Ինչ կլինի, անպայման շարունակի:
Ինչ կլինի, անպայման շարունակի:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Գլուխ 10. Պլանավորված օրվա չպլանավորված ընթացքը
Գլուխ 11. (անվերնագիր ու փակագծերի մեջ) - այս մեկը գուցե չհրապարակվի չհասկացված լինելու ցանկություն չունենալու պատճառով, բայց որոշ մարդիկ, խոստանում եմ, կկարդան
Գլուխ 12. Երբ վիրտուալը դառնում է իրականություն
Գլուխ 13. Բոլոր հավանական տարբերակները
Magic-Mushroom (05.07.2010)
Կներեք երկար սպասացնելու համար… Սասունի երազած գլուխը
Գլուխ 5. Ցուցահանդե՞ս, վաճա՞ռք, վարձու՞յթ, տեսարժան վա՞յր… ի՞նչ
Մենք՝ Ամստերդամում մնացող նույն ծրագրով եկած ուսանողներս, ստիպված էինք սպասել, որ մնացած քաղաքներից ժամանածները պայուսակները մի տեղ թողնեին ու դուրս գային, որ միասին անցկացնեինք այսպես կոչված հասարակական ծրագրի առաջին օրը:
Զբաղմունք էր պետք գտնել… Հանկարծ մեկը (կարծեմ պորտուգալացի Բրունոն էր) առաջարկեց.
- Եկե՛ք գնանք կարմիր լապտերների փողոց:
Ժամանակին, երբ Ամստերդամի մասին լսում էի, միանգամից կարմիր լապտերների փողոցն էի պատկերացնում, որտեղ կան մարմնավաճառներ ու սեքս շոփեր: Ու կարծեմ մեկնելուց առաջ որոշել էի անպայման գնալ այնտեղ, տեսնել այդ ամենը, բայց երբ արդեն Հոլանդիայում էի, լրիվ մոռացել էի դրա մասին: Հնդիկ Վիկասը, սերբ Նիկոլասը և ես անմիջապես համաձայնեցինք, բայց լեհ Աննան չեմուչում էր անում (դրանից առաջ էլ թույլ չէր տվել սեքսի թանգարան գնալ. երևի նամուսով աղջիկ է): Ի դեպ, նա շատ նման է հայ ծիտիկի, միայն թե բնականանից է շիկահեր: Թե՛ այն, որ նույնիսկ երկար զբոսանքներին կարճ կիսաշրջազգեստով էր գալիս (բայց ի տարբերություն հայ աղջիկների, համարձակվում էր բարձրակրունկների փոխարեն համարձակվում էր սպորտային կոշիկներ հագնել, թե՛ փողոցի մեջտեղում դիմահարդարանքը «թարմացնելու» սովորությունը՝ պատճառաբանելով, որ ահավոր տեսք ունի, թե՛ «լավ» աղջկա կերպարի մեջ մնալու ձգտումը…
Մի խոսքով, մեզ հաջողվեց Աննային ոչ միայն համոզել, որ գա, այլև խնդրել, որ առաջնորդի. արդեն երկու շաբաթ էր, ինչ Ամստերդամում էր, քաղաքը մեզնից լավ գիտեր (մնացած չորսս նոր էինք ժամանել): Աննան էլ մոտավոր էր պատկերացնում, այնպես որ ստիպված եղանք երկար թափառել, մինչև տեսանք ցուցափեղկ, վերևում՝ կարմիր լամպ, հետևում՝ գեղեցիկ կազմվածքով գրեթե մերկ շիկահեր կին, որն էրոտիկ շարժումներ էր անում, մատներով «5» թիվը ցույց տալիս, որը, ինչպես հետո հասկացանք, նշանակում էր. «15 րոպեն 50 եվրո»: Երբ առաջ անցանք, նորանոր ցուցափեղկեր, կարմիր լույսեր ու կիսամերկ կանանց տեսանք: Որոշների վարագույրները փակ էին, լույսը՝ անջատված. ներսում հաճախորդ կար:
Ու տարածքում հարյուրավոր (այո՛, չեմ չափազանցում. իրոք այդքան կլինեին) տուրիստներ էին շրջում, հրճվում, զարմանում, զվարճանում: Լավ էր, որ գոնե լուսանկարել չէր կարելի, թե չէ տուրիստներից յուրաքանչյուրը վերադառնալով իր երկիր, էրոտիկ նոր ամսագիր կհիմներ:
- Սրանք բոլորը մոդելի կառուցվածք ունեն,- ասաց Նիկոլասը,- ես չաղերին եմ սիրում:
Երբ մի քիչ էլ անցանք, հայտնվեցին գեր ու սևամորթ կանայք: Նրանցից մեկը՝ ամենագերը, վախեցած նայում էր անցորդներին՝ ասես վստահ լինելով, որ այդ գիշեր ոչ մի հաճախորդ չի ունենալու:
Ու ես զարմանում էի, թե ինչպես են այդ կանայք թույլ տալիս, որ իրենց այդքան ստորացնեն (գիտեք, Հայաստանում էլ մարմնավաճառներ կան, բայց նրանք տուրիստների համար տեսարժան վայր չեն):
- Ես զայրանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվում այդ կանանց հետ,- մի անգամ ասաց վաղեմի հոլանդուհի մտերիմս՝ Լիկեն, երբ նրան MSN-ով պատմեցի, թե ինչ եմ հասցրել տեսնել Ամստերդամում:
- Բայց դա նրանց ընտրությունն է,- պատասխանեցի:
- Ո՛չ, այդպես չէ: Գուցե ոմանք իրենք են ընտրել, բայց համարձակվում եմ ասել, որ 70 տոկոսն իր կամքով չի այնտեղ: Նրանք արևելքից բերված ստրուկներ են: Բազմաթիվ լեհ, ռուս և այլ ազգերի կանանց հիանալի ապագա են խոստանում, խաբում, բերում Հոլանդիա ու ստորացնում:
Թրաֆիքինգ…
Իսկույն աչքիս առաջ եկավ գեր սևամորթուհու վախեցած դեմքը…
Magic-Mushroom (05.07.2010)
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Չնայած նշված գլուխները, դեռ մի բան էլ ավելի ձեռագիր տարբերակով կան, բայց ես դրանք չեմ հրապարակելու… Համենայնդեպս, գոնե հիմա, քանզի համապատասխան հոգեվիճակն արդեն անցել է: Փոխարենը ներկայացնում եմ մի ուրիշ բան…
Magic-Mushroom (05.07.2010)
Գլխից դուրս
Այն երկու օրերից մեկն էր Ամստերդամում, երբ աչքերս թրջվել էին: Պատկերացնու՞մ եք՝ ամբողջ մի ամսվա ընթացքում ընդամենը երկու անգամ էի արտասվել, մինչդեռ Երևան վերադառնալուց հետո 10 օր շարունակ աչքերս չէին չորանում:
Այն երկու օրերից մեկն էր, երբ ահավոր միայնակ էի զգում ու խոսել էի ուզում ինչ-որ մեկի հետ, բայց ոչ ոք չկար:
Այն երկու օրերից մեկն էր, երբ թափառելու, քայլելու, կորելու ցանկություն ունեի:
Բայց չգիտես ինչու քայլերս ուղղեցի դեպի Կենտրոնական կայարանի հյուսիսային կողմ՝ այնտեղ, որտեղ ջուր կա, բադեր, խաղաղություն, լռություն, հանգիստ, մաքուր օդ, մտքեր… Ու ես նստեցի, սկսեցի գրել: Ի՞նչ էր դա դառնալու: Հերթական զառանցա՞նք, «Գրքանմանի» գլու՞խ, նամա՞կ ուղղված ինչ-որ մեկին կամ ոչ ոքի: Ոչինչ, ոչինչ չդարձավ այն, որովհետև մեկ-երկու բառից հետո գրիչս մի կողմ դրեցի, տետրիս էջը պատռեցի ու հայացքս հառեցի ջրերին: Անթարթ նայում էի ներքև, մինչև դեմքս սկսեց կամաց-կամաց լվացվել տաք հեղուկով: Ես ինձ մոռացված էի զգում, լքված: Բոլոր հոգեկան կապերը թուլացել էին, և ես ընկնում էի ներքև: Ե՞րբ էի բախվելու գետնին… Հայտնի չէր:
- Որ ուզեք, կարող եք չարտասվել,- լսվեց մի ձայն:
Գլուխս բարձրացրի ու արագ-արագ սրբեցի արցունքներս: Մի տեսակ ամաչեցի, և մենակությունս ընդհատողը զգաց դա.
- Որ ուզեք, չեք ամաչի:
Ես արդեն կատաղել էի, բայց հանկարծ արցունքներից մշուշված տեսադաշտում ծանոթ դեմք նկատեցի: Երևի դա նպաստեց, որ մի գեղեցիկ ապտակ չստանա: Հետո միանգամից կարծեցի, թե հերթական պատրանքն է, բայց որովհետև շատ էի շփոթվել, անմիջապես բացականչեցի.
- Թո՞մ:
- Անունս գիտես… Ուրեմն իսկապես դու ես… Ես վստահ չէի. քեզ հետևից էի տեսնում, բայց սպասում էի, որ այստեղ կտեսնեմ քեզ… Եվ հետո տասը տարին քիչ չէ: Բայց չգիտեմ ինչու մոտեցա, չգիտեի, որ դու ես… Չէ՛, ենթադրում էի կամ ուզում էի:
- Թոմա՛ս:
- …Ի՞նչ ես անում այստեղ:
- Հենց այստե՞ղ, թե՞ Ամստերդամում ընդհանրապես:
- Ըըըը… Նոր զգացի, թե որքան բան չգիտեմ քո մասին:
- Ի՞նչ պիտի իմանայիր որ: Ընդամենը վեց ամիս ես ինձ հետ շփվել:
- Բայց լավ ժամանակներ էին, չէ՞:
- Հա՛, կյանքիս միակ հատվածն էր, երբ գնահատում էի ունեցածս:
- Չէ՛, ստում ես: Շատ լավ գիտեմ, թե որքան էիր տխրում, որ այլևս Մարիայի ու Էվայի հետ չես սովորում: Տեսնում էի, թե ոնց ես պայծառանում ֆիզկուլտուրայի օրերին, երբ նրանց տեսնելու հնարավորություն էիր ունենում:
- Որտեղի՞ց գիտես այս ամենը:
- Է՜հ, չե՞ս հիշում մեր համադասարանցիների փսփսոցներն իմ ու քո մասին:
- Հիշում եմ,- ու թեև ինձ չէի տեսնում, բայց զգացի, որ կարմրում եմ:- Ի դեպ, ո՞նց են մյուսները: Տեղեկություններ ունե՞ս:
- Ու՞մ մասին ես ուզում լսել:
- Ասենք, Սելմայի:
- Դու պատմիր:
- Ինչպե՞ս: Ախր ես նրան այնքան ժամանակ չեմ տեսել, որքան քեզ:
- Ոչի՛նչ, պատմիր:
- Դե… Սելման երևի մտերիմ ընկերուհիս էր: Պետք է որ Դիանան լիներ, բայց հենց մի քիչ անգլաերեն սովորեց, սկսեց ավելի շատ մյուսների հետ շփվել: Հիշոմ եմ՝ երբ ավտոբուսով լողի էինք գնում, և իմ զույգը Դիանան էր, մի տեղանոց նստատեղն էր զբաղեցնում, և ես մի տեսակ մենակ էի մնում: Մի անգամ էլ Սելման էր զույգս: Դիանայի վրեժը նրանից լուծեցի: Իսկ հետ գալուց զղջացի արարքիս համար. երկտեղանոց նստատեղը զբաղեցրի ու ցույց տվեցի, որ կողքս ազատ է, բայց Սելման արդեն մի տեղանոցի վրա էր: Ճանապարհին թաքուն հետևում էի նրան: Դեմքին տառապանք ու վիրավորանք կար. երևի ինձնից նման բան չէր սպասում: Մինչև հիմա աչքիս առաջ է:
- Տեսնու՞մ ես: Լավ էլ պատմում ես: Մի անգամ երբ ամբողջ դպրոցով հավաքվել էիք դահլիճում, դու ու Սելման ինչ-որ բան էիք փսփսում, և ձեզ նկատողություն արեցին… Այդ ի՞նչ կարևոր հարց էիք քննարկում:
- Հեչ, նա հարցնում էր, թե մենք ինչ կրոնի հետևորդ ենք: Ես ասացի, որ քրիստոնյա ենք: Նրան նույն հարցը տվեցի, սակայն նա մռայլվեց ու պատասխանեց. «Մենք մուսուլման ենք»: Բայց դե կարծում եմ, որ դա չխանգարեց մեր շփմանը: Իրականում երկուսս էլ միայն պիտակ էինք կրում, ոչ մի կրոնի հետևորդ էլ չէինք… Լավ, բավական է՝ անցյալի գիրկն ընկնենք:
- Չէ՛, սպասի՛ր: Իսկ ֆուտբոլը հիշու՞մ ես… Որ Ռիվոն կռիվ էր սարքում, երբ իր թիմը պարտվում էր, որ աղջիկներով մեզ հավասար խաղում էիք, որ…
- … Սելման առաջին աղջիկն էր, որ գոլ խփեց:
- … Իսկ Դայնան ամենաշատ գոլ խփած աղջիկն էր… Սելման շատ ուժեղ է տպավորվել: Իսկ իմ մասին որևէ բան կհիշե՞ս:
- Իհարկե, Թոմաս Ուոլենս:
- Ազգանունս չես մոռացել: Դա արդեն լավ է:
- Հիշում եմ, որ ճաշի ժամին բոլորը բարձրացել էին վերև, բայց դու ինձ համոզում էիր, որ քեզ հետ մնամ ներքևում: Մյուսները սկսեցին փսփսալ, թե դու ինձ ես սիրահարվել, դրա համար ուզում ես ներքևում ինձ հետ մնալ: Որպեսզի չասեն, թե ես էլ քեզ եմ սիրում, կարծեմ վերև բարձրացա ու քեզ մենակ թողեցի:
- Լավ չես հիշում. դու մնացիր ինձ հետ անկախ ամեն ինչից:
- Ուրեմն այնքան էլ կարևոր չէր:
- Չգիտեմ…
- Հիշում եմ, որ հորդ աշխատանքի բերումով շատ երկրներում ես եղել, անգամ՝ Բուրկինա Ֆասոյում:
- Վատ չէ…
- Չեմ մոռացել, որ այն կորեացի աղջկան ջարդված գերմաներենով փորձում էինք բացատրել, որ ֆիզկուլտուրայի ժամն է: Ու որ նա ծիծաղում էր մեզ վրա:
- Հիշու՞մ ես միստեր Թաքուեյին ու միսս Ռոբերտսոնին:
- Հա՛, միսս Ռոբերտսոնն իմ իդեալն էր: Ուզում էի նրա պես նկարել սովորել:
- Լավ, արդեն ցուրտ է: Կգա՞ս գնանք որևէ բան խմելու:
- Ո՛չ:
- Ես գնում եմ:
- Ու՞ր:
- Տուն:
- Բայց քիչ առաջ այնքա՜ն միայնակ էիր երևում:
- Ճիշտ ես… Թո՛մ, ուրախ էի, որ քեզ տեսա ու վերհիշեցի իմ մանկության լավագույն պահերը: Բայց գիտես, ես իմ ունեցածը կորցնելուց հետո եմ գնահատում: Ընդամենը մի քանի վայրկյան անց կափսոսամ, որ այսպես քեզ թողեցի, գնացի: Գուցե մի օր էլի հանդիպենք, չգիտեմ…
- Բյուրա՜կն:
- Թո՛մ…
Շարունակում եմ հատուկ Ծովինարի խնդրանքով…
Գլուխ 6. Հոմոսեքսուալիզմի և սեքսի շաբաթ օր
Շակի ասած «գեյերի մայրաքաղաք» արտահայտության ճշմարտացիության մեջ համոզվեցի միայն այն ժամանակ, երբ ներկա գտնվեցի գեյերի շքերթին…
Ամստերդամի կենտրոնում՝ կամուրջների վրա, ջրանցքներից մեկի շուրջ լիքը մարդիկ էին հավաքվել: Մենք՝ տարբեր երկրներից եկած մոտ 30 բժիշկ-ուսանողներս, հազիվ հարմար տեղ ճարեցինք, որ գոնե կիսով չափ կարողանանք տեսնել ջրում կատարվողը: Այս առումով բոյովների բախտը բերել էր. նրանք հանգիստ տեղավորվել էին մոտակա շենքի առաջին հարկի պատուհանագոգերին ու երևի ամբողջությամբ տեսնում էին շքերթը: Իսկ ես հազիվ մի ծակ գտա, խցկվեցի և կարողացա մոտավոր պատկերացում կազմել:
Ջրանցքներով հերթով նավեր էին անցնում, որոնց վրա բազմաթիվ տղամարդիկ ու կանայք, ինչպես նաև անհայտ սեռի ներկայացուցիչներ էին գտնվում: Մի մասը կիսամերկ էր, մյուսները՝ կարնավալային հագուստներով, զանազան համազգեստներով, զիզի-բիզի զարդարանքներով: Երաժշտությունն այնքան բարձր էր, որ իրար հետ գոռալով էինք խոսում: Նավերի վրա բոլորը պարում էին, ուրախանում: Բոլորը gay էին: Հանդիսատեսն էլ պասիվ չէր. բարձրահասակ հոլանդացիները չէին զլանում, միանում էին պարին, շարժում իրենց հոլանդական տուտուզները:
Սկզբում հետաքրքիր էր, հետո՝ զվարճալի, հետո՝ ձանձրալի, վերջում՝ զայրացնող. շքերթի պատճառով քաղաքում խցանում էր գոյացել: Չէ՛, ձեզ հայտնի երևանյան իրար գլխի լցված, հնարավոր բոլոր ուղղություններին նայող մեքենաները չէին, որ խանգարում էին: Ամստերդամում մարդկանց խցանում էր գոյացել. փողոցներով քայլելու համար հերթ պետք է կանգնեիր:
Երբ ձանձրացա, հանգիստ թողեցի ու հեռացա. այստեղ ազատ ես, ոչ ոք քեզ համար չի անհանգստանում: Դա մի կողմից լավ է. կարող ես ուզածդ անել, և ոչ ոք հանդիմանական տոնով քեզ չի ասի. «Ու՞ր էիր»: Մյուս կողմից էլ տխուր է, որ չկա մեկը, որ գիտես քեզ համար պատասխանատվություն է զգում:
Ինչևէ, մի քիչ զբոսնեցի ու վերադարձա: Այդ ժամանակ աղջիկներից մեկն ինձ հարցրեց.
- Հայաստանում գեյեր կա՞ն:
- Հա՛, կան, բայց աշխատում են թաքցնել. հասարակությունը նրանց չի ընդունում:
- Քիչ առաջ հայկական նավ անցավ…
- Զարմանալի է:
- Երևի ձեզ մոտ չեն ընդունում, դրա համար էլ գալիս են այստեղ:
Ավելի ուշ Դավոն հաստատեց, որ եռագույնն է տեսել նավերից մեկի վրա:
Գիտեք, մտածում եմ, որ մի օր էլ կարելի է հետերոսեքսուալիստների շքերթ կազմակերպել: Եթե մարդիկ այդքան ուրախանում են, տոնում իրենց միասեռականությունը, ինչու՞ մենք էլ մեր սեռական կողմնորոշումը գովերգող միջոցառումներ չանենք… Բայց ո՞րն է հետերոսեքսուալիստների մայրաքաղաքը:
Թեև սկզբում մոտ 30 հոգով էինք, բայց հետո այնքան իրար գտանք-կորցրինք, որ մնացինք ես, Աննան, հույն Նատաշան և Նիկոլասը: Դավոն էլ հասցրեց մեզ գտնել: Այնպես որ, հինգով էինք:
Աննան առաջարկեց Ռեմբրանտի թանգարան գնալ: Մի քանի ժամ փնտրեցինք, քարտեզն անգիր արեցինք, մինչև գտանք: Բայց այդ օրն արվեստի օր չէր. թանգարանը փակ էր: Նատաշան գնաց, իսկ ես մյուսներին առաջարկեցի սեքսի թանգարան գնալ: Ի զարմանս ինձ, Աննան չմերժեց. երևի նամուսը թռցրել էին նրա գրպանից Ամստերդամի մարդաշատ փողոցներում.
- Լավ, այս օրը հոմոսեքսուալիզմով սկսել ենք, թող սեքսով էլ ավարտվի:
… Երբ արդեն ներս էինք մտել, ես փորձում էի գտնել լուսանկարելն արգելող նշանը: Չկար: Հետ վերադարձա ու տոմս վաճառողին դիմեցի.
- Լուսանկարել կարելի՞ է:
- Քեզ՝ այո:
Հետո հասկացա, թե ինչ էր նշանակում նրա դեմքի տարօրինակ արտահայտությունը. ասես ցանկանար ասել. «Թե էդքան համարձակություն ունես, լուսանկարիր. քեզ ոչ ոք չի արգելում»:
Իրոք, թանգարանի պարունակությունն այնպիսին էր, որ ինձ նման հայ «համեստ» աղջիկը չէր ցանկանա որևէ մեկի ցույց տալ, ավելին՝ չէր էլ ուզենա պատմել, որ նման տեղում է եղել:
Կային խուժան տիկնիկներ, առնանդամների արձաններ, ծաղրանկարներ և այլ տարօրինակ բաներ, որ ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի: Մի սենյակ կար, որն անգամ ինձ նման «ամեն ինչ տեսած» փչացած բժշկի համար էր սարսափ: Դռան վրա գրված էր, որ թույլ նյարդերով մարդիկ չմտնեն: Ես էլ, լինելով շատ զգայուն, բայց միևնույն ժամանակ ինադ անող, առանց երկար-բարակ մտածելու մտա:
Չգիտեմ, թե ով է իմ ընթերցողը, ու վստահ եմ, որ թույլ նյարդերով մարդիկ կա՛մ չգիտեն իրենց այդ հատկանիշի մասին, կա՛մ ինձ նման ինադ անող են, և հաստատ զգուշացումս կանտեսեն ու կկարդան: Հետո էլ կմեղադրեն գրածիս համար կամ էլ կասեն, թե անամոթ աղջիկ եմ: Դրա համար նախընտրում եմ չպատմել, թե ինչ կար այդ սենյակում:
Մի ամբողջ հարկաբաժնում Նոյի թվի սև ու սպիտակ պոռնո նկարներ էին: Դրանց իմաստը չհասկացա. չէ՞ որ այսօր ինտերնետը և Ամստերդամը լիքն է ավելի որակով, գունավոր պատկերներով: Լավ, մեկ-երկու պատմական նմուշը հասկանալի է. բա չիմանա՞նք, թե ինչի շուրջ էին հավաքվում 60-70-ականների տղամարդիկ… Բայց մի ամբողջ հարկաբաժինն ահավոր էր… սրտխառնոցի աստիճան:
Իսկ ես այնքան էլ բարի պտուղ դուրս չեկա. մի քանի լուսանկարներ արել եմ: Չէ՛, դրանք էն «փչացածներից» չեն: Ավելի շուտ զվարճալի են ու հետաքրքիր: Մասնավորապես, ինձ վախեցրեց աչքով անող ու ծիծաղող հետույքը, որը մեկ-մեկ էլ թսում էր, բայց հոտ չէր գալիս (էդ մեկը չափից դուրս կլիներ), իսկ կարմիր լապտերների փողոցի հին ու լավ ժամանակների մինի տարբերակում հավես էր զբոսնելը: Դրանք էլ հենց անմահացրի իմ լուսանկարչական սարքով:
Երբ տուն եկա, տանտիրոջս սենյակից տնքոցներ լսեցի: Հյուրասենյակում մոմեր էին վառված:
Magic-Mushroom (05.07.2010)
քանի որ քեզ հատուկ է պատկերավոր խոսքը, բնական է, որ բովանդակությունը տեղ-տեղ զզվելի էր
Ես Ամստերդամում չէի ապրի...
Դե՛, էլի եմ խնդրում, շարունակի՛ր...![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 27.12.2007, 23:27:
Չէ՛, Ծո՛վ ջան, մի՛ շտապիր հիասթափվել: Ամստերդամը շատ բազմակողմանի քաղաք է, ես էլ փորձում եմ հենց դա ներկայացնել: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի:
Magic-Mushroom (05.07.2010)
Հետաքրքիր էր մեկ անգամ լսածը կարդալ արդեն շարադրված մտքերով: Առաջին անգամ թե միայն փորձում էի պատկերացնել ձեր ապրումները, հիմա մտքերով ապրում էի ձեր հետ![]()
Ծովինարի սիրած գլուխը…
Գլուխ 7. Ծովը
Ծովը լավ բան է: Ինչու՞ Հայաստանը չունի: Չէ՛, երևի լավ է, այլապես ծովափին կփոխարինեին շարան-շարան սրճարանները, սրա-նրա օբյեկտները կամ էլ կփորձեին ծովի մակերեսը փակել, որ ավտոճանապարհներ կառուցեն…
- Ու՞ր կհասնեմ, եթե այսպես լողալով գնամ,- հետաքրքրվեց ինդոնեզիացի Անդին:
- Կխեղդվես,- կատակեց Յոլանդան:
- Չէ՛, լուրջ:
- Դե սա Հյուսիսային ծովն է, որն էլ կապվում է Ատլանտյան օվկիանոսի հետ: Մյուս կողմում Ամերիկան է:
- Փաստորեն, ծովն արևմուտքում է:
- Այո՛:
Կիրակի առավոտյան քնել էի ուզում, բայց Յոլանդայի զանգն ինձ արթնացրեց: Առաջարկում էր պիկնիկից հետո ծովափ գնալ: Ես անմիջապես համաձայնեցի ու նորից քնեցի:
Ընդհանրապես, Ամստերդամում հեշտ է ուշանալ: Ես՝ քնկոտս, բացառություն չէի: Թվարկեմ պիկնիկից ուշանալուս պատճառները, դուք որոշեք, թե որոնք էին ինձնից կախված, որոնք՝ Ամստերդամից:
Նախ, տնից ուշ դուրս եկա: Հետո մի ավտոբուս բաց թողեցի, որը, չգիտես ինչու, մեր կանգառում չկանգնեց: Իսկ կիրակի օրերն ավտոբուսները կես ժամը մեկ են գալիս: Տեղն էլ չգիտեի, ստիպված էի փնտրել: Այգին գտնելուց հետո անգամ մերոնց չէի տեսնում. այն շա՜տ մեծ էր, Աննային միանալ չէր լինում, իսկ մյուսների համարները չունեի:
Այս ամենը եթե գումարենք, երկու ժամ ուշացում կստանանք, որի համար բացարձակապես չզղջացի:
Ուսանողները շրջանով նստել էին, նրանցից մեկը կիթառ էր նվագում, իսկ մյուսները երգում էին: Ես ինձ շրջանից դուրս զգացի. նույնիսկ իմ սիրելի երգերի ժամանակ ամաչում էի նրանց միանալ: Այնպես որ երբ քիչ անց Յոլանդան առաջարկեց գնալ ծովափ, ուրախությամբ համաձայնեցի: Աննան ու Վիկասը համոզում էին, որ մի քիչ էլ մնանք: Բայց քանի որ արդեն բավական ուշ էր, Յոլանդան նրանց առաջարկեց գալ այն ժամանակ, երբ ուզում են. մենք սպասել չէինք ուզում: Սիրում էի նրա այդ կտրուկությունը: Նա ասում էր, որ երբ առաջնորդ ես, ստիպված ես երբեմն ոչ այնքան հաճելի բաներ անել:
Ես, Յոլանդան, ինդոնեզիացի Անդին ու Ալնին ճանապարհ ընկանք:
Ծովափն ահավոր մարդաշատ էր. ամառվա ընթացքում առաջին արևն էր, և բոլորն առիթից օգտվել էին: Յոլանդան մեզ զգուշացրել էր, որ այնտեղ մերկ կրծքերով կանանց կտեսնենք: Նախորդ օրվա տեսածներիցս հետո դա ընդամենը մանկական մուլտֆիլմ էր:
Անդին ու Ալնին սկսեցին շուրջբոլորը լուսանկարել: Ես խեցիներ էի հավաքում (ընկերուհիներս սիրում են դրանցով զարդեր պատրաստել), իսկ Յոլանդան արևի տակ քնել էր: Ինդոնեզիացիները լողագգեստ չունեին, հետևաբար չէին լողալու, բայց ափամերձ տարածքում ես ու Ալնին մինչև ծնկները մտանք ջրի մեջ, մի քիչ զբոսնեցինք:
Ես կյանքիս մեջ առաջին անգամ էի ծով տեսնում, թեև շատ եմ ճամփորդել: Եվ ուրախ էի: Համեմատում էի այն մեր խղճուկ Սևանի հետ: Գիտեմ, անհաջող տարբերակ է. Սևանն առաջին հերթին լիճ է, բայց նորը գնահատելու համար պետք է ինչ-որ բանի հետ համեմատես, իսկ ես բացի Սևանից ուրիշ ոչինչ չունեի:
Ավազը փափուկ էր, տաք: Բոբիկ քայլելը հաճելի էր, ցավոտ չէր: Ոտքի մատներով հավաքում էի ավազը ու կլանում ողջ ջերմությունը: Միայն թե ոտքիս տակը քոր էր գալիս. հոլանդացի մոծակի շնորհքն էր:
Ջուրը սառն էր: Տաք ավազից հետո հաճելի էր այդ սառնությունը: Ալնին ու Անդին մնացել էին մեր իրերը հսկելու, իսկ ես ու Յոլանդան ջուրն էինք մտել:
- Լողա՞նք:
Շատ առաջ էինք գնացել, բայց ջուրը մեր գոտկատեղից էր: Կամաց-կամաց ընկղմվեցինք ջրի մեջ ու սկսեցինք լողալ՝ սկզբում դանդաղ ու զգույշ, հետո ավելի աշխույժ: Արևից հետո ներծծվում ես ծովի սառը ջրով… Մրսում ես, բայց հաճելի է: Հետո նորից կանգնում ես ու որսում արևի բոլոր ճառագայթները՝ հուսալով, որ կտաքանաս: Կամաց-կամաց մարմնիդ վրայի ջրի կաթիլները գոլորշանում են, և այլևս չես մրսում: Ջուրը նորից կանչում է: Որոշում ես դեպի ափ լողալ: Գլուխդ բարձր ես պահում, որ մազերդ չթրջվեն, սակայն հետևից ալիք է գալիս ու քեզ պինդ գրկում: Ջուրը բերանդ է լցվում. աղի է: Շուրթերդ մրմռում են: Դուրս ես գալիս ու պառկում արևի տակ: Ջուրը գնում է, աղն է մնում: Դա կարդում ես դիմացինիդ դեմքին. նրա թարթիչները սպիտակել են:
Ես արևից չէի պաշտպանվել, բայց բացարձակապես չվառվեցի. ծովափի արևն ինձ գուրգուրում էր, ոչ թե այրում:
Տուն մտա հոգնած-հանգստացած: Ցնցուղը մաքրեց մարմնիս վրայի աղը:
- Այսօր ծովա՞փ ես գնացել,- հետաքրքրվեց Շակը:
- Այո՛:
- Լողարանի ավազից ենթադրեցի:
Magic-Mushroom (05.07.2010)
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄՈԾԱԿ
Բյու՛րս, էն վերջին պարբերությունում ինձ քո տեղում էի զգում։ Այնքան իրական ու պատկերավոր։
Ամեն անգամ չեմ ասելու...շարունակի՛ր...
Վերջին խմբագրող՝ Ծով: 28.12.2007, 21:53:
Եթե անկեղծ ասեմ, էդ վերջին պարբերությունն ինձ շա՜տ է դուր եկել: Կարելի է ասել, ամբողջ «Գրքանմանի» ամենասիրածս մասն է: Երբ հավաքում էի էդ մասերը, նորից ամեն ինչ զգում էի: Կարծում եմ՝ դա այն հազվագյուտ դեպքերից է, երբ կարողացել եմ զգացածս փոխանցել:Բյուրս, էն վերջին պարբերությունում ինձ քո տեղում էի զգում։ Այնքան իրական ու պատկերավոր
Magic-Mushroom (05.07.2010)
Լավ էր…
Ամստերդամում էլ եղա
Մերսի: Սպասում եմ շարունակությանը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ