1355 թ-ի գարնանը Կոստանդին III-ի ու սպարապետ Լիպարիտ Քաջ Օրբելյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակի (մոտ 40.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 100.000) ասպատակեց Ադանայի ու Տարսոնի շրջակայքը և նահանջեց: Հենց այս մարտերում էր, որ առաջին անգամ փայլեց նորանշանակ սպարապետ Լիպարտի Քաջ Օրբելյանի անունը:
Ընդհանրապես, Օրբելյանները Սյունիքից էին, բայց այնպես էր ստացվել, որ 1312 թ-ին դեպի Ասորիք կատարված արշավանքի ժամանակ Լիպարտի պապ Լիպարիտը` Օրբելյանների հայտնի իշխան ու Սյունիքի ամենազոր տեր Սմբատի (1253-1273) որդին, գերի էր ընկել ու մնացել էր Մամլուքյան սուլթանությունում: 1324 թ-ին վերջինիս հաջողվել էր ազատվել գերությունից, բայց դրանից հետո նա այլևս չէր վերադարձել Սյունիք, այլ մնացել էր Կիլիկիայում: Հայերի կողմից այդքան սիրված սպարապետը հենց այս Լիպարիտի տղա Թորոսի որդին էր: Զորավարական մեծ ունակություններով ու հսկայական ֆիզիկական ուժով աչքի ընկնող Լիպարտի Քաջ Օրբելյանը անմնացորդ կերպով նվիրեց իրեն Կիլիկիայի թագավորության պաշտպանության դժվարին գործին ու բազում մարտերում դրսևորած իր քաջագործությունների համար դարձավ իր ժողովրդի սիրելի հերոսներից մեկը:
Էջանիշներ