1389 թ-ի վերջին “Բահրիներ”-ը հաջող դավադրություն կազմեցին և, գահընկեց անելով ու բանտարկելով Բարքուքին, սուլթան հայտարարեցին տասներեքամյա աս-Սալիհ Սալահ-էդ-Դին Հաջիին: Ընդ որում հակաբուրջիական ուժերի ավանդական հենարանն էր քոչվոր աշխարհին առավել մոտ տեղակայված Ասորիքը, որտեղ խիստ ակտվիացել ու զգալի ազդեցություն էին ձեռք բերել Զուլքադարյանները և Ռամազանօղլիները: Բարքուքի տապալման գործում ևս ակտիվ դերակատարություն ունեցան հենց սրանք:
Սակայն “Բուրջիներ”-ը ևս չէին պատրաստվում հեշտորեն զիջել այդքան մեծ ջանքերով ձեռք բերված դիրքերը: 1390 թ-ի սկզբին նրանց հաջողվեց բանտարկությունից ազատել Բարքուքին, որից հետո արդեն գահընկեց անել ու քաղաքական ասպարեզից վերջնականապես հեռացնել աս-Սալիհ Սալահ-էդ-Դին Հաջիին: Դրանից հետո “Բահրիներ”-ը վերջնականապես ոչնչացվեցին: Սա իրոք որ “Բահրիներ”-ի վերջն էր: Վերջ, սրանից հետո “Բահրիներ”-ը արդեն ուղղակի վերացան:
Կատաղած Բարքուքի ջանքերով սուլթանությունում սկիզբ առած հակաբահրիական ալիքը հասավ նաև Կիլիկիա և օգտակար եղավ նաև հայերի համար: 1390 թ-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Դաշտային Կիլիկիան` ծանր հարվածներ հասցնելով Զուլքադարյաններին և Ռամազանօղլիներին: Սակայն դեպի լեռներ խցկվելու մամլուքների փորձը ավարտվեց անհաջողությամբ. Կոստանդին V-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակին (մոտ 10.000) հաջողվեց պահել դիրքերը: Ընդ որում Բարքուքին ևս առանձնապես պետք չէր ընդհարվել հայերի հետ: Մամլուքյան սուլթանը շատ լավ գիտակցում էր, որ ինքը բանակային հիմնական ուժերով վաղ թե ուշ պետք է լքի Կիլիկիան, իսկ դրանից հետո թուրքմենները կրկին գլուխ կբարձրացնեն: Այս պայմաններում պետք էր տեղում ունենալ գոնե մի ուժ սրանց հակակշռելու համար: Հայերը այդ դերի համար ավելի քան հարմար էին և հենց դրա համար էր, որ Բարքուքը բավարարվեց Կոստանդին V-ի կողմից ներկայացված հաշտության թեթև պայմաններով…
Էջանիշներ