Սատրապական Հայաստանի XVIII ապստամբություն
(1071)
Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071) հայ մնալու ու ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ տարվող պայքարի հերթական փուլն էր և իր արմատներում ուներ Բյուզանդական կայսրությունում հայ ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանության խնդիրը: Այս ապստամբությունը, թեև ամենից առաջ ստացել էր գահակալական պայքարի բնույթ, բայց ավելի խորքային արմատներով արտահայտում էր XI դարի երկրորդ կեսում Բյուզանդիայում աստիճանաբար թուլացած հայկական տարրի շահերը և վերջնական հաշվով խնդիր ուներ ապահովել կամ Սատրապական Հայաստանի ազատագրումը, կամ էլ այստեղ հայերի ավելի լայն իրավունքների ձեռք բերումը: Ապստամբությունը ավարտվեց անհաջողությամբ:
Հիմնական իրադարձություններ
1071 սեպտեմբերի սկիզբ – Ամասիայի ճակատամարտ
1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճակատամարտ, ապստամբության ավարտ
Ապստամբության ընթացքը
Մանազկերտի ճակատամարտից հետո գերված Ռոմանոս IV-ի փոխարեն կայսր հռչակվեց Միքայել VII-ը: Շուտով, սակայն, Ռոմանոսը ազատվեց գերությունից և փորձեց հետ գրավել գահը: Ստեղծված պայմաններում 1071 սեպտեմբերի սկզբին կայսր Միքայելի բանակը (մոտ 10.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) Ամասիայի ճակատամարտում (Կապադովկիայի հյուսիս) հաղթեցին գերությունից ազատված ու կայսրության գահին վերահստատվել փորձող Ռոմանոս IV-ի բանակին (մոտ 7.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000): Հետագա պայքարը շարունաելու նպատակով Ռոմանոսը հաստատվեց Կիլիկիայում:
1071 սեպտեմբերի կես – Ադանայի ճ-մ
I փուլ – Միքայել VII-ի բանակը (մոտ 8.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000 զինվոր) հարվածեցին Անտիոքի դուքս Խաչատուրի և Ռոմանոս IV-ի բանակի (մոտ 5.000 զինվոր, այդ թվում ֆրանկներ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 2.000 զինվոր) ձախ թևին, որտեղ տեղակայված ֆրանկները դավաճանաբար անցան հակառակորդի կողմը և դիմեցին փախուստի:
II փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները փախուստի մատնեցին նաև կենտրոնում գտնվող հակառակորդի հեծելազորին և հետևակին ու հաղթանակ տարան:
III փուլ – Միքայել VII-ի բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները առանց լուրջ մարտերի գրավեցին Ադանան:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 700, պարտվողներից հայերը՝ մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 2.000 զինվոր: Ռոմանոս IV-ը և Խաչատուրը գերվեցին: Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը ճնշվեց: Ռոմանոսը կուրացվեց, աքսորվեց և կարճ ժամանակ անց մահացավ, իսկ Միքայել VII-ի իշխանությունը վերջնականապես ամրապնդվեց:
Էջանիշներ