Զուլքադարյանների հավակնությունները օրեցօր աճում էին, սակայն այս անգամ էլ նրանց վիճակված չէր առաջինը լինելու:
1468 թ-ի հունվարի 30-ին մամլուքների մոտ տեղի ունեցավ հերթական հեղաշրջումը և իշխանության եկավ Կաիտ-բեյը` ալ-Աշրաֆ Սեյֆ-էդ-Դին Կաիտ-բեյ աս-Զահիրին (1468-1496): Նոր սուլթանը, որը գահին բազմեց 52 տարեկան հասակում, խելոք ու եռանդուն, թեև որոշակիորեն նաև սահմանափակ մի անձնավորություն էր: Դեռևս Բարսբեյի օրոք մանուկ Կաիտին գնել էին Կովկասում ու տեղափոխել Եգիպտոս, որտեղ էլ վերջինս կարողացել էր աչքի ընկնել և առաջխաղացում ապրել: Բարսբեյին հաջորդած բոլոր սուլթանների օրոք էլ Կաիտը կայուն աճ էր ապրել, իսկ հատկապես վերջին սուլթանների օրոք նա արդեն զբաղեցնում էր բարձր ռազմական պաշտոններ բանակում ու պալատում: Կաիտ-բեյի օրոք Մամլուքյան սուլթանությունը մի վերջին անգամ ուղղեց մեջքը և, հիմնականում հաղթահարելով երկրի առաջ ծառացած խնդիրները, հասավ “Բուրջիներ”-ի դարաշրջանի իր ռազմա-քաղաքական գագաթնակետին: Այս ամենով հանդերձ, սակայն, Կաիտ-բեյը ուներ նաև բացասական կողմեր. հանդիսանալով “մամլուքյան ավանդույթներ”-ի իսկական մի կրող, Կաիտը ուներ խիստ պահպանողական հայացքներ և նրա օրոք դեռևս նախկին սուլթանների օրոք սկիզբ առած այն գործընթացը, երբ սուլթանությունը ավելի ու ավելի էր փակվում ինքն իր մեջ և հետ էր մնում համաշխարհային զարգացումներից ու գիտատեխնիկական նոր նվաճումներից, ավելի խորացավ…
Էջանիշներ