Հայ-Մամլուքաղարամանյան II պատերազմ
(1330-1337)
1330 թ-ի նոյեմբերի 25-ին Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) ծովից հարձակվեց Կիլիկիայի թագավորության վրա, բայց սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) Այասի ճ-մ-ում ջախջախեց վերջինիս: Շուտով, սակայն, պարզվեց, որ սա միայն սկիզբն էր: 1331 թ-ի գարնանը թշնամին արդեն ավելի մեծ ուժերով ծովից կրկնեց հարձակումը և այս անգամ արդեն կարողացավ գրավել Այասը սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության համառորեն պաշտպանվող բանակից (մոտ 1.000):
Գրավելով Այասը` Հայոց թագավորության կարևորագույն քաղաքներից մեկը, Մամլուքյան սուլթանությունը առժամանակ դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները և սկսեց ամրապնդվել ձեռք բերած դիրքերում: Մարտական գործողություններում ի հայտ եկավ հարաբերականորեն երկարատև մի դադար, որը, սակայն, Հայոց արքան որևէ կերպ չօգտագործեց հօգուտ իր երկրի: Ավելին, 19 տարեկանում այրիացած արքան, մի կողմ թողած իր երկրի հոգսերը, լիովին նվիրվել էր հերթական ամուսնության հարցին: Եվ ահա 1332 թ-ի գարնանը Լևոն IV-ը մեծ հանդիսավորությամբ տոնեց իր երկրորդ ամուսնությունը Սիցիլիայի արքա Ֆեդերիկո II-ի (1295-1337) դուստր Էլեոնորայի հետ: Ընդ որում, օգտագործելով առիթը, Լևոնը արդեն պաշտոնապես ընդունեց կաթոլիկությունը և սկսեց հալածել հակաունթորներին: Այս ամուսնությունից հետո, իրեն խորհրդատու կարգելով մի շարք եվրոպացիների ու կաթոլիկություն ընդունած հայերի, հերթական խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդրանքով Հայոց արքան շարունակեց դիմումներ հղել Հռոմի պապին ու Եվրոպական արքունիքներին: Սակայն այս ամենը որևէ օգուտ չտվեց հայերին, իսկ Ֆրանսիայի արքայի դեսպաններին, որոնք Կահիրեում փորձել էին որոշակիորեն մեղմել մամլուքների սուլթանի դիրքորոշումը, վերջինս ուղղակի կոպտեց ու վռնդեց իր երկրից…
Էջանիշներ