: Նրա ձայնը ոչ թե “տը’կ-տը’կ” էր, այլ “շը՜շշ”: Ու ասես շոյում էր ասֆալտը, ոչ թե ծեծում:

    Եվ ես շնչում էի անձրևային օդը: Մենակ էի, ինչպես երբեք:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (02.07.2009), Magic-Mushroom (05.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 11. (անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

    Երբ այս հատվածը գրում էի, չգիտեի՝ հրապարակելու՞ եմ արդյոք, թե՞ ոչ, բայց որովհետև արդեն գրեթե երկու տարի է անցել, այլևս թուլությունս թաքցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ի դեպ, վերնագիրն էլ նոր խմբագրեցի: Սա էլ կարդացեք, իսկ հաջորդն իմ սիրած գլուխներից է:

    Գլուխ 11. (անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

    - Այս հարցն ինձ անհանգստացնում է,- հանկարծ ասաց բժիշկ Էյկհոֆը,- դու միայնակ չե՞ս զգում Ամստերդամում:

    - Դե… Կարծում եմ՝ չէ,- պատասխանեցի:

    - Ընկերներ ունե՞ս:

    - Հա, տարբեր երկրներից ուսանողներ կան, որոնց հետ շփվում եմ:

    Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ վերջին անգամ նրանց հավաքույթին ութ օր առաջ էի գնացել, այն էլ մի ժամ մնալուց հետո տուն էի վերադարձել: Նա չգիտեր, որ ընդամենը նախորդ օրը գրադարանում պատահաբար Բրունոյին տեսա, որն ինձ տեղեկացրեց, որ երեկոյան գնալու են թեյ խմելու: Ես խոստացել էի, որ կգնամ, բայց որովհետև սարսափելի հոգնած էի (հիվանդանոցում սովորականից երկար էի մնացել), որոշել էի տնից դուրս չգալ ու հանգստանալ: Սակայն ոչ ոք չէր հիշել ինձ, որովհետև ոչ մի զանգ, ոչ մի SMS չեկավ, որ ճշտեր. միանալու՞ եմ նրանց: Հասկացա, որ այստեղ ես եմ իմ գլխի տերը: Եվ ես միայնակ չէի:

    Ու չգիտես ինչու ներսից ծակոց զգացի. այլևս չէի կարող տանը մնալ: Գիրքս վերցրի, որ գնամ մոտակա կանալի մոտ, կարդամ:

    Երբ դուրս եկա, զգացի, որ ցուրտ է: Փորձեցի արևոտ կողմն ընտրել, սակայն ահավոր քամոտ էր, իսկ ժակետս բավարար չափով չէր տաքացնում: Ու հանկարծ տեսա դեպի Կենտրոնական կայարան գնացող 43 համարի ավտոբուսը:

    Ճանապարհին սովորականի պես գիրք էի կարդում: Ուզում էի այդ օրն ավարտել Փոլ Օսթերի “The Brooklyn Follies” –ը, որ հաջորդ օրը Ռոտերդամ գնալու ճանապարհին ուրիշ գիրք բացեմ:

    Ես քայլեցի դեպի Կենտրոնական կայարանի հետևը: Չգիտեմ՝ ասել եմ, թե չէ. այդ տեղն առաջին օրերին Աննան ինձ ցույց տվեց, և ես գնում էի, երբ մենակ էի լինում, իսկ ավելի ճիշտ՝ հոգնած չէի լինում, որովհետև միշտ էի մենակ, բայց միշտ այնտեղ չէի:

    Ջուր, բադեր, թեթև քամի, հանգստություն… Մի քանի էջ կարդացի ու նորից մրսեցի: Վեր կացա, որ ավելի հարմար տեղ գտնեմ: Կենտրոնական կայարանի միջով անցնելիս մտքիս մեջ “Գրքանմանի” հերթական, բայց երևակայական գլուխ էր ստեղծվում: Դա մի տեսակ տխուր թվաց. ասես մենակությունս սփոփելու վերջին… չէ, ի՞նչ վերջին… միա’կ հնարավորությունը լիներ: Ու աչքերս լցվեցին:

    Իսկ Կենտրոնական կայարանի դիմաց բազմություն էր հավաքված: Այնտեղ մարդիկ միշտ շատ են, բայց սովորաբար շտապում են. չեն ուզում ավտոբուս, տրամվայ կամ գնացք բաց թողնել: Բայց այս անգամ մարդիկ մի տեղում կուտակված էին: Երբ մոտեցա, նկատեցի, որ քրիստոնյաներ են, Ավետարան են քարոզում: Ինձ մի թերթիկ տվեցին, որի պարունակությունն առանց կարդալու էլ ինձ քաջ ծանոթ էր: Իսկ մի տղա բարձրաձայն ու սպառնալից տոնով Աստվածաշունչ էր կարդում: Եվ ես չկարողացա արցունքներս զսպել՝ սգալով թե սեփական միայնությանս, թե նրա համար, որ վերջերս Աստծո հետ քիչ եմ շփվում և դրա դեմ ոչինչ չեմ կարողանում անել: Կողքս կանգնած քրիստոնյաները երևի մտածեցին, որ ապաշխարողի արցունքներ են: Իսկ ես կարծեցի, թե դա առիթ է նրանց հետ ծանոթանալու, շփվելու, այլևս միայնակ չզգալու համար: Մի պահ նույնիսկ մտքովս անցավ՝ դեպի Ռոտերդամ ճամփորդությունս հետաձգել:

    Աչքերս սրբեցի ու գլուխս բարձրացրի: Նայեցի բորբոքված կարդացող տղային, հետո՝ թղթեր բաժանող աղջկան, վերջում՝ նրանց թիմի մնացած անդամներին հատ առ հատ, մեկ առ մեկ: Կոնտակտ չկար. նրանք այնտեղ չէին, նրանք չէին տեսնում ինձ: Խոսվում էր օդի մեջ, թերթիկներն օդին էին հանձնում: Ու՞մ էր պետք նրանց աշխատանքը, երբ մի քրիստոնյա իրենց աչքի առաջ իրենց է փնտրում, բայց նրանք տեղում չեն: Ու՞մ են պետք այն նորածին քրիստոնյաները, որոնք այս թերթիկները կարդալով հավատքի եկան, բայց հինգ րոպե անց ներկա կգտնվեն կրիշնայականների հավաքին:

    Ներկայացումը վերջացավ: Փողոցն անցա, հենվեցի մետաղյա բազրիքին ու սկսեցի գրել այս պատմությունը… Եվ ես միայնությունից ժպտում էի տրամվայում կողքս նստած կնոջը, հեծանիվ քշող աղջկան, այս փոքրիկին, որի տիկնիկն իմ կողքն է նստել: Ու ստանում եմ պատասխան ջերմ կրակները. գուցե օրվա համար հերիքի: Լուցկի ծախող աղջկան հիշեցի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.07.2009), Magic-Mushroom (05.07.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 12. Երբ վիրտուալը դառնում է իրականություն

    Գլուխ 12. Երբ վիրտուալը դառնում է իրականություն

    Այն ժամանակ ես տասնհինգ տարեկան դեպրեսված դեռահաս էի, որի մայրը գործուղվել էր Պրահա և որն ապրում էր եղբոր հետ, իսկ միակ մտերիմ ընկերուհին արդեն ծանր հիվանդ էր: Այդ ամենին ավելացնենք, որ ամառ էր, հետևաբար դեպրեսվելու ժամանակն անսահման էր: Ու էդպես մի օր իմ անկումային տրամադրությամբ հայտնվեցի AlanisUtopia ֆորումում: Այն ժամանակ տարված էի երգչուհի Alanis Morissette-ի երգերով: Հիմա էլ էնպես ոչինչ:

    Մտա ու սկսեցի գրառումներ անել: Զարմանալի էր. ինձ չափից դուրս լավ ընդունեցին: Եվ այդ սարսափելի պահերին, երբ ինքնասպանության մասին էի երազում, մարդիկ գտնվեցին, որ ինձ հետ պահեցին: Նրանք ինձ բնավ չէին ճանաչում, երբեք չէին տեսել, բայց շատ լավ էին հասկանում դեռահասային անկումներս, կիսում էին մենակությունս: Նրանք էին Պոլը, Լիկեն և Ռոզին: Առաջին երկուսը հոլանդացի են, երրորդը՝ իտալացի: Ու կապվեցի նրանց հետ, անչափ շատ սիրեցի: Աստիճանաբար այնպես ստացվեց, որ նրանք ինձ ավելի լավ ճանաչեցին, քան ինձ շրջապատող մարդիկ: Նրանք խորանում էին, նրանք տեսնում էին հենց ինձ:

    Ճիշտ է՝ այն ժամանակ շատ ուրիշ վիրտուալ ընկերներ էլ ունեի, բայց ամենամտերիմն ու թանկը 12-ամյա Լիկեն, 36-ամյա Պոլը և 27-ամյա Ռոզին էին: Իսկ իրականությունը մշուշ էր դառնում, կամաց-կամաց անհետանում էր: Իմ ամբողջ կյանքն ուտոպիայում էր: Եվ հենց այդ ժամանակ Իտալիան ու Հոլանդիան իմ երազանքի երկրները դարձան. ուզում էի Լիկեի, Պոլի և Ռոզիի հետ իրական կյանքում էլ շփվել:

    Տարիներ անցան: Այդ ուժեղ կապը կամաց-կամաց կորավ: Ռոզին արդեն ամուսնացել է, մի քանի ամսական աղջիկ ունի: Վաղուց նրա հետ չեմ շփվել: Լիկեն մեծացել է: Հազվադեպ ենք խոսում, այն էլ միայն Ամստերդամի ու Աննա Ֆրանկի մասին:

    Ու թեև սերն ու կապվածությունը կամաց-կամաց մարեցին, քանի որ դուրս եկա ինտերնետից և իրական կյանք մտա, երազանքը մնաց. դեռ ուզում էի մեկնել Հոլանդիա կամ Իտալիա:

    Եվ ահա մի օր հանկարծ երազանքս իրականանում է. ես գալիս եմ Հոլանդիա: Անմիջապես Պոլին տեղեկացնում եմ այդ մասին: Լիկեն էլ է իմանում, բայց հանդիպման մասին չի ակնարկում: Աննին, որը նույնպես իմ վիրտուալ մտերիմներից է ու որի մասին հաստատ մի օր առանձին երկար-բարակ կպատմեմ, հայտնում է, որ օգոստոսին արձակուրդ չունի, բայց մի շաբաթ-կիրակի անպայման Գերմանիայից կգա Հոլանդիա:

    Երբ պլանավորում էի Հոլանդիայում գտնվելուս շաբաթ-կիրակիները, այնպես ստացվեց, որ մեկը տրամադրվեց Ռոտերդամին, որտեղ Պոլն է բնակվում, իսկ մյուսը պիտի Աննիի հետ անցկացնեի: Հիմա դրանցից առաջինի մասին եմ պատմելու:

    Պոլի ասած ելքով դուրս եկա Ռոտերդամի Կենտրոնական կայարանից: Անմիջապես ճանաչեցի նրան: Ակնոցներով էր, սպիտակ շապիկով, կախ ընկած օվալաձև հսկայական փորով, որը կլորանում էր, երբ նստում էր, և մաշված ջինսե տաբատով, որը փորից մի քիչ ներքև կարկատան էր կրում: Երևի Պոլն էր արել, որովհետև շատ կոպիտ էր՝ իսկական տղամարդու ձեռքի գործ:

    Առաջարկեց մտնել խանութ գնումների: Երբ ուզում էի ինքս վճարել (վերջիվերջո, ընթրիքիս ու նախաճաշիս համար էր այդ ամենը, և Պոլը տարիների ընթացքում միշտ նեղվում էր փողի պակասից), թույլ չտվեց:
    - Ես հիմա շատ փող ունեմ,- ասաց,- մորս տունը ծախել եմ, և պարտքերս վճարելուց հետո ինձ քսանհինգ հազար եվրո մնացել է: Ճիշտ է՝ հարուստ չեմ: Շուտով իմ տունն էլ կծախեմ ու հիսուն հազար կունենամ: Այդ ժամանակ իսկապես հարուստ կլինեմ:

    Հասանք տուն: Մուտքի մոտի աստիճանները կոտրված էին:
    - Ժամանակ չեմ գտնում, որ նորոգեմ,- արդարացավ:
    Դուռը մաշված էր:
    - Անընդհատ ուզում եմ ներկել, բայց հետաձգում եմ:
    Մտանք: Դուռը ներսից փակվում էր առանց բանալու՝ զուգարանի դռան նման:
    - Այստեղ ապահով է. գողեր չկան:
    Երկար ու նեղ միջանցքով առաջ շարժվեցինք, աստիճաններով բարձրացանք:
    - Սա իմ հյուրասենյակն է,- ներկայացրեց Պոլը,- ես երկու բազմոց ունեմ, բայց ոչ մեկից չեմ ուզում հրաժարվել:
    Ճիշտ էլ անում էր, որովհետև մեկի վրա ես էի փռվում, մյուսի վրա՝ նա:

    Նույն հարկում էին նաև խոհանոցն ու զուգարանը: Առաջինը շատ փոքր էր ու կեղտոտ, վաղուց վերանորոգման կարիք ուներ: Իսկ զուգարանը տան միակ իդեալական մաքուր վայրն էր, որտեղից փնթիության հոտ չէր գալիս, սակայն մի անհարմարություն ուներ. լվացարան չկար: Դրա համար էլ բնական պահանջներդ հոգալուց հետո ստիպված ես լինում մի հարկ բարձրանալ, որ լողարանում լվացվես:

    Վերևում իմ ու Պոլի սենյակներն էին և լողարանը: Իմ սենյակի պատերից մեկը կտուրի թեքություն էր կրում: Կահավորանք առանձնապես չկար. մի մատրաս, որի վրա պետք է քնեի, սեղան, որի փոշին դարերով ոչ ոք չէր սրբել, մի աթոռ, որը որպես սեղան էր ծառայում, և ջարդած դռներով պահարան:

    Պոլի սենյակում այդպես էլ չեղա:
    - Դու համակարգիչ օգտագործելու՞ ես: Եթե այո, ապա ստիպված եմ այն ներքև իջեցնել, որովհետև սենյակս չեմ հասցրել հավաքել: Ամաչում եմ:
    Տան թափթփվածությունն ու կեղտոտությունը տեսնելուց հետո ես օրեր շարունակ երևակայությանս զոռ էի տալիս, որ պատկերացնեմ, թե ինչ աստիճանի կեղտոտ է, որ ամաչել է, որ մտնեմ:

    Լողարանը դուռ չուներ: Փոխարենը մուտքի մոտ մի պարան կար, վրան՝ սպիտակ սավաններ, որոնք վարագույրի պես կարող էիր քաշել լողարանից օգտվելու ժամանակ: Հատակին մի հսկայական փալաս կար: Այդպես էլ չհասկացա՝ ինչի համար է:

    “Մենակ տղամարդ է, դրա համար է տունն այս վիճակում”,- մտածեցի: Բայց աչքիս առաջ եկավ մեկ այլ մենակ տղամարդ՝ Շակը, որի մաքրասիրությունը նկարագրել հնարավոր չէ:

    Միայն փնթիությունն ու թափթփվածությունը չէին, որ իշխում էին այդ տանը: Աղքատությունը նույնպես իր խորը հետքն էր թողել: Եվ ես զարմանում էի, թե ինչպես էր այս միայնակ ու աղքատ մարդը, որը հաստատ ավելի շատ պատճառներ ուներ կյանքից դժգոհելու, քան ես, կարողանում ինձ աջակցել այն պահերին, երբ նույնիսկ ապրել չէի ուզում:

    Չեմ մանրանա ու չեմ նկարագրի, թե ինչ հավես ժամանակ անցկացրինք այդ երկու օրերի ընթացքում: Այստեղ ավելի շատ Պոլի մասին կխոսեմ:

    Թեև արդեն հինգ տարի էր, ինչ նրան գիտեի, այդ երկու օրերի ընթացքում շատ ավելի իմացա:
    Ես նկատել էի, որ անցյալում կենսաբանության հետ կապ էր ունեցել, որովհետև երբ դասերիցս էի պատմում, խելացի մեկնաբանություններ էր անում, երևում էր, որ հասկանում է:
    - Երազում էի քաղցկեղի բուժումը գտնելու մասին: Ուզում էի մի համակարգ ստեղծել, որը կգտներ քաղցկեղածին գեները և կվերացներ: Դրա համար կենսաբանության ֆակուլտետ ընդունվեցի և երկու տարի սովորելուց հետո դուրս մնացի: Մեղավորը նրանք էին, հետո ինձ հետ կանչեցին, բայց չգնացի:

    Գիտեի, որ ծրագրավորող է:
    - Ուստի որոշեցի քաղցկեղին մյուս՝ համակարգչային կողմից մոտենալ: Սակայն այդ ժամանակ հայրս մահացավ: Բոլորը համոզում էին, որ շարունակեմ ուսումս, բայց ես տրամադրություն չունեի: Հետագայում ծրագրավորման մասնավոր դասընթացներ գտա: Այսպես էր. շաբաթվա չորս օրը սովորում էի, մեկ օր՝ աշխատում: Երկու ամիս անց երեք օր էի սովորում, երկու օր՝ աշխատում: Ու այդպես այնքան, մինչև ամբողջ շաբաթը սկսեցի աշխատել: Աշխատավարձս կամաց-կամաց բարձրանում էր: Ամիսը 3500 եվրոյի չափ ստանում էի, և դա վատ չէր:

    Մեր ծանոթության հենց առաջին օրվանից ասել էր, որ մկնիկ բռնելու հետ ինչ-որ խնդիր ունի. ձեռքը թուլանում է: Այն ժամանակ ես լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը:
    - Ես չեմ կարողանում ձեռքերս երկար օգտագործել. ո’չ տպել, ո’չ արդուկել, ո’չ որևէ այլ բան անել: Դրա համար ոչ մի աշխատանք չեմ ճարում: Երևի միակ բանը, որ կարող եմ անել, ռեստորանի դռնապան աշխատելն է. ընդամենը պետք է դուռ բացեմ-փակեմ:

    Ես գիտեի, որ մենակ է ապրում, իմացել էի, որ մայրը մահացել է, բայց չէի պատկերացնում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի մտածել, թե որքան միայնակ է:
    - Ես միայն մի ընկեր ունեմ, որի հետ ժամանակ առ ժամանակ չինական ռեստորան եմ գնում: Հա’, մեկ էլ Ուտոպիայի անդամները: Ուրիշ ոչ ոք չունեմ:

    Ուրիշը լիներ, գուցե մտածեի, որ սուբյեկտիվ է. երբեմն ես էլ եմ նման մտքեր արտահայտում, բայց չէ’, Պոլը չէր չափազանցնում: Եթե նույնիսկ ոչինչ չասեր, տեսածս լիովին բավական էր, որ ուղեղիս մեջ տպվի նրա միայնության պատկերը:

    Բայց միշտ չէ, որ այդպես է եղել:
    - Երբ լավ էի վաստակում, սիրում էի ընկերներիս համար նվերներ գնել: Երբ հաշմանդամ դարձա, սկսեցին ավելի քիչ վճարել, և ընկերներս էլ կամաց-կամաց կորան:
    Այդ շաբաթ-կիրակին երազի նման էր: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հենց նույն Պոլն էր: Հետո՞ ինչ, որ լուսանկարների միջի գեր տղամարդուց չէր տարբերվում: Չէ՞ որ դա ընդամենը անշարժ պատկեր էր: Ես չէի տեսել նրան շարժվելիս, չէի լսել նրա ձայնը, չէի կերել նրա պատրաստած սպագետին:

    Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, և ես միայն մի պահ ընդունեցի, որ նույն մարդն է, երբ շաբաթ երեկոյան քնելուց առաջ ասաց իր մշտական MSN-ական հրաժեշտի խոսքը. “Goodnight sweetie.”

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.07.2009), Magic-Mushroom (05.07.2010)

  9. #5
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    40
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքանման

    Զարմացա, երբ հետաքրքրությունից ֆորումի մեջ որոնեցի «Հոլանդիա» բանալով, և գտա այս թեման: Բառարանի օգտագործելու հետ կարդացի առաջին գլուխները, մինչ պահը, որին առաջին անգամ ծովը տեսար (որևէ պատճառով ենթադրեցի, որ մեծ մասամբ ինքնակենսագրական պատմվածք է ... իհարկե ասա, եթե լիովին սխալվում եմ): Շատ հետաքրքիր ու հուզիչ է, մասնավորապես հատվածներ մաքսատնան օդանավակայանում, կարմիր լապտերների թաղամասում, ծովափում և այլն: Իմ հայերեն սովորելու համար պարզ գրելակերպդ շատ օգտակար է, իսկ էլ առաջին անգամ է որ այսպիսի հրաշալի տեսանկյանից եմ դիտում իմ բնակավայրն ու երկիրը: Անպայման շուտով կշարունակեմ կարդալ մինչև վերջ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (05.07.2010), StrangeLittleGirl (15.07.2009), Միքայէլ (15.07.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 13. Բոլոր հնարավոր տարբերակները

    Գլուխ 13. Բոլոր հնարավոր տարբերակները

    Սա ամենաձանձրալի գլուխն է: Մեծ հաճույքով բաց կթողնեի, բայց որովհետև գրել եմ, որոշեցի ամեն դեպքում տեղադրել:Ոչինչ, էս մեկը թռեք:

    Չեմ ուզում մոռանալ Ամստերդամում անցկացրած այդ հիանալի ամիսը: Ուզում եմ հիշել բոլոր վայրկյանները, զգացողությունները, փորձությունները: Եվ որպես այդ ամենի անբաժանելի մասնիկ ուզում եմ պատմել իմ սովորական աշխատանքային օրվա մասին:

    Ես կարթնանամ առավոտյան 6:10-7:10 ընկած ժամանակահատվածում: Կոնկրետ ժամը կախված է նրանից, թե երբ են ինձ կանչել հիվանդանոց: Իսկ դա կարող է խիստ տարբեր լինել (օրինակ՝ 8:10 կամ 8:25): Սովորաբար աչքերս բացում եմ զարթուցչի առաջին զնգոցից, բայց երբեմն մի քանի վայրկյան անց եմ արթնանում: Իսկ դա կախված է քնիս խորությունից: Ոտքի կկանգնեմ ու մի քանի վայրկյան շշմած շուրջս կնայեմ: Հետո կսթափվեմ, կմտնեմ ցնցուղի տակ, կհագնվեմ, անկողինս կհավաքեմ, այսինքն՝ մատրասս պատին կհենեմ, բարձս աթոռին կդնեմ: Դառը թեյ կխմեմ որևէ քաղցրավենիքով: Նորմալ նախաճաշել չեմ կարողանում. սիրտս խառնում է: Տանտերս կարող է դեռ քնած լինել կամ արդեն արթնացած: Ու նա կշրջի տնով մեկ՝ մենակ տրուսիկով:

    Կգնամ կանգառ: Ավտոբուսը կամ միանգամից կգա, կամ ստիպված կլինեմ սպասել ամենաշատը 14 րոպե: Այդ ընթացքում գիրքս կբացեմ, կկարդամ: Ավտոբուսով տասը րոպեում կհասնեմ Կենտրոնական կայարան, տրամվայ կնստեմ: Կես ժամ տևող ճանապարհի ընթացքում կամ կքնեմ ու կարթնանամ իմ իջնելու տեղից երկու-երեք կանգառ առաջ, կամ գիրք կկարդամ, կամ պարզապես կմտածեմ: Ու միայն մի անգամ այնպես էի քնել, որ աչքերս բացեցի, երբ տրամվայը հասել էր վերջին կանգառին, բոլորն իջել էին, նույնիսկ վարորդը:

    -1 հարկից կմտնեմ հիվանդանոց, նոր խալաթս կստանամ, կգնամ հանդերձարան, իրերս կտեղավորեմ պահարանիս մեջ, կվերցնեմ միայն ինձ անհրաժեշտը (հեռախոս, բլոկնոտ, գրիչ, ֆոնէնդոսկոպ, պահարանիս բանալին, օրակարգիս թուղթը և անպայման badge-ս): Կվազեմ առաջին հարկ, կքայլեմ դեպի պոլիկլինիկա: Օրվա առաջին կեսը մի բժշկի հետ հիվանդ ընդունելով կանցկացնեմ: Եթե շուտ վերջացնեմ, կվազեմ գրադարան, ինտերնետ կմտնեմ:

    Կեսօրին կքայլեմ դեպի ճաշարան: Կվերցնեմ իմ մշտական աղցանն ու սուպը, բայց երբեմն ուրիշ բան կփորձեմ ու կփոշմանեմ: Կնստեմ մի անկյունում, ինչպես միշտ՝ մենակ, ինչպես միշտ՝ լուռ, ինչպես միշտ՝ արագ: Հետո կգնամ ծրագրիս երկրորդ մասին՝ մեկ այլ, երբեմն՝ նույն բժշկի մոտ:

    Կվերջացնեմ ժամը չորսի կողմերը, երբեմն՝ շատ ավելի շուտ կամ շատ ավելի ուշ: Մի անգամ մինչև ժամը վեցը պրոֆեսոր Լիպսը պահեց, որովհետև ինձ հետաքրքրող հիվանդ կար ստացիոնարում:

    Ուրախացած կվազեմ -1 հարկ, իրերս կվերցնեմ, խալաթս կեղտոտ շորերի մեջ կուղարկեմ, և կանաչ լույս կվառվի, որ ընդունել է: Դուրս կգամ, կնստեմ տրամվայ: Կամ կեսից կիջնեմ, կթափառեմ, որոշ խանութներ կմտնեմ, իսկ վերջին օրերին՝ թանգարան թանգարանի հետևից կմտնեմ, ինչպես միշտ՝ մենակ: Երբեմն էլ մորաքրոջս կայցելեմ, միասին կընթրենք: Իսկ եթե հոգնած լինեմ, տուն կգնամ այնպես, ինչպես եկել էի: Տրանսպորտի մեջ կամ կկարդամ, կամ ոչ, բայց երբեք չեմ քնի:

    Թե տուն գամ, որևէ բան կուտեմ, հետո կնստեմ կոմպի մոտ, կխոսեմ զանազան մարդկանց հետ, մեյլեր կգրեմ: Գուցե գիրք կարդամ կամ գրեմ: Եթե նույնիսկ ահավոր հոգնած լինեմ, չեմ պառկի. միայն երկու անգամ եմ ցերեկը քնել՝ առաջին երկու օրերին:

    Ու միշտ-միշտ գիշերը ժամանակին կքնեմ: Կարթնանամ մոծակների տզզոցից ու խայթոցի քորից, կամ նրանք կորոշեն ինձ հանգիստ թողնել: Զանազան ու տարօրինակ երազներ կտեսնեմ, բայց հաճախ նաև զզվելի անքնություն կունենամ, որի պատճառով հաջորդ օրը ստիպված կլինեմ մի քանի անգամ սուրճ խմել:

    Իսկ եթե ուրբաթ լինի, կուրախանամ. շաբաթ-կիրակին տոն է:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (28.08.2009), Magic-Mushroom (05.07.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլուխ 14. Աննին, Միչը, Պոլն ու ես

    Գլուխ 14. Աննին, Միչը, Պոլն ու ես

    Իսկական 14-րդ գլուխը հանեցի, էս մեկը նոր հորինեցի, որովհետև ուղղակի չէի կարող Աննիին բաց թողնել: Էնպես որ շատ բաներ բաց եմ թողել, մոռացել, գուցե շփոթում եմ: Ինչևէ, սա վերջին գլուխն էր, սրան կհետևի վերջաբանը:

    Գերմանուհի Աննիի հետ նույնպես նույն ֆորումում եմ ծանոթացել, բայց իմ՝ այնտեղ գրանցվելու մի տարի հետո: Պրահայում էի գտնվում, երբ նրանից նամակ ստացա, ու այդպես սկսկվեց մեր մտերմությունը: Աննիին առանձնացնում եմ մյուսներից, որովհետև նրա դեպքում վիրտուալն այնքան էլ շատ չէր: Կարճ ժամանակ անց իրար նամակներ ու նվերներ էինք ուղարկում փոստով, իսկ մեր ծանոթությունից երկու տարի հետո նա եկավ Հայաստան... հատուկ ինձ տեսնելու համար: Հետո, մենք գիտեինք մեկս մյուսիս ամենանվիրական գաղտնիքները ու պինդ-պինդ պահում էինք:

    Հայաստան գալուց մի տարի հետո էլ հանդիպել ենք Գերմանիայում: Ես Դրեզդեն քաղաքում էի, և նա իր բնակավայրից եկավ-հասավ, որ ինձ տեսնի: Էնքան հետաքրքիր վիճակ էր: Դրեզդեն առաջին անգամ էր գալիս: Իսկ որովհետև ես արդեն գրեթե մի ամիս այնտեղ էի, տանում էի նրան տեսարժան վայրերը, հետաքրքիր ծակուծուկերը, թեև դրանք բավական քիչ էին այնտեղ:

    Հաջորդ տարի էլ միայն մի վիքենդով եկավ Ամստերդամ: Խնդրեց, որ Միչին՝ ֆորումի իր ընկերներից մեկին, որին գիտեի, բայց առանձնապես մտերիմ չէի, հետը բերի:

    Ես գնացի Կենտրոնական կայարան, որ նրանց դիմավորեմ: Առաջինը Միչը եկավ: Նկարները շատ էի տեսել, բայց երբ ռեալում ցցվեց դիմացս, մի պահ վախեցա: Երևում էր՝ որևէ հոդային հիվանդություն ունի, հավանաբար ռևմատոիդ արթրիտ, որովհետև ձեռքերի մատները խիստ դեֆորմացված էին, իսկ ինքը կաղալով էր քայլում:

    Տասը րոպե էլ չանցավ, երբ Աննիի գնացքն էլ ժամանեց, Պոլն էլ եկավ Ռոտերդամից: Ու մենք միասին սկսեցինք չափչփել Ամստերդամը: Գազանանոց գնացինք, որը, ասում են՝ ամենահինն է Եվրոպայում կամ ամենահներից մեկը: Բայց ինձ այնքան էլ դուր չեկավ. տեղը նեղ, կենդանիները ոչ այնքան բազմազան: Միակ լավ բանն այն էր, որ այնտեղ թիթեռների տուն կար: Էնքան հավես է. մտնում ես ջերմոցային մի տարածք, որտեղ մեծ-մեծ թիթեռներ են թռչում վրայովդ, գալիս, նստում մազերիդ, փախչում, չարաճճիություններ անում: Նման բան աշխարհի ոչ մի գազանանոցում չէի տեսել, բայց առանձին թիթեռների տանը եղել էի Վիեննայում: Հետագայում, երբ եկա ու ոգևորված սկսեցի պատմել, թե Վիեննայում էսպիսի բան կար, շատերը, չնայած այդ քաղաքում մի քանի անգամ եղել էին, զարմացան, որովհետև երբևէ չէին լսել թիթեռների տան մասին:

    Հետո էլի տարբեր տեղերում եղանք, զվարճացանք, կատակեցինք, վախեցանք: Ու շատ հաճախ սրճարաններում ու ռեստորաններում հաշիվը Պոլն էր փակում՝ իր սեփական պնդմամբ ու նախաձեռնությամբ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (28.08.2009), Magic-Mushroom (05.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրքանման 2. Անգլիա
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.08.2010, 12:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •