1298 թ-ի հունիսին, ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո, Հեթում II-ը հերթական անգամ հրաժարվեց գահից և, այս անգամ արդեն արքա հռչակելով իր եղբայր Կոստանդինին` Կոստանդին I-ին (1298-1299), կրկին դարձավ վանական: Սակայն 1299 թ-ի ապրիլին իր կողմնակիցների ճնշման տակ Հեթում II-ը փոխեց մտադրությունը և պահանջեց Կոստանդինից գահը վերադարձնել իրեն: Կողմերը համաձայնության չեկան, իսկ Կոստանդինը ապավինեց կրկին երկիր վերադարձած Սմբատի օգնությանը: Հեթում II-ը, սակայն, 1299 թ-ի ապրիլին Սիսի ճակատամարտում պարտության մատնեց իր փոքր եղբայրներին, որոնք պատսպարվեցին Բյուզանդիայում:
Միաժամանակ, ինչպես արդեն ասվել էր, խնդիրներ կային նաև Իլխանությունում: Արտուխյանները ամրացել էին իրենց քաղաքներում ու ամրոցներում և նրանց հնազանդեցնելու վրա Մահմուդ Ղազանը ծախսեց 1298 թ-ի մնացած մասը և 1299 թ-ի առաջին կեսը, իսկ Իլխանության Փոքր Ասիական մասի կառավարիչ Սուլամիշն էլ անցել էր բացահայտ անհնազանդության:
Այս ամենը որոշակիորեն ոգևորեց "Բուրջիներ"-ին, որոնք որոշեցին հարձակվել Հայոց թագավորության վրա և կայծակնային հաջողությամբ ավելի ամրապնդել իրենց դիրքերը: Սակայն այս անգամ, բարեբախտաբար, թշնամու ներխուժման պահին Կիլիկիայի թագավորությունում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել էր և երկիրը կրկին գտնվում էր միասնական ղեկավարության ներքո: 1299 ապրիլի վերջին "Բուրջիներ"- կորպուսը (14.000) ծովից ափհանում իրականացրեց Այասի մոտ, սակայն գրեթե անմիջապես էլ սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) բաց ճակատամարտում ջախջախեց վերջիններիս: Խայտառակ պարտության մատնված ու ծանր կորուստներ կրած “Բուրջիներ”-ի մնացորդները դժվարությամբ հասան իրենց նավերին ու վերադարձան Կահիրե:
Շուտով սեփական ներքաղաքական խնդիրները լուծեց նաև Իլխանությունը. 1299 թ-ի ամռանը Արտուխյանները ի վերջո կրկին հնազանդվեցին, իսկ 1299 մայիսի 1-ին էլ Քեսուն գավառի ճ-մ-ում Հեթում II-ի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 5.000) հաղթեց Սամոսատից առաջխաղացած Սուլամիշի բանակին (1.200), որի արդյունքում, ինչպես արդեն ասվել է, Սուլամիշը ընդմիշտ “դուրս եկավ խաղից”: Ավելին, գրեթե միաժամանակ էլ խնդիրներ առաջացան արդեն մամլուքների մոտ: Կրած ծանր պարտությունից հետո “Բուրջիներ”-ի ու Բեյբարսի դիրքերը թուլացել էին, բայց “Բահրիներ”-ի ու Սալարի դիրքերն էլ չէին ամրացել, քանի որ “Բահրիներ”-ի մեջ դեռևս շատ էին Ասորիքում կիսաանկախ դրություն պահպանած Քիթ-Բուղայի կողմնակիցները, որը գնալով իր կողմն էր գրավում Սալարի կողմնակիցներին: 1299 թ-ի ամռանը Քիթ-Բուղայի դրդումով Ասորիքում գտնվող մանկահասակ սուլթանի, ինչպես նաև Բեյբարսի ու Սալարի դեմ դավադրություն կազմվեց, բայց այն վերջացավ անհաջողությամբ: Ու թեև շատերին էր հայտնի, թե ով է իրական դավադիրը, սակայն Քիթ-Բուղան այդպես էլ չպատժվեց: Ավելին, նույն տարվա վերջերում էլ Սալարը ու Քիթ-Բուղան համաձայնության եկան և վերջինս կրկին հայտնվեց Կահիրեում, թողնելով Բեյբարսին տրվել ընդամենը անզոր կատաղությանը…
Այսպիսով արդեն տարվա վերջին կարծես թե ոչինչ չէր կարող ստիպել Իլխանությանը հապաղել և անսահմանորեն վճռական տրամադրված Մահմուդ Ղազանը ձեռնամուխ եղավ մարտական գործողությունների վերսկսմանը…
Էջանիշներ